Դատարանը Մեղրիի քաղաքապետի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչեց

87

Մեղրիի համայնքապետն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով փաստաբանների բողոքը։

Զաքարյանը ձերբակալվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Նախաքննական մարմինը քաղաքապետին մեղսագրել է խուլիգանություն, որը իրականացվել է կազմակերպված խմբի կազմում՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։ Նրան ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Նշենք, որ մինչ դատարանը քննության կառներ ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթ իրականացնող մարմինը շտապել է մեղադրանք առաջադրել Զաքարյանին։

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով։

Նշենք, որ ապրիլի 21֊ին սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել եւ հրապարակավ պատժել։

Բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ ՔԿ֊ն ութ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։