Համաներումը չի տարածվի պատերազմի ժամանակ զորակոչից խուսափածների նկատմամբ

67

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծին, որով համաներում կհայտարարվի զինծառայությունից խուսափածների նկատմամբ, նշել է, որ այն չի տարածվի պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների վրա:

Այս մասին Բադասյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ականջալուր լինելով մեր բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ ընդլայնել ենք համաներման ակտի կիրառման շրջանակները: Այս համաներման շահառուներին հնարավորություն է տրվելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին ներկայանալ քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։ Համաներումը չի՛ տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Բադասյանն ընդգծել է, որ նախագծով նպատակ են ունեցել հնարավորություն ընձեռել համաներման շահառուներին ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու, հիմքում ունեցել են հետպատերազմյա հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը և առաջանորդվել են մարդասիրության և համերաշխության սկզբունքներով:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: