Մեղադրանք է առաջադրվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին:
Միաժամանակ Զինված ուժերի Պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Քննչական կոմիտեից այլ տեղեկություն չհայտնեցին։
Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ գեներալ-լեյտենանտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Առաջադրված մեղադրանքը պարոն Մակարյանը գնահատում է որպես բացարձակ անհեթեթ և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող»:
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի համաձայն` Անդրանիկ Մակարյանը, ով 1991թ. ավարտել է ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանը, իսկ 2007թ.-ին Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, նախորդ շուրջ մեկուկես տասնամյակում շարունակաբար զբաղեցրել է բարձրաստիճան զինվորական պաշտոններ. 2007թ.-ից Հայաստանի Զինված ուժերի 5-րդ զորամիավորման, այնուհետև հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատարից 2018թ. հունվարին հասնելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին։
Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն` Մակարյանին առնչվող քրեական գործը կապ ունի 60 զինծառայողների անհետ կորչելու հետ. «Դեռ ճիշտն ասած չեմ կարող այդ մասով տեղեկությունը մեկնաբանել, բայց ինքնին մարտական գործողությունները ենթադրում են նաև կորուստներ, իսկ միայն կորուստներով գնահատել անձի գործողությունների, ընդհանրապես հրամանատարի գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը, ես կարծում եմ, որ առնվազն պրոֆեսիոնալ չէ»:
Մակինյանը շարունակեց, որ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է տվյալ տեղամասում մարտական գործողությունները ոչ ճիշտ պլանավորելու համար, այն պարագայում, երբ գեներալ-լեյտենանտը «երեք պատերազմով անցած մարտական սպա է»։ «Իսկ պարոն Մակարյանի բերած փաստարկները տվյալ դեպքում, ես առանց փակագծերը բացելու ասեմ, քանի որ գործ ունենք որոշակի առումով գաղտնի տեղեկատվության հետ, ինքս ծանոթ եմ պարոն Մակարյանի բերած փաստարկներին և ամբողջ ծավալով ընդունում եմ, որ տվյալ իրադրության պայմաններում պարոն գեներալը կայացրել է միակ ճիշտ որոշումը` հաշվի առնելով իր հստակ հիմնավորումները, ես այդ հիմնավորումներին ծանոթ եմ», — ասաց պաշտպանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: