«Հեղափոխությունից հետո քրեակատարողական հիմնարկներում արմատական բարեփոխումներ չեն եղել»,- այս մասին Forrights-ի հետ զրույցում ասում է ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը, նշելով. «Միակ բանն այն է, որ սկսել են գործել օրենքները: Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, օրենքը չէր գործում, միայն թղթի վրա էր գրված»:

Արթուր Մկրտչյանն ասում է, որ նախկինում պատժի կրման ռեժիմի փոփոխություններ տեղի չէին ունենում, իսկ հիմա դանդաղ առաջընթաց կա: «Ոչ մի տարբերակով չէիր կարող հասնել նրան, որ ռեժիմի փոփոխություններ լինեին կամ վաղաժամկետ ազատություններ: Դեպքեր կան, որ ցմահ դատապարտյալներն ազատվել են»,- ասում է նա:

Արթուր Մկրտչյանը կարեւոր է համարում ցմահ դատապարտյալների տեսակցությունների թվաքանակի ավելացումը: «Մինչեւ պատժի կրման 20 տարին լրանալը մեկ տարվա մեջ երկու երկարաժամկետ տեսակցություն են թույլ տալիս: Ինձ թվում է պետք է այս տեսակցությունները շատ լինեն: Ես հասկանում եմ, որ ցմահները առանձնապես ծանր հանցագործություն են կատարել, բայց պատժել ընտանիքից կտրելով, չի կարելի: Այդ տեսակցությունները լավ ազդեցություն են ունենում, դատապարտյալնն իրեն սկսում է այնպես դրսեւորել, որ շուտ վերադառնա ընտանիք»:

Արթուր Մկրտչյանն անազատության մեջ է արդեն 26  տարի: Նրան մեղադրում են 5 ծառայակիցների սպանության համար: 26  տարի  անազատության մեջ գտնվող Արթուր Մկրտչյանը Forrights-ի հետ զրույցում բարձրաձայնում է նաեւ այնպիսի խնդիրների մասին, որոնք առաջին հայացքից մանրուք են թվում, բայց ազատազրկվածներին հոգեբանորեն ճնշում են:

«Մենք սեւ համազգեստով ենք, հսկանում եմ՝ սա պետական կառույց է, կան կանոններ, բայց համազգեստը մարդու նկարագիրն է: Թույլ չեն տալիս մարդն իր ներաշխարհին համապատասխան հագուստ կրի, մարդուն կաշկանդում են: Սա պետք է հագնես ու վերջ»,- եզրափակում է նա:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest