Իշխանությունները նախատեսում են նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանել։ Խորհրդարանում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց ու ձայների 79 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը:
Առաջարկվող փոփոխությունների փաթեթի հեղինակ՝ «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանն ընդգծեց՝ սա առաջարկներից մեկն է, իսկ ընդհանուր առմամբ օրենսդրական այս նախաձեռնությամբ փորձ է արվում նախևառաջ կանխել խախտումները, իսկ խախտելու դեպքում պատիժն ավելի խիստ կլինի, քան նախատեսում է գործող օրենքը։
«Մինչև հեղափոխությունը ընտրությունների ժամանակ հիշում եք ընտրությունների դեպքերից, երբ որ ինչ-որ խմբեր փորձում էին ընդդիմության քարոզարշավը խոչընդոտեին, հետո մնում էին անպատիժ, որովհետև այս նորմը չկար: Այս նորմն այլևս կստիպի բոլոր այն անձանց, ովքեր կփորձեն քարոզարշավը խոչընդոտել, կապ չունի քաղաքական հայացքներից՝ դիմություն, ընդդիմություն, եթե որևէ մեկը փորձի խոչընդոտել քարոզարշավը, ինքը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության», — նշեց Հովակիմյանը:
Քրեական օրենսգրքում փոփոխություններից մեկով էլ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:
Ըստ իշխանական պատգամավորի՝ ներկայիս Քրեական օրենսգրքում բացեր կան նաև ընտրակաշառքի մասով։ Մասնավորապես առաջարկվում է վերանայել ընտրողներին կաշառելուն առնչվող դրույթը․ փոփոխությունը ենթադրում է, որ ցանկացած անձ քրեական պատասխանատվության կենթարկվի ընտրակաշառք առաջարկելու դեպքում։
«Եթե անձն ընտրակաշառք է բաժանում, բայց ասում է՝ ես ընդհանրապես կապ չունեմ որևէ քաղաքական ուժի հետ, թաքցնում է, ու ասում է՝ դե ապացուցեք, որ կապ ունեմ, այդ դեպքում ինքը այդ հոդվածի տիրույթից դուրս է գտնվում: Այս լրացումը նրա համար է, որ ցանկացած ոք, ով ընտրությունների նշանակումից հետո կփորձի ընտրակաշառք բաժանել, ինքը ենթարկվի քրեական պատասխանատվության», — ասաց Հովակիմյանը:
Իշխանությունում վստահ են՝ այս կարգավորումներն էական ազդեցություն կունենան առաջիկա արտահերթ ընտրությունների վրա։
«Կարող եմ գրազ գալ Ձեզ հետ պարոն Հովակիմյան, որ այս փոփոխությունները իրականացնելուց հետո այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ, ընտրությունների օրը», — ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Որևէ կուսակցությունում չընդգրկված ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կասկածի տակ է դնում օրենսդրական այս փաթեթը՝ շեշտելով՝ «Իմ քայլը» ոչինչ չարեց, որպեսզի նախկին իշխանությունը, պատգամավորի խոսքով, այսօր օրակարգ չթելադրի:
«Դուք ուղղակի չգիտեք ձեր գլխի գալիքը և թե ինչ արհավիրք եք բերել: Մենք հիմա խելոք նստել մտածում ենք՝ էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու նրա մյուս դավաճան գործակիցներին ու հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա կարողանան հնարավորինս քիչ ազդեցություն գործել: Ես հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար լուծումներ գտնել ընտրական պրոցեսը ազատ, արդար և թափանցիկ, ինչպես դուք էիք նշում, անցկացնել», — նշեց Բաբաջանյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: