Նիկոլ Փաշինյանը կա՛մ այն ժամանակ էր ստում, կա՛մ հիմա

«Կարող եմ ասել, որ ոչ բոլոր մեղավորներն են այսօր բանտում, բայց այսօր ՀՀ-ում անմեղ մարդիկ չկան բանտում»,- Նիկոլ Փաշինյանն այս միտքն առաջին անգամ հնչեցրեց ապրիլի 14-ին՝ Ազգային ժողովում, ապա նույն պնդումը շարունակեց անել շաբաթվա վերջին մարզային այցերի ընթացքում:

Ցմահ դատապարտյալները եւ իրավապաշտպանները Փաշինյանի այս հայտարարությունը քննադատում են՝ այն որակելով «պոպուլիստական» եւ «բարոյազուրկ»:

Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի «Անմեղ մարդը մահվան է դատապարտվել» հոդվածաշարիի «հերոսը», որը  ցմահ դատապարտյալ է եւ 25 տարի է գտնվում է անազատության մեջ, Forrights.am-ի հետ զրույցում անհեթեթություն է որակում  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն էր, իր խմբագիր եղած տարիներին իր թերթում հետաքննական հոդվածաշար հրապարակվեց «Անմեղ մարդը մահվան է դատապարտվել» վերնագրով, մինչեւ հիմա այդ անմեղ մարդը այստեղ է, նստած է:  Իմ մասին է խոսքը: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ այն ժամանակ էր ստում, կա՛մ հիմա»,- ասում է Forrights.am-ի զրուցակիցը եւ ընդգծում՝ «Նիկոլ Փաշինյանը պետք է բարոյականություն ունենար եւ լռեր»:

Ցմահ դատապարտյալն ասում է, որ  2018 թվականի հեղափոխությունից հետո դիմել է, որ իր գործը վերաբացեն, բայց, ինչպես նա է վստահեցնում՝ մերժել են, ասելով՝  երեւան եկած նոր հանգամանքներ չկան:

«Հեղափոխությունից հետո հույսեր արթնացան, բայց որքան շուտ արթնացավ, այդքան շուտ էլ մարեց: Տեսանք, որ գործ չեն անում, առաջընթաց չկա, ամեն ինչ բարդում են դատավորների վրա: Դուրս է գալիս՝ սաղ մեղավոր են, բացի կառավարությունից: Ոչ մի արմատական փոփոխություն չեղավ: Հեղափոխության առաջին տարում արդեն այդ հույսերը մեռան: Ինձ ասում են, որ քո գործով նոր հանգամանքներ չկան, բայց թող մի հատ հին հանգամանքներին գնահատական տան»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը 2010-ին 2008 թվականի մարտյան դեպքերից հետո դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն բանտում շուրջ երկու տարի անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանի համաներմամբ ազատ էր արձակվել: Նա մշտապես պնդել է, որ քաղբանտարկյալ է եղել, նախորդ իշխանություններն անօրինական են իրեն ազատազրկել: Այժմ տարօրինակ է, որ ինքը՝ Փաշինյանը, լինելով դատաիրավական համակարգի «զոհ», պնդում է՝ «անմեղ մարդիկ չկան բանտում»:

«Ի՞նչ պետք է զգամ Փաշինյանի այդ խոսքերը լսելուց հետո: Նիկոլ Փաշինյանը դառնում է ինձ անօրինական դատողներից, իմ գլխին սարքողներից մեկը»,- եզրափակում է ցմահ դատապարտյալը:

Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից առ այսօր բոլոր հնարավորություններն օգտագործելով հայտարարում է՝ դատական համակարգն անկախ չէ, գտնվում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին իշխանության այլ ներկայացուցիչներից կախվածության մեջ: Ըստ վարչապետի՝ պետք է անհապաղ փոխել դատական համակարգը: Նիկոլ Փաշինյանը դատարաններին չվստահելու ֆոնին անում է հայտարարություն, որ բանտերում անմեղ մարդիկ չկան: Նիկոլ Փաշինյանի միմյանց հակասող այս երկու հայտարարությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Հարց է առաջանում՝ ինչու է ցանկանում  բարեփոխել մի համակարգ, որի գործունեության արդյունքում, ըստ իրեն, որեւէ անմեղ մարդ չի հայտնվել ճաղերի հետեւում:

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը  Forrights.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Շատ դիպուկ հարցադրում եք անում: Եթե վարչապետը հայտարարում է, որ խնդիր ունենք դատական համակարգի հետ եւ մյուս կողմից էլ ասում է, որ ոչ մի սխալ չկա, ուրեմն ոչ մի խնդիր չունենք այս համակարգի հետ: Փաշինյանը սովորություն է դարձրել հայտարարի մի բան, անի մեկ այլ բան»:

Ռոբերտ Ռեւազյանը Փաշինյանի նմանօրինակ պնդումները որակում է պոպուլիստական հայտարարություն, որը վարչապետն արել է առանց մասնագիտական կարծիքները հաշվի առնելու:

«Մեր բանտերում կան 2000-ականներից ազատազրկված անձիք, աշխարհում դեռ որեւէ երկիր, որքան էլ իր դատական համակարգը զարգացած լինի, երաշխավորված չէ դատական սխալներից: Ես հեռու եմ այն մտքից, որ մեր իրավապահ համակարգը այն բարձրագույն աստիճանի վրա է կանգնած, որը ոչ մի սխալ թույլ չի տվել: Մենք դրանից շատ հեռու ենք կանգնած»,- ասում է փաստաբանը:

Ուշագրավ է՝ Նիկոլ Փաշինյանն այս հայտարությունն անելիս հաշվի չի առել այն հանգմանքը, որ, օրինակ, ցմահ դատապարտյալներից որոշ գործեր ուղարկվել են Մարդու իրավունքերի եվրոպական դատարան: Ռոբերտ Ռեւազյաը հարցադրում է անում՝ ինչ է հայտարարելու Նիկոլ Փաշինյանը, եթե ՄԻԵԴ-ը որոշի, որ նրանք անօրինական են ազատազրկված:

«Նիկոլ Փաշինյանը եթե ասում է, որ չունենք ոչ մի դատական սխալ, ապա նշանակում է՝ իր դեմ հարուցված քրգործն էլ է ճիշտ եղել, մնացած քաղաքական գործերն էլ: Ինձ հետաքրքիր է՝ եթե Եվրոպական դատարանից դատական ակտերը գան եւ այսօրվա որոշ գործեր սկսեն վերանայել, վարչապետն ինչ պատասխան է տալու դրան: Սա կալանավորված անձանց համար ուղղակի անմեղության կանխավարկածի խախտում էր վարչապետի կողմից»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest