«Այս վարույթի հարուցմամբ ուղիղ ցանկանում են միջամտել իմ անկախությանը»․ դատավոր

67

Արդարադատության նախարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ է հանդես եկել։ Դատավորի պնդմամբ՝ պատճառը ամիսներ առաջ վարչապետի մահափորձի գործով մեղադրյալ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելն է եղել։

«Ինձ համար սպասելի էր այդ վարույթի հարուցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի առնչությամբ մամուլում մինչ այս տարատեսակ կարծիքներ են հնչել պաշտոնատար անձանց կողմից»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել՝ վարչապետի սպանությունը նախապատրաստելու հոդվածով և մի ձայնագրություն հրապարակել, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ հանրապետական Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։ Ըստ իրավապահների՝ նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։ Ու չնայած ներկայացված ծանր քրեական հոդվածին՝ մեղադրյալներից ոչ մեկն այդպես էլ չկալանավորվեց։

«Ես մերժել եմ Մինասյանին կալանավորել՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, ինչից հետո Գլխավոր դատախազությունն իմ կայացրած որոշումը բողոքարկել է վերաքննիչ ատյան, սակայն Արմեն Բեկթաշյանն այն թողել էր անփոփոխ։ Գործը հսկող դատախազը տեղեկանք է կազմել, իբր որոշումը դուրս է եկել օրինականության սահմաններից, թեև ինձ համար անհասկանալի են այս ձևակերպումները»։

Նշենք, որ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ Դատական օրենսգրքի, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին մի շարք դեպքերում, օրինակ, երբ դատավորի գործունեությունը հեղինակազրկում է դատական իշխանությունը, կամ էլ՝ դատավորը դիտավորությամբ, կամ անփութությամբ խախտել է վարքագծի կանոնները․

«Այս վարույթի հարուցմամբ ուղիղ ցանկանում են միջամտել իմ անկախությանը, ինչը վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու: Կլինի երկու թե տասը կարգապահական վարույթ, միևնույն է, դա չի ստացվելու իրենց մոտ, ավելի լավ է չաշխատեմ, քան աշխատեմ այնպես, ինչպես որոշ մարդիկ են պատկերացնում։ Իմ պնդմամբ ԲԴԽ-ում քննությունը կլինի հրապարակային, և այդ ժամանակ հանրությունը կտեսնի՝ ո՞ւմ դատական ակտն էր պատճառաբանված կամ չպատճառաբանված, օրինական կամ անօրինական, ո՞ւմ միջնորդությունն էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր»,- ասում է  Արման Հովհաննիսյանը:

Քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Գևորգ Գյոզալյանը զգուշավոր կարծիք հայտնեց, նշելով, որ կսպասի վարույթի քննությանը, որ հասկանա՝ վարույթն իրականացնող մարմինն ի՞նչ փաստեր է առաջ բերում ԲԴԽ նիստին․

«Միանշանակ պետք չէ հիմնվել ինչ-որ կառույցի կամ մարդու ասածի վրա, սակայն նշեմ, որ ծանր մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում, որ անձը պետք է անպայման կալանավորվի։ Նախ դա խափանման միջոցի ամենախիստ տեսակն է, բացի այդ՝ սկզբում պետք է ապացուցել մեղադրանքի հաստատակամությունը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Գյոզալյանը։

Փաստաբանի համար, սակայն համոզիչ չեն նաև դատավորի համոզմունքը, որ վարույթ հարուցելով փորձել են ճնշել նրա անկախությունը։ Գյոզալյանի կարծիքով՝ այսօր շատ հեշտ է բղավել, որ քաղաքական հետապնդման զոհ է․

«Ժամանակներն են այդպիսին, մենք պետք է կարողանանք ճշմարտությունը ակնհայտ կեղծիքից տարբերակել»,- հավելում է փաստաբանը։

Ռոզա Վարդանյան