Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանը հայտնում է, որ աշխատակազմ ահազանգ է ներկայացրել հովիվը և տեղեկացրել, որ ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին:

Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում և տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով:

Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում:

Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում:

Թաթոյանն արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է Հայաստանի սահմանային բնակչի նկատմամբ:

«Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին», — ասում է Թաթոյանն՝ ընդգծելով․ — «Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի»:

Պաշտպանը պնդում է՝ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest