Կամավորը զոհվել է վիրավորներին օգնելիս

254

46-ամյա կամավոր Սուրիկ Ավագյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան գյուղի բնակիչ էր: Նա զոհվել է հոկտեմբերի 5-ին` ԱԹՍ հարվածից, իսկ գյուղն արդեն գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ:

Զոհված կամավորը չորս զավակների հայր է, ունի երեք տղա եւ մեկ դուստր:

Երկու որդիները պայմանագրային զինծառայողներ են, նրանցից մեկը պատերազմից մեկ շաբաթ առաջ թողել էր զինվորական ծառայությունը, բայց սեպտեմբերի 27-ին անմիջապես վերադարձել է:

Կինը` Մելանյա Ղազարյանը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին ամուսինը աշխատանքից վերադառնալով տուն` հավաքել է իրերն ու գնացել է կամավորագրվելու. «Ասեցի` ինձ ո՞ւր ես թողնում գնաս: Ասեց` ինձ ճիշտ հասկացի, ես պետք է գնամ: 18, 19, 20 տարեկան երեխաները էնտեղ են, մեր երկու էրեխեն էնտեղ են… ասեց` չխոսաս, մեկ է գնալու եմ: Արի գնալուցս առաջ չվիճենք»:

Մինչեւ հոկտեմբերի 12-ը հարազատները նրա մասին տեղեկություն չեն ունեցել, իսկ այդ օրը Մելանյային է զանգել որդներից մեկը եւ ասել, որ հորը գտել են հիվանդանոցում` ծանր վիճակում: Ծառայակիցները պատմել են, որ Սուրիկը վիրավոր վիճակում այլ վիրավոր զինծառայողների է բարձրացնելիս եղել բեռնատար մեքենան, որպեսզի տեղափոխի հոսպիտալ, երբ բեռնատարի վրա ԱԹՍ է ընկել:

Մելանյա Ղազարյանի խոսքով, ինքը մինչ հոկտեմբերի 12-ը Միջնավանում է եղել: Այդ ժամանակ գյուղում միայն միջին տարիքի բնակիչներն են մնացած եղել: Տարեցները, երիտասարդ կանայք ու երեխաները  անվտանգության նկատառումներից ելնելով հեռացած են եղել: Կինը գյուղից հեռացել է ամուսնուն նրա հարազատ Շահումյան գյուղում (Արարատի մարզի-հեղ.)  հուղարկավորելու համար միայն, իսկ երբ արդեն ցանկացել է վերադառնալ տուն, պարզվել է, որ գյուղում արդեն ադրբեջանցիներն են:

«Հոկտեմբերի 17-ին գյուղում մնացած մարդիկ հազիվ նստել են ինը մեքենաների մեջ ու հեռացել են: Անգամ չեն հասցրել վերարկու հագնել»,- պատմում է կինը:

Միջնավան գյուղում ընտանիքը թողել է իր ամբողջ ունեցվածքը`  երկու տները, ավտոմեքենան, անասունները. «Ոչինչ չկարողացա հետս բերել: Մի ասեղ էլ չեմ բերել: Մի ձեռք շորով վեր եմ կացել ու եկել եմ»:

Տինին Մելանյան ասում է` պատերազմի ընթացքում զոհերի թիվը շատ շատ է եւ բոլորը անմեղ զոհեր են. «Ոնց որ տանեն լցնեն մսաղացի մեջ ու աղան: Ոնց որ ցորենն են աղում, գարին են աղում, միսն են աղում… Մտածում եմ` մեր գեներալների սխալ աշխատանքի հետեւանքն էր»:

Հոր մահից հետո, Սուրիկի կրտսեր որդին` Գագիկը, ազատված լինելով պարտադիր զինծառայությունից, դիմել է զինվորական կոմիսարիատ, եւ այս տարվա մարտի 1-ին մեկնել է ժամկետային զինվորական ծառայության` Արցախ: Նա գնացել է բանակ` այդ կերպ հարգելու զոհված հոր հիշատակը:

Անի Գևորգյան