«Տղերք, ձեզ հո բան չի՞ եղել». Մահացու վիրավորում ստացած զինվորի վերջին խոսքերը

674

44-օրյա պատերազմի հենց առաջին րոպեներին ժամկետային զինծառայող Ալբերտ Բախշյանը իր վեց ծառայակիցների հետ Մատաղիսում հայտնվել է շրջափակման մեջ: Երկու օր անց նրանց հաջողվել է դուրս պրծնել թշնամու ճիրաններից: Սակայն հոկտեմբերի 22-ին` մոր ծննդյան օրը նա ծանր վիրավորում է ստանում եւ 18 օր անց հիվանդանոցում մահանում է:

Պատերազմի մասին իմանալուն պես զինվորի հարազատները փորձել են կապվել նրա հետ, հասկանալ, թե որտեղ է նա, արդյուք ամեն ինչ նորմալ է, թե ոչ:

«Երկու օր նրանից խաբար չեղավ: Երրորդ օրը մեծ տղաս գիշերը հերթական անգամ զանգեց ու Ալբերտը պատասխանեց… հետո պարզվեց, որ պատերազմը երբ սկսվել է, ինքը առաջին գծում կանգնած վեց ընկերներով ընկել էին միանգամից շրջափական մեջ: Երկու օր շրջափակման մեջ թուրքերի հետ կռիվ տալուց հետո գիշերը կոմբատը ականապատված դաշտով գնում ու էրեխեքին հանում է դուրս: Ալբերտի հետ ծառայած, հետո զորացրված տղան երբ եկավ արդեն, ինքը պատմեց: Պատմեց, որ այնքան էինք մինամյոտով կրակել, որ դրա տակի թասը կես մետր մտել էր հողի մեջ: Հետո զինամթերքը արդեն վերջացել է, որովհետեւ այդ երկու օրվա մեջ անընդհատ կրակելով պաշտպանվել են: Հետո արդեն, ռուսերեն ասած, բլիժնի բոյով` ավտոմատի կռվով շրջափակումից բոլորով դուրս են գալիս ու ոչ մեկին ոչ մի բան չի լինում»,- պատմում է զինվորի հայրը՝ Արմեն Բախշյանը:

Շրջափակումից ազատվելուց հետո առաջին հեռախոսային խոսակցության ժամանակ Ալբերտը ոչինչ չի ասել ծնողներին, անգամ չի ասել, թե որտեղ է գտնվում: Միայն վստահեցրել է, թե ամեն ինչ լավ է ու ինքը ապահով վայրում է: Դրանից հետո էլ օրեր շարունակ ծնողները սպասել են որդու զանգին, հույս են ունեցել, որ գոնե հոկտեմբերի 22-ին նա կկարողանա զանգահարել ու շնորհավորել մոր ծնունդը:

«Մինչեւ գիշերվա երեքը նստեցինք սպասեցինք, չզանգեց: Առավոտյան իր ընկերներից մեկի ծնողը զանգեց, թե երեխու հետ կապնվել եմ, Ալբերտը վիրավորվել ա, տարել են Ստեփանակերտ»:

Ստեփանակերտից ծնողներին հայտնել են, որ Ալբերտին տեղափոխել են Երեւան: Նրանք շտապել են հիվանդանոց ու այնտեղ գտել որդուն. «Պարզվեց, որ վիրավորումից հետո, երբ որ իրան բերում են Ստեփանակերտ, բավական շատ արյուն է կորցրած լինում, երկու ոտքը ամպուտացնում են, տեղափոխում են Երեւան, այստեղ էլ անընդհատ պահում են արհեստական կոմայի մեջ, որ չարթնանա, ցավերը չզգա»,- պատմում է հայրը:

Ալբերտի կյանքի համար պայքարը շարունակվում է մինչեւ նոյեմբերի 8-ը: Այդ օրը նա մահնում է:

Արմեն Բախշյանն ասում է` որդին մահացու վիրավորում էր ստացել թշնամու նետած ականի պայթյունից. «Ականը ընկել էր նրա վրա, հենց կողքը: Զինակիցը պատմեց, որ տղաս գիտակցությունը կորցրել էր, հետո ուշքի էր եկել… երբ դրել են Շտապ օգնության մեքենան, ընկերները ամբողջ ճանապարհին հետը գնացել են, ամբողջ ճանապարհին ասել է. «Տղերք, ձեզ հո բան չի՞ եղել» »:  

Անի Գևորգյան