«Մարտի 1-ի գործը փակված չէ»,- երեկ ԱԺ-ում տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Պատասխանելով պատգամավորների հարցերին, նա հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրված արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը․
«Միքայել Հարությունյանին և գործող ամբաստանյալների՝ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրված արարքը, հատուկ նորմի հակասահմանադրական ճանաչելուց հետո, իր նկարագրությամբ համապատասխանում է այդ արարքին վերաբերող ընդհանուր նորմին՝ 309 հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն: Ընդ որում՝ դա ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում», — ասաց գլխավոր դատախազը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, սակայն, Գլխավոր դատախազությանը մեղադրեց Մարտի 1-ի գործը փակուղի մտցնելու համար, միևնույն ժամանակ նշելով՝ այդ ամենում իր մեղքի բաժինն ունի նաև Սահմանադրական դատարանը։
«Դատախազությունը համառորեն գնում էր հենց այդ ճանապարհով՝ շատ լավ հասկանալով, որ ի վերջո եղել է հանցավոր համագործակցություն իշխանության բոլոր կառույցների, ինստիտուտների միջև», — ասաց Բաբաջանյանը:
Մարտի 26-ին ՍԴ կայացրած որոշմամբ, երկրորդ նախագահին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվել էին հակասահմանադրական և անվավեր։ Դրա հիման վրա գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը դադարեցրեց նրանց քրեական հետապնդումը և արդարացրեց ավելի քան 2,5 տարի մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Այս աղմկահարույց որոշումից հետո Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ևս պահանջ ներկայացրեց ոչ թե վերաորակել մեղադրանքը, այլ արդարացնել իրեն։
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` գեներալ-գնդապետը մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։ Դեռևս մարտի 30-ին Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով դադարեցնել քրեական հետապնդումը և արդարացնել Հարությունյանին, բայց քննիչը պատասխանել է, որ որոշում ընդունելու համար էական հանգամանքներ պետք է պարզվեն․
«Մեղադրանքը վերաորակելու որևէ անհրաժեշտություն չկար։ Եթե գործով անցնող մյուս մեղադրյալներն արդարացվել են, ինչո՞ւ նախկին նախարարը չպետք է արդարացվի։ Մեղադրանքը վերաորակվում է լրացուցիչ ապացույցների ժամանակ, իսկ այս դեպքում որևէ լրացուցիչ ապացույց չի ներկայացվել։ Միայն անհրաժեշտությունից ելնելով` կարող է արարքը վերաորակվել։ Երբ մենք համադրում ենք քրեական դատավորության օրենսգրքի մի շարք հոդվածներ, ակնհայտ է դառնում, որ պետք է գործի քննության ընթացքում նոր ապացույցներ ձեռք բերվեն, նոր հանգամանքներ ի հայտ գան, որոնցից կբխի՝ անձը կատարե՞լ է ոչ թե այս հանցագործությունը, այլ` մեկ ուրիշը»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Սարդարյանը։
Փաստաբանը, «անհիմն» որակելով Հարությունյանին նոր մեղադրանք ներկայացնելը, նշեց, որ նախաքննական մարմինը և գործի համար պատասանատու անձիք կատարել են հանցագործություն, ուստի պատրաստվում է բողոքներ ներկայացնել Դատախազության դեմ։ Սարդարյանի պնդմամբ՝ ՍԴ որոշումից հետո իր պաշտպանյալը հետապնդվել է ապօրինի՝ գոյություն չունեցող հոդվածով, իսկ մեղադրանքն էլ վերաորակել են իրենց դիմումից հետո, երբ հարց են բարձրացրել այդ մասին․
«Ակնհայտ է, որ այդ վերաորակումը ոչ թե նպատակ է հետապնդում անձի գործողություններին ճշգրիտ իրավական, քրեաիրավական որակում տալ, այլ ուզում են ինչ-ինչ պատճառներով, ոչ քննության անհրաժեշտությունից ելնելով, ուղղակի պահել մեղադրյալի կարգավիճակում»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործը չի կարելի փակված համարել, քանի որ այն բեկումնային է եղել մեր պատմության մեջ, ուստի Հայաստանի այսօրվա վիճակը, ի թիվս այլ հանգամանքների, շատ լուրջ դեր են ունեցել այդ օրերի իրադարձությունները․
«Եթե նախորդ իշխանությունները, ովքեր արյունալի իրադարձությունների հեղինակներն էին, ամեն ինչ անում էին, որ գործը չբացահայտվի՝ կոծկում էին, փոխում իրեղեն ապացույցները, գործի ընթացքում խեղաթյուրումներ մտցնում, ապա Փաշինյանի թիմը եկել էր հանձնառությամբ, որ գործը կբացահայտեն, սակայն իրենց անհետևողական վարքով հասցրեցին նրան, որ գործն ավելի մեծ փակուղի մտավ։ Սա բոլորովին չի նշանակում, որ գործը պետք է համարենք ավարտված, բայց շատ բարդ է այս իրավիճակից դուրս գալը»,- Forrights-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Հարությունյանը հավելելով՝ շատ հանգամանքեր խոսում են այն մասին, որ գործը կանխամտածված է մտել փակուղի․
Ըստ իրավապաշտպանի՝ եթե մենք ունենայինք նորմալ արդարադատության համակարգ, Մարտի 1-ի գործի բոլորովին այլ ընթացք և հանգուցալուծում կունենար,
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում վերջին երեք տարիներն, բերեց և հանգեցրեց Սահմանադրական դատարանի որոշմանը, խայտառակ պատերազմին և մյուս ձախողումներին։ Մենք 2018 թվականի ապրիլ-մայիսին իշխանության ենք բերել անգործների և անկարողների, որոնք պետք է տապալվեին և տապալվեցին»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: