Քաղաքացիական հագուստով 8-10 ադրբեջանցի փորձել է անցնել միջդիրքային տարածք

61
զինվոր

Հայաստանի պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել է միջդիրքային տարածք, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Ապրիլի 28-ին, ժամը 11:40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով», — ասված է հաղորդագրությունում:

Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում:

Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը