Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ից ՀՀ վարչապետի պաշտոնակատարն է: Նա հրաժարական է ներկայացրել հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանով: Սակայն, մինչ խորհրդարանական ընտրությունները նախ պետք է իրավունքի ուժով արձակվի 7-րդ գումարման խորհրդարանը, որի գուծունեութունը մեկնարել է 2019 թվականի հունվարից:
Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նոր վարչապետ չի ընտրվելու մինչեւ ընտրությունների անցկացումը, բայց նա երկու անգամ առաջադրվելու է վարչապետի թեկնածու: Նա հայտարարել է, որ այսպիսով կանխելու է այն հակասահմանադրական (հեղաշրջում) եւ սահմանադրական (ԱԺ-ում վարչապետի այլ թեկնածուի առաջադրում) գործողությունները, որոնք կփորձի ձեռնարկել ընդդիմությունն իր հրաժարականից հետո: Վարչապետի ընտրության առաջին փուլը նախատեսվում է մայիս 3-ին, իսկ երկրորդը՝ 10-ին:
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման շարունակությունն աղմկահարույց քննարկումների առիթ է դարձել: Նիկոլ Փաշինյանն ինքը 2018 թվականին հայտարարել էր. «Իրավաբանների հետ խորհրդակցեցինք, որոնք ասեցին՝ վարչապետը հրաժարականից հետո չի կարող պաշտոնակատար լինել»:
Այժմ հարց է առաջանում՝ ինչպես կարող է Փաշինյանը շարունակել պաշտոնավարել, երբ 2018-ին հենց ինքն էր ասում, որ հրաժարական ներկայացրած վարչապետը չի կարող լինել պաշտոնակատար:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեջ որեւէ հակասահմանադրական քայլ չի տեսնում: «Ես չգիտեմ, թե 2018-ին ինչ իրավաբանների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը: Բացի դրանից՝ 2018-ին իրավիճակը մի փոքր այլ էր, նաև պետք է հաշվի առնենք, որ վարչապետի հրաժարականը սոսկ հրաժարական չէ, այն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն իրավական ուժով արձակվի»,- ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ իրավաբանները երբեմն քաղաքական նպատակահարմարությամբ էլ են խորհրդատվություն տալիս: «Ի վերջո իրավաբանների խորհուրդը կարող է հիմնված լինել ոչ միայն իրավական թվերի վրա, այլ հիմնված կարող է լինել քաղաքական նպատակահարմարության, կանկրետ իրավիճակում կոնկրետ իրավական խնդիրներից խուսափելու համար: Ճիշտ չի բերել հանրահավաքի ժամանակ ասված մի միտք և հակասություններ փնտրել, ճիշտ չէ»,-նշեց նա:
Օրենքի ոգուց բխում է, որ վարչապետի՝ պաշտոնակատար մնալը սխալ է: Կարծում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյաը եւ պնդում, որ հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարումը սխալ պրակտիկա է։ «Մասնագիտականը պահանջում է, որ երբ անձը հրաժարական է տալիս, նշանակում է՝ այդ անձը չպետք է այդ նույն գործառույթները կատարի, ինչ-որ մինչև հրաժարական տալը՝ կատարում էր. հրաժարական տալու իմաստը դրանում է»,- ասաց նա:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ կարծում է, որ Փաշինյանի՝ 2018 թվականին իրավաբանների խորհրդով արված հայտարարությունը տեղին էր, որ վարչապետը հրաժարականից հետո չպետք է շարունակի մնալ պաշտոնակատար: «Հրաժարականի իրավական բովանդակությունը ենթադրում է իրավահարաբերության ավարտ: Ցանկացած պաշտոնատար անձ եթե հրաժարական է տալիս, ապա ոչ մի հրաժարական տված սյուբյեկտ չի համարվում իր լիազորությունները ժամանակավոր կատարող»,- ասում է սահմանադրագետը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: