Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից եկեղեցում տարվող «շինարարական աշխատանքներին»:
«Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածում: Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է»,-նշել է ՄԻՊ-ը:
Նա շեշտել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարվել է Արցախում հայկական քրիստոնեական մշակույթը ալբանիզացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն, որը բազմիցս քննադատության է արժանացել պատմաբանների և մշակութաբանների կողմից մի պարզ պատճառով, այդ փորձերը հիմնազուրկ են թե՛ պատմական ժամանակագրության, թե՛ մշակութային- ճարտարապետական առանձնահատկությունների տեսանկյունից։
«Եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչև այսօր չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան: Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին մենք ամեն օր ենք բարձրաձայնում՝ միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնելով կատարվողի մասին»,-նշել է Ստեփանյանը:
Նա հավելել է, որ հարցը քննադատություններից կամ կոչերից այն կողմ չի անցնում, այնինչ հստակ քայլեր են պետք։ ՄԻՊ-ը նկատել է, որ թողտվությունն ու անպատժելիությունն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: