2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը կանցկացվի փակ նիստում։ 71 կողմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ որոշումն ընդունվեց խորհրդարանում։

Վարման կարգով ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն ու հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հանրային կարևորություն ներկայացնող հարցը փակ ընթացակարգով քննարկվելու։

«Այո, հարցը հանրային կարևորություն և հանրային հետաքրքրություն է ներկայացնում, այլապես չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա, բայց աշխատանքների ընթացքում և եզրակացություն կազմելիս պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ։ Փաստաթուղթը գաղտնագրվել է, այն գտնվում է ԱԺ-ում համապատասխան ստորաբաժանման ենթակայության տակ։ Բոլոր պատգամավորները կարող են գնալ և մանրամասն ծանոթանալ»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Pin It on Pinterest