«Ո՛չ արևի հետ եմ համակերպվում, ո՛չ անձրևի․ես արևը տեսնեմ, իմ տղան չտեսնի՞։ Իրենք անմահացան, մենք մահացանք»

236

«Ամսի 27-ին հենց իմացա՝ պատերազմ է սկսվել, անմիջապես ուզեցի խոսել  Գոռիս հետ։ Հենց հաջողվեց կապ հաստատել իր հետ, ասաց․ «Մա՛մ ջան, ամեն ինչ  նորմալ է, մենք  բունկերներում ենք, մեզ չեն թողնում՝ դիրքեր բարձրանանք, հանկարծ չանհանգստանա՛ս»։ Հետո  եմ իմացել, որ Գոռն ու իր ընկերները բունկերում չեն եղել, պատերազմի առաջին իսկ վայրկյաններից Հադրութում պայքարել են», — Forrights.am-ին պատմում է մերօրյա հերոս ժամկետային զինծառայող Գոռ Եղիազարյանի մայրը՝ Նունե Կարապետյանը։

Հադրութում ծառայող  ու պատերազմի օրերին Հադրութը թշնամուց պաշտպանող 20-ամյա Գոռ Եղիազարյանը հունվարի 17-ին պիտի տուն վերադառնար, բայց չհասցրեց․ մարտնչեց ու հերոսացավ՝ հանուն հայրենիքի։

Տիկին Նունեն ասում է՝ Գոռը մինչև հերոսանալը սարսափելի տեսարանների ականատես է եղել․ նրա աչքի առաջ զոհվել են հարազատ ընկերները։ 

«Երբ պատերազմի ընթացքում կարճատև զրույցներ էի ունենում Գոռի  հետ։ Երևի այնպիսի տեղերից էր զանգում, որ կողքի պայթյուններն ու կրակոցների ձայները չլսեի։ Միայն իր հայյրիկին է խոստովանել, որ թեժ կռիվների է մասնակցում։ Նա իր հորն ասել է․

«Պա՛պ, հինգ հատ տանկ եմ խփել, էնքան թուրք եմ խփել, որ հենց դիրքերից իջնեմ, ինձ հերոսի կոչում են տալու»։ Գոռը շատ խղճով էր։ Հորն այս ամենը պատմելով՝ ասել է՝ էնքան մարդ եմ խփել, չգիտեմ՝ ոնց եմ էդ խղճով ապրելու․․․ էդքանից հետո էլ խղճից էր խոսում», — պատմում է տիկին Նունեն։

Ականանետով ծանր մարտեր մղած Գոռի ձեռքերը մինչև հիմա հերոսի մոր աչքի առաջ են։ Հերոս որդուն հուղարկավորելուց առաջ տիկին Նունեն տեսել է որդուն․ նրա մեջ դաջվել են 20-ամյա քաջի պայքարած, վառված, կոշտացած ձեռքերը․․․

«Գոռիս գլխի կարն էլ տեսա․ իրեն վիրահատել էին։ Գոռի հետ վերջին անգամ հոկտեմբերի 11-ին եմ խոսել։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, ԱԹՍ-ն հարվածել է ուղիղ երեխեքի կողմը։ Գոռն  ու իր ընկերները վիրավորում են ստացել, ոմանք տեղում զոհվել են։ Վիրավորում ստացած Գոռին տարել են Կարմիր շուկա, բունկերում վիրահատել, հետո ուզել են Երևան տեղափոխել, բայց Գոռը վատացել է, այնուհետև տարել են Ստեփանակերտ։ Ասում են՝ Ստեփանակերտում երկրորդ վիրահատության ժամանակ Գոռը չդիմացավ․․․», — հիշելով հերոս որդու ապրած կյանքի վերջին օրերի մասին՝ պատմում է տիկին Նունեն։

Գոռին նվիրված հուշանկյունում հերոսի՝ հետմահու ստացած պարգևներն են ու ֆուտբոլի մրցումներում ունեցած հաջողությունների հավաստիքները՝ մեդալն ու պատվոգրերը։ Գոռը պաշտում էր  ֆուտբոլը։ Մայրն ասում է՝ շատ երազանքներ ուներ, որոնք չհասցրեց իրագործել։

«Ուզում էր բանակից մի օր շուտ գալ, որ աշխատեր ու մեզ օգներ։ Միշտ ասում էր՝  «մա՛մ ջան, գալու եմ, աշխատեմ, որ դու ու քույրիկս ոչ մի բանի կարիք չունենաք։ Քիչ մնաց, համբերեք»։ Ինքը այնտեղ էր օրացույցի օրերը ջնջում, իսկես, իր հայրիկն ու քույրիկը՝ այստեղ»,- ասում է մայրը։

Տիկին Նունեն ասում է՝ իր որդին միշտ իր հետ է։ Նրա վզին Գոռի շղթան է ու մեկ այլ շղթա, որի կախազարդի վրա պատկերված է հերոս Գոռը։
«Այս շթղան Գոռը տվել է իր ընկերոջը ու ասել՝  եթե ինձ հետ մի բան պատահի, կտա՛ք պապայիս։ Այս կախազարդն  էլ ես եմ սարքել տվել, որ Գոռը միշտ ինձ հետ լինի», — շղթաները ցույց տալով՝ պատմում է մայրը։



Նոր Նորքի 8-րդ զանգված մուտք գործելուն պես բարձրահարկ շենքերից մեկի վրա երևում է հերոս Գոռ Եղիազարյանի լուսավոր ու հպարտ դիմապատկերը։ Այն օրերս է կերտվել։ Տիկին Նունեն ասում է՝ զգում է, որ Գոռն իր հետ է․ նրա լուսե պատկերը տեսնելիս հասկանում է, որ Գոռը պահապան հրեշտակի պես միշտ հսկում է իրեն։

Գոռի նկարը կերտած նկարիչ Արման Մաթևոսյանը շենքերի վրա արդեն 12 հերոսի դիմապատկեր է կերտել։ Նա ասում է՝ զգում է, որ հերոսների նկարները մխիթարանք են որդեկորույս ծնողների ու այդ տղաների հարազատների համար։ Արման Մաթևոսյանը մինչև շենքի վրա հերոսների նկարները վրձնելը զրուցում է հերոսների հարազատների հետ և էսքիզներ է պատրաստում, մանրակրկտորեն աշխատում, ապա մոտավորապես 8 ժամ անընդմեջ նկարում շենքի պատին։ Նկարիչն ասում է՝ ներկերն արագորեն չորանում են, ուստի հարկավոր է առանց դադարի աշխատել, բայց այդ աշխատանքը հոգնեցուցիչ չէ։ Նկարիչը հպարտությամբ ու հոգատարությամբ է կերտում հերոսների դիմապատկերները։ 

Թեև Արման Մաթևոսյանը չի սիրում խոսել այդ մասին, բայց հերոսների հարազատները փաստում են՝ նա  իր կատարած ախատանքի համար հրաժարվում է վարձատրություն ընդունել ու սիրով իր աշխատանքն է անում։

Գոռի մայրն ասում է՝ երբ տանից դուրս է գալիս կամ տուն վերադառնում, Գոռի նկարն է տեսնում շենքի պատին և դարձյալ հասկանում՝ Գոռը միշտ իր կողքին է։

«Երբ գործից գալիս եմ, գիտեմ՝ ինքն ինձ տանը սպաում է։ Ու էլ գնամ, նա ինձ հետ է։  Հաճախ եմ նայում նրա պատկերին ու երկար զրուցում նրա հետ։ Սա ցավոտ հպարտություն է․․․ Այդպիսի բառ չկա, որ նկարագրեմ, հասկանաք՝ սա ինչ է․․․ Մենք չենք ապրում։ Ո՛չ արևի հետ եմ համակերպվում, ո՛չ անձրևի․ ասում եմ՝ բա ես էս արևը տեսնեմ, իմ տղան չտեսնի՞։ Իրենք անմահացան, մենք մահացանք, մենք չենք ապրում․․․  

Ասում են՝ հողերը պետք է տայինք․ բա որ պիտի տային, ինչո՞ւ ժամանակին չտվեցին, թո՛ղ շուտ տային, գոնե էս երեխեքը տուն կգային, գոնե հաշմանդամ դարձած տուն գային։ Ես մեղադրում եմ նրանց, ովքեր պետք է շուտ կանգնեցնեին այդ պատերազմը, բայց չկանգնեցրին։ Իրենք չեն հասկանում՝ սա ինչ է։ Իրենք մեզ սաղ-սաղ թաղեցին․ մենք ապրում ենք՝ չապրելով, էնքան որ շնչում ենք», — ասում է տիկին Նունեն։

Հասմիկ Բալեյան