Խոսքի ազատությունը Հայաստանում նահանջ է գրանցել

107

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը՝ նախորդ տարիների համեմատ երկու քայլ նահանջելով։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այս նահանջը կապում է մի քանի հանգամանքով։ Նախ՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը, հետո 44-օրյա պատերազմի հետ կապված ռազմական դրությունը, որոնք իրենց հետո ԶԼՄ-ների նկատմամբ մի շարք սահմանափակումներ բերեցին․

«Ինչպես արտակարգ, այնպես էլ ռազմական դրություններն իմ գնահատմամբ արդյունավետ չաշխատեցին․ սահմանափակումներ՝ եղան, սակայն դրանք խոսքի ազատությանը չոտնահարող արգելքներ չէին։ Բացի դրանից, նախորդ տարի մի շարք օրենսդրական նախաձեռնություններ մշակվեցին, որոնք իրենց մեջ այս ամենի ներուժն են պարունակում՝ մենք մինչ օրս չունենք մշակված հստակ քաղաքականություն լրատվամիջոցների ոլորտում»,- մտահոգությունն է հայտնում ԵՄԱ նախագահը։

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Այդ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է: Գլխավոր համաժողովը ՄԱԿ-ին փոխանցեց մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օր հայտարարելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունների ցանկությունը: ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամ 27-րդ հոդվածով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց՝ այսօր ճիշտ հակառակ ուղղությամբ է գնում մամուլի առաջխաղացման գործընթացները, տեղը զիջելով ապատեղեկատվությանը, ֆեյք լուրերին, վիրավորանքին ու զրպատությանը․

«Արտակարգ և ռազմական դրությունների ժամանակ առաջ եկած արգելքները ստիպեցին լրատվամիջոցներին ֆինանսական ծանր դրության մեջ հայտնվել։  Այդպես է՝ որքան շատ են ԶԼՄ-ները կախվածության մեջ ընկնում բիզնես շրջանակներից և հայտնվում ազդեցության տակ, այնքան նվազում է նրանց ազատությունը։ Վարկանիշային ցուցակում նահանջը լրատվամիջոցների և լրագրողների համար պետք է ազդակ հանդիսանա, որովհետև հետհեղափոխական շրջանում սա առաջին տարին է, երբ Հայաստանն իր դիրքերը զիջում է»,- նշում է Մելիքյանը։

Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ խոսքի ազատության նահանջին նպաստում է նաև ընտրական գործընթացը, որից շուտով անմասն չի մնա Հայաստանը։ Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունների նպատակն է ԶԼՄ-ների ոլորտում ունենալ նույն հնարավորությունները, ինչ նախկինները․

«Չունենալով բարենպաստ միջավայր տեղեկատվական ոլորտում, իշխանությունները փորձում են օրենսդրության միջոցով այն շրջել իրենց օգտին։ Շրջանառում են օրինագծեր, որոնք ոչ միայն չեն կարգավորում ոլորտի խնդիրները, այլև կարող են վնասել խոսքի ազատությանը։ Այդ նախաձեռնությունները, օրինագծերը բավարար պրոֆեսիոնալ մշակված չեն, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, անմիջապես անդրադառնում է նաև Հայաստանի վարկանիշի վրա մամուլի և խոսքի ազատության առումով»,- նշում է նա։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը զրույցի սկզբում հիշատակեց իրենց կարգախոսը, որով երկար տարիներ է փորձում են առաջ շարժվել։ «Ինֆորմացիան ուժ ՝ հանրային բարիքի համար» խոսքերը Սարգսյանի դիտարկմամբ լավագույնն են, որ կարող են ներկայացնել մեդիա-հանրություն կապի մասին։ Ըստ նրա՝ ցավոք այսօր հայաստանյան լրատվական դաշտը ոչ միայն նահանջ է ապրում, այլ ուղղակի չի պատկերացնում, թե ինչպես պետք է գնալ առաջ և զարգանալ․

«Մեդիան մի կողմից քաղաքական դաշտի, մյուս կողմից՝ քաղհասարակության մաս է կազմում, լրագրողներն էլ մտնում են այդ քաղաքական գործընթացների գետը և, ցավոք սրտի, ոչ միշտ են կարողանում հակադրվել հոսքին։ Դժվար է պատկերացնել, որ լրատվամիջոցները կարող են ամբողջովին ծառայել միայն հանրային բարիքին, այն դեպքում, երբ ընդհանուր քաղաքական բավական բարդ, բախումնային դաշտի մաս են կազմում: Հասարակությունը պետք է գիտակցի՝ ինչքան կարևոր է ունենալ որակյալ, պատասխանատու լրատվություն: Հասարակության դերն այստեղ պետք է մեծ լինի այդ պահանջը ձևավորելու համար, իսկ դրա ձևավորման ճանապարհներից մեկը նաև օրենսդրական դաշտն է»,- հավելեց Սարգսյանը։

Նշենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է լրատվամիջոցների դեմ դատական գործերի 12 հայց, որոնցից 10-ը վիրավորանքի և զրպարտության հիմքով, 2-ը՝ այլ: Մամուլի ազատության համատեքստում միջազգային կազմակերպությունները սովորաբար հաշվի են առնում նաև այս գործընթացները:

Ռոզա Վարդանյան