Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին մեծ դժվարությամբ է հաջողվել պատժի կրման կիսափակ ռեժիմից տեղափոխվել կիսաբաց ռեժիմ: 2020 թվականին դատապարտյալին տեղափոխել էին կիսաբաց ռեժիմի, սակայն, այն ընդամենը մեկ ամիս տեւեց: Նմանատիպ իրավիճակ եղել էր նաեւ 2019 թվականին: Դատախազությունը պնդել էր, որ նա դրական վարքագիծ չի դրևսորել և կասեցրել էր ռեժիմի փոփոխության որոշումը:

«Կիսափակ ռեժիմից կիսաբացի  տեղափոխման գործընթացը 1,5 տարի է տեւում: Սա երրորդ անգամ է, որ ՔԿԾ տեղաբաշխման հանձնաժողովը վերահստատում է իր որոշումը, որ ինձ պետք է տեղափոխել կիսաբաց ուղղիչ ՔԿՀ՝ իմ դրական վարքագծի համար, բայց դատախազությունը երկու անգամ կասեցրել է: Առաջին անգամ 2019 թվականի դեկտեմբերին, իսկ երկրորդ անգամ՝ 2020 թվականի հունիսին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց նա:

Արթուր Մկրտչյանն անազատության մեջ է արդեն 26  տարի: Նրան 1996թ-ին մեղադրել էին 5 ծառայակիցների սպանության համար, սակայն, Մկրտչյանը մինչեւ վերջերս մեղադրանքը չէր ընդունում: Մեղադրանքն ընդունելու պատճառn էլ հանդիսացել է այն, որ սա հնարավորություն է տալիս դիմել պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար:

Թե ինչու է դատախազությունը ցանկանում Արթուր Մկրտչյանին կրկին վերադարձնել խիստ ռեժիմի, ցմահ դատապարտյալն այստեղ միտումներ է տեսնում՝ պնդելով, որ թե նման խստացումներով իրեն ազատվելու հնարավորությունից են զրկում։

Արթուր Մկրտչյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ դիմել է պատժից պայմանական վաղաժամ ազատվելու համար: Ըստ Մկրտչյանի՝ այստեղ եւս խնդիրներ կան: Բանն այն է, որ վաղաժամ ազատվելու դիմելու համար պետք է դատապարտյալը հաղթահարի սահմանված գնահատման շեմի նվազագույն բալերը՝ 28 միավոր: Այս բալերն ունենալու համար դատապարտյալը պետք է ունենա օրինակելի վարքագիծ:

Արթուր Մկրտչյանին Պրոբացիայի ծառայությունը եւ Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն են տվել: «Ես այդ եզրակացությունները բողոքարկել եմ դատարանում, քանի որ այդ եզրակացությունների մեջ կան թերություններ»,- ասում է ցմահ դատապարտյալը եւ նշում, որ իրեն 24 բալ են տվել, սակայն, նա տուժող կողմից ունի գրավոր հաստատում, որոնք պնդնում են, թե դեմ չեն, որ Արթուր Մկրտչյանը դիմի վաղաժամ ազատվելու համար:

«ՔԿԾ-ն եզրակացություն տալու մեջ հապշտապություն է ցուցաբերել, շատ սուղ ժամկետներում են եզրակացությունը կազմել, իսկ ես այդ ընթացքում  նոր հանգամանքեր եմ ներկայացրել, որն ավելացնում է իմ միավորները, բայց հաշվի չեն առնում: Հիմա դատարանում ուզում եմ վերականգնել իմ միավորները: Պրոբացիայի ծառայությունն էլ նույն բանն է արտագրել»,- ասում է Արթուր Մկրտչյանը եւ մանրամասնում, թե եզրակացություն տվող մարմիններն ինչ խախատումներ են թույլ տվել:

«Օրենքով եզրակացություն տալու ժամկետ սահմանվում է  40 օրը, իսկ իրենք անում են առաջին մեկ շաբաթվա մեջ, ես 10-15 օրվա ընթացքում  ներկայացրել եմ նոր հանգամանքեր: Տուժողների կողմից ներկայացրել եմ գրավոր հիմքեր, որ իրենց հետ որեւէ պարտք-պահանջ չունեմ, բայց եզրակացությունն արդեն կազմված է եղել»,- ասաց նա:

Արթուր Մկրտչյանը Պրոբացիայի ծառայության եւ Քրեակատարողական ծառայության կողմից իրեն տրված բացասական եզրակացություններն այժմ վիճարկում է դատարանում: Ցմահ դատապարտյալը հույս ունի, որ հնարավորություն կստանա դիմել  պատժից պայմանական վաղաժամ ազատվելու համար:

Քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը Forrights-ի հետ զրույցում անդրադառնալով այս բալային համակարգին նշեց, որ ցմահ դատապարտյալների վերաբերյալ պետք է առանձին մոտեցում լինի՝ պատժից պայմանական վաղաժամ ազատվելու համար, որը պետք է ուղիղ կապված լինի ռեժիմային փոփոխությունների հետ:

«Ցմահների վերաբերյալ պետք է ունենանք վարքի գնահատման այլ մեխանիզմ: Այն ինչ հիմա կա ցմահ ազատազրկվածի համար չէ: Մենք չենք կարող մեկ գործիքով չափել երեք տարի ազատազրկվածին եւ ցմահ ազատազրկվածին: Նրանց համար պետք է առանձին բալային համակարգ կիրառել՝ հասկանալ, թե այս մարդիկ քսան տարի ազատազրկվելով ինչ են քաղել»,- ասում է նա:

Այս համակարգն ունի մի շարք թերություններ: Մասնավորապես, եթե դատապարտյալը աշխատանք է կատարում, ապա ստանում է որոշակի միավորներ: Սակայն, եթե դիմում է աշխատանքի համար, իսկ ՔԿՀ-ն չի կարողանում աշխատանքով ապահավել դատապարտյալը զրկվում է միավորներից:

«Քսան տարվա ընթացքում փոխված կամ չփոխված հիմնարկի պետը այդ հիմնարկում ինչ է արել ազատազրկվածի համար եւ նա դրանից որ մասն է վերցրել: Ցմահ ազատազրկվածը եթե տասը ծրագրից երկուսում է ընդգրկվում, ապա սա արդեն ցուցիչ է, որ նա տեղափոխվի այլ ռեժիմով ուղղիչ հիմնարկ»,-նշում է փորձագետը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest