Վերջին օրերին հակառակորդը տարբեր ուղղություններով խախտել է հրադադարը

85

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, այսօր հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները», — ասված է հաղորդագրությունում։

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ Արցախի պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին: