Ադրբեջանական գերության մեջ մոտ երկու ամիս անցկացրած և Հայաստան վերադարձրած երեք երիտասարդներին կրկին տարել են բանակ: Նրանք առողջական և զուտ հոգեբանական ծանր վիճակում են:

Հարցի լուծմամբ շահագրգիռ են իրավապաշտպաններ, ՀՀ օմբուդսմենը, մի շարք ԶԼՄ-ներ, որոնք բարձրացրեցին թեման: Այն հնչեց նաև ԱԺ-ում, սակայն պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, որ չկա օրենք, որի հիման վրա նախկին ռազմագերիները ազատվեն բանակային ծառայությունից:

Խնդրի շուրջ Forrights.am-ը զրուցեց առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանի հետ, որն արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է գերիների, պատանդների, կտտանքների ենթարկված անձանց խնդիրներով, համակարգել է ՄԱԿ-ի խոշտանգումների զոհերի օգնության հիմնադրմի ֆինանսավորմամբ գործող «Կտտանքների զոհերի բազմակողմանի վերականգնողական կենտրոն« ծրագիրը: Հայաստան վերադարձրած գերիներին նրանց կամիքն հակառակ կրկին բանակ տանելու փաստը Լարիսա Ալավերդյանի վրդովմունքն է առաջացրել: Իրավապաշտպանի գնահատականով, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, ընդ որում այն դեպքում, երբ երկիրը գերիների հետ աշխատանքի երկար տարիների փորձ ունի:

Տիկին Ալավերդյան, ՊՆ պաշտոնյաները պատճառաբանում են, որ ադրբեջանական գերությունից վերադարձած տղաները մեկ-երկու ամիս պահել են Դիլիջանի առողջարաններից մեկում, որտեղ նրանք վերականգնողական թերապիա են անցել: Արդյո՞ք սա բավարար է, որ նրանց համարեն լիարժեք առողջ ու տանեն նորից բանակ:

Երբ որ ասում են, որ մեկ-երկու ամսվա ընթացքում կարելի է վերականգնել գերության մեջ եղած անձի, դա պրոֆեսիոնալ կարծիք չէ: Արտաքուստ ամեն ինչ կարող է նորմ ալ թվալ: Բայց ինչպես ցույց է տվել մեր տասնյակ տարիների փորձը, շատ հաճախ գերության մեջ եղած մարդկանց պետք է համարել կտտանքների զոհ: Իսկ եթե նրանք կտտանքների չեն ենթարկվել, ապա դաժան, կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի զոհ են: Մեկ-երկու ամսվա ընթացքում նրանք ոչ միայն  չեն վերականգնվում, այլ չեն էլ «բացվում»: Հազվագյուտ է պատահում, որ նրանք հոգեբանական հարցազրույցների ժամանակ ամբողջովին արտահայտվեն այն ամեն հոգեվիճակների ու ապրումների մասին, որ իրենք ունեցել են: Մեր կազմակերպությունը նման մարդկանց հետ վերականգնողական աշխատանքները կատարում է տարիներ շարունակ, իսկ առաջին այդ փուլը իրապես երեք-չորս ամսից պակաս չի տևում: Նրանք պետք է կարողանան այն ամենը, ինչ իրենց ներսում կուտակվել է, դուրս բերեն, և անգամ եթե շատ դաժան ֆիզիկական վերաբերմունք էլ չի եղել, միայն հեգոբանական ապրումները՝ անորոշությունից, ամեն վարկյան իրենց կյանքի վտանգի զգացումից, բավական են:

ՊՆ պաշտոնյաները կարող են ստանդարտ մեկ-երոկու ամիս սահմանել բոլորի համար ու ասել՝ ահա, մարդը վերականգնվեց:

Ոչ: Չկա մեկը մյուսին նման երկու մարդ: Մոտեցումը միշտ պետք է ինդիվիդուալ լինի, և ժամկետներն էլ են տարբեր: Միայն հոգեբանի, կամ զուտ բժիշկների կարծիքը դեռ բավարար չէ, որ հստակ ասեն, արդյոք անձը վերականգնվել է, թ՞ե ոչ: Անհրաժեշտ է, որ այդ նույն մասնագետները աշխատեն և ծնողների հետ, որ նրանք լինեն բավական ազնիվ ու ասեն, թե ինչպիսին է այդ անձի վարքը տանը՝ գիշերը, առավոտյան:

Տղաների ծնողները պատմում են, որ նրանք լուռ են, փակ, համարյա չեն շփվում իրենց հետ:

Ես զարմանում եմ, սիրտս մղկտում է, նրանք՝ այդ անձինք, երիտասարդ տղամարդիկ են, և շատ ծանր հետևանքներ է ունենում երիտասարդ տղամարդկանց վրա ադրբեջանական գերությունը:

Նախկինում եղե՞լ են դեպքեր, երբ գերիները կրկին ծառայել են բանակում: 

Մենք ունենք միայն մեկ, եզակի դեպք՝ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված, որը նախ, տեղափոխվել է երրորդ երկիր, հետո ՊՆ-ն նրան կարողացել է վերադարձնել Հայաստան, տուն, և ինչ որ ժամանակից հետո նա հայտնել է ցանկություն շարունակել իր ծառայությունը: Ինքնակամ գնացել է ծառայության: Այդ դեպքը եզակի է այն առումով, որ ինքը կարողացել է իր մեջ ուժ գտնել ու այն բանից հետո, երբ որ Ադրբեջանում ցանկություն  է հայտնել գնալ երրորդ երկիր, հետո անվախ գալ Հայաստան: Մենք ունեցել ենք ուրիշ տարբեր դեպքեր, երբ որ նախկին գերիները երրորդ երկրներ են գնացել, և նրանցից որևէ մեկը չի ցանկացել վերադառնալ Հայաստան: Մենք ունեցել ենք այդպիսի ժամանակահատված, երբ որ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Աբիևի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, եկել են համաձայնության, որ այն զինվորների գործերը, որոնք հայտնվում են սահմանից այն կողմ, շատ արագ ուսումնսիրվեն և նրանք վերադարձվեն: Այն դեպքում, երբ կա այդպիսի պայմանավորվածություն, այդ զինվորների հետ չեն վերաբերվել վայրագ ձևով, և տղաները ոչ այնքան ծանր վիճակներում են վերադարձվել: Այդ դեպքերում աշխատանք է տարվել այն զորամասի զինվորների, սպաների, սպասարկող անձնակազմի հետ, որտեղ նրանք պետք է վերադառնային: Նույնը՝ երբ որ պատանդ է եղել, մեր կազմակերպությունը աշխատում էր համայնքի հետ՝ բնակիչների և առանձին համայնքի ղեկավարության:

Ընդհանրապես հնարավո՞ր է նախկին ռազմագերիների լիարժեք վերադարձը նորմալ կյանքի, նրանց, ովքեր կտտանքներիզոհ են եղել:

Չի բացառվում վերադարձը, բայց ադ տևում է տարիներ: Ադրբեջանական գերության մեջ եղած անձանց վերաբերյալ մեր հանրության, լայն  հասարակության  մեջ ստանդարտ պատկերացումներ կան, թե ինչ են անում այնտեղ այդ մարդկանց հետ, և անկախ նրանից, դա եղել է, թե ոչ,  նրանք ունենում են նաև երկրորդական հոգեբանական ապրումներ, կապված հանրության վերաբերմունքի հետ, իսկ դա ուժեղ հարված է հետսթրեսային վիճակում գտնվող անձի համար;

ՊՆ- ում ասում են՝ չունենք օրենք, որով նախկին գերիները կազատվեն բանակից: Ինչպե՞ս կարելի է լուծել նրանց հարցը օպերատիվ կարգով, նրանք ընդամենը երեքն են մոտ 7 տասնյակ գերությունից վերադարձածներից, ովքեր զորակոչվել են:  

Լավ, բա այնքան օրենքներ են ընդունում հապճեպ, թող օրենք ընդունեն, եթե խոչընդոտը դա է: Երկրորդ՝ մենք չունեինք նաև օրենք, որ, ասենք, այդպիսի անձանց, կամ վերադարձած պատանդներին անվճար բուժօգնություն տրամադրվի: Բայց մենք ամեն  անգամ նախկինում որպես հասարակական կազմակերպություն, դիմում էինք առողջապահության նախարարություն և պետք է ասեմ, ի պատիվ բոլոր ժամանակների նախարարների, երբևիցե չեն մերժել: Այդ անձինք ստացել են իրենց բուժումը պետպատվերով: Այսինքն, երբ որ չկա օրենք, կա առանձին, կետային վերաբերմունք: Նույնն էլ այս դեպքում: Պաշտպանության նախարարությունը նախ եւ առաջ պետք է նախաձեռնի այդպիսի օրենքի ընդունումը և շատ արագ: Իսկ մինչև այդ օրենք ընդունելը նրանք ամեն անգամ պետք է հատուկ որոշում ընդունեն: Ի՞նչ են ձևացնում, թե օրենք չկա, ազատելու ձևը չկա: Առանձնահատուկ դեպքերում լուծում գտնելըդ դժվար չէ: Գտնում եմ, որ այդ օրենքը ընդունելուց հետո էլ շատ բան ունեն անելու, քանի որ բուն աշխատանքը գերիների և նրանց շրջապատի հետ միշտ պահանջում է ինդիվիդուալ պլան: Մենք որպես հասարակական կազմակերպություն  դա արել ենք, պետությունը չ՞ի  կարողանում անել:  Մանավանդ, երբ շատերը ընկել են գերի շատ յուրահատուկ  պատճառներով, պետության մեղքով, տարածքները հանձնվել են իրենց հետ միասին: Դուք պատկերացնո՞ւմ եք, չ՞է, իրենք կռվում են, դեռ կռվի  մեջ են, առավոտյան , կամ մյուս օրը արթնանում, տեսնում են, որ տարածքը թուրքի ձեռքին է: 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest