Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզումը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում և սոցցանցերի հայկական տիրույթում։ Նախորդ տարի՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ՝ տեղադրված արձանը յուրահատուկ բարեկամական ժեստ էր պաշտոնական Նյու Դեյլիի նկատմամբ։

Թե ինչն էր պատճառ հանդիսացել մեծ հումանիստի արձանի պղծմանը, դեռևս պաշտոնապես հայտնի չէ, սակայն Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ ոստիկանությունն այնքան խիստ միջոցներ պետք է կիրառի, որ բացառվեն վանդալիզմի նմանօրինակ դեպքերը․

«Մենք խստորեն դատապարտում ենք արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել այս նողկալի արարքի կատարմանը»,- իր խոսքում նշեց Կարապետյանը։

Մաշտոցի ոստիկանական բաժնում արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում դեպքի առթիվ: հետևանքով վնասվել են արձանն ու պատվանդանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս խստորեն դատապարտել էր Գանդիի վանդալիզմը: ԱԳՆ-ի գնահատամբ՝ սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ․

«Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թեև մինչ օրս որևէ հստակ պատասխան չկա, թե ինչու պղծվեց հուշարձանը, այնուամենայնիվ Գանդիի հետ կապված աղմուկը գրեթե համընկավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հետ։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն ապրիլի 24-ին Twitter-ի իր էջում փոքրիկ գրառում կատարեց, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը․․․»։ Բայց մի քանի ժամ անց գրառումը խմբագրվեց և «ցեղասպանություն» բառը հանվեց։

«Հայ հնդկական բարեկամություն» ՀԿ-ն շտապեց հաղորդագրություն տարածել, կոչ անելով չտրվել սադրանքներին և չհետևել խմբավորումների կողմից կատարվող անհիմն մերկապարանոց հայտարարություններին․

«Ցավոք սրտի արձանի պղծումը հետևանք է այն անհիմն հակաքարոզչության, որը վերջին օրերին տարածվում էր որոշ շրջանակների կողմից։ Նման անպատվաբեր քայլերը արջի ծառայություն են մատուցում մեր երկրին, և սեպ են խրում մեր և բարեկամ հնդիկ ժողովրդի միջև։ Թեև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է արտահայտել իր տեսակետը նման հարցերի վերաբերյալ, այնուամենայնիվ, դա պետք է արվի ավելի քաղաքակիրթ կերպով՝ առանց հնդիկ ժողովրդի զգացմունքները ոտնահարելու կամ մեր երկրների միջև ամուր բարեկամական կապերի վրա ստվեր գցելու: Կոչ ենք անում զերծ մնալ Մահաթմա Գանդիի անունը շահարկելուց կառավարության հետ քաղաքական հարցեր լուծելիս»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վերհիշում է խորհրդային տարիները, երբ Հայաստանում միայն քաղաքական գործիչների կամ շատ ակտիվ ստեղծագործողների արձաններ էին տեղադրվում։ Ըստ նրա՝ Գանդիի արձանի պղծումը ոչ թե նրա փիլիսոփայության կամ ապագաղութացման գործունեության դեմ է, այլ երևույթը մի կողմից՝ զգայական, մյուս կողմից՝ քաղաքական․

«Գանդիի արձանի կանգնեցման դեմ արտահայտվողներ եղել են մինչ դրա տեղադրումը, և եթե քաղաքական կարևոր խնդիր էր հուշարձանը դնելը, ապա պետք էր նախ աշխատել հասարակության այն մասի հետ, ովքեր ինտենսիվ ակտիվ դեմարշավներ էին կազմակերպում։ Սակայն նման աշխատանք չտարվեց և պատշաճ մակարդակով չներկայացվեց խնդրի բուն էությունը։ Արձանն այրելով որոշ մարդիկ ցանկանում էին իշխանության դեմ իրենց զայրութն արտահայտել, մյուս մասն էլ երևի մտածում էր՝ ի՞նչ մի լավ բանի համար է Գանդին Հայաստանում արձանի արժանանում։ Ցանկացած պարագայում վանդալիզմը խիստ բացասական երանգ ունի։ Մեզ մոտ դեռ չեն հասկացել մշակույթ մատուցելու ճիշտ արվեստը»,- Forrights-ի հետ զրույցում իր մտահոգությունն էլ հայտնում ազգագրագետը։

Հավելենք, որ Հնդկաստանի առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել է դեռ նախորդ տարվա ապրիլի 18-ին՝ 43 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով։

Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը` առանց չարության, կրակոցների։ Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Գանդին նաև մարդու իրավունքների պաշտպան էր, նրա ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում որպես «Ոչ բռնության» օր:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest