Ռոբերտ Կարապետյանը երեք ամիս կորած է եղել: Նրան հուղարկավորել են մահից 3 ամիս անց: ԴՆԹ-ով են ճանաչել: Մայրը՝ Նառան, որդու դեմքը այդպես էլ չի տեսել: Նախանձել է այն մայրերին, որոնք  իրենց զոհված երեխեքին հողին հանձնելուց առաջ նրանց դեմքին նայելու երջանկություն են ունեցել:

Նրա մահվան օրը ծնողները մոտավորապես են հաշվարկել: Հուղարկավորության ժամանակ տերտերը խառնաշփոթության մեջ է ընկել, երբ զոհվածի հայրը հարցրել է նրան յոթի ու քառսունքի մասին: Ինչպե՞ս պետք է պահեք եկեղեցական ծիսակարգը, յոթն ու քառսունքը հաշվարկեք, եթե նույնիսկ մահվան օրը հայտնի չի: «Դուք գնացեք, նշեք, բայց ինչ որ հատուկ օր չկա», — ասել է:

«Վերցնում ենք, որ հոկտեմբերի 6-ից չունենք տեղեկություն, մոտավորապես՝ հոկտեմբերի 10-ին անելու ենք տարին», — բացատրում է Նառան:

Ռոբերտի հետ ծնողները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին, Հադրութում: Նա ուրախ էր, խոստացել էր զանգել: Ծնողները մնացին սպասող: Նրանց կյանքը, կարծես, կանգ առավ այդ ամսաթվի վրա՝ 6 հոկտեմբերի, 2020: Մտքով գամված են այդ օրվան:

Դրանից երեք օր առաջ Ռոբերտի հայրը, որը պահեստազորի գնդապետ է և նույնպես մեկնել էր պատերազմ, գտել էր նրան Հադրութի բունկերներից մեկում: Մի ամբողջ օր հետն է անցկացրել: Հետո վերադարձել է Արմավիր, ինչ-որ իրեր է գնել, որ տանի որդուն, գնացել է Արցախ, բայց այպևս նրան չի գտել: Հադրութի այն տարածքը, որտեղ Ռոբերտն է եղել, արդեն թշնամու ձեռքին էր:

18-ամյա ժամկետային զինծառայող Ռոբետ Կարապետյանը ընդամենը մեկ ու կես ամսվա ծառայող էր, երբ նրան տարան առաջնագիծ: Կարանտինից նոր էր դուրս եկել: «Անգամ պատրոն դնելու ձև չգիտեր, տեսնես, ինչպե՞ս է պաշտպանվել: Ես ամուսնուս միշտ էդ հարցը տալիս եմ՝ գոնե պաշտպանվե՞լ է, կարո՞ղ էր պաշտպանվել, թե ուղղակի խփել-գցել են», — ասում է Նաիրա Եղիազարյանը:

Վերհիշելով, կրկին ու կրկին վերապրելով ողբերգական այդ հուշերը, Նառան վստահ է. ամենացավալին պետության վերաբերմունքն է, այն մեդալը՝մարտական ծառայության համար, որն իրենց դեմքին գիշերով նետել են տաքսիստի  միջոցով:

 Նաիրայի զարմուհին՝ Հասմիկ Մարտիրոսյանը, գրեց այդ մասին՝ որ զոհված զինվորի մեդալը տաքսիստն է բերել ու գիշերով, ճամփեզրին հանձնել նրա հորը:   Լուրը տարածվեց, պայթեցրեց համացանցը, մեծ աղմուկ բարձրացավ: 

Պաշտպանության նախարարությունը՝ հավատարիմ հերքումներ տարածելու իր վաղեմի սովորությանը, ապրիլի 19-ին, արձագանքել է սենսացիոն տեղեկությանը:

ՊՆ-ն հաղորդեց. «Մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը»:

Ըստ հաղորդագրության, լեյտենանտ Ապրեսյանը ցանկացել է մեդալը  հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների մերժումը ստանալով, հանձնել է մեդալը զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ նրա հորը: ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին էլ ՊՆ-ն «արծրունհովհաննիսյանական» ոճով կոչ արեց «չշահարկել ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:

Այս պատասխանն առաջացրել է զոհված տղայի հարազատների վրդովմունքը:

«Մեդալը մեր հարկի տակ հանձնելու առաջարկ չի եղել: Հերքումը կեղծ է, պաշտպանության նախարարությունը ստում է, — ասում է Ռոբերտի մայրը՝ Նառա Եղիազարյանը, — ինչո՞ւ պետք է մենք ճիշտը չասենք, դրա իմաստը ո՞րն է: Եթե սպան է փոխանցել, բա ինչո՞ւ այդ սպան դուրս չի գալիս, բարձրաձայնի ու ասի, որ ծնողը ստում է: Երեկոյան ժամի զանգել է իմ աղջկան, ուզել է Ռոբերտի հայրիկի համարը, ասել է՝ ես մի տասնհինգ րոպեից կլինեմ Արմավիրի կամրջի մոտ: Ամուսինս գնացել է, մի քանի հոգով է գնացել, վկաներ կան: Տաքսիստը հանել է մի հատ «պադառոչնի» տոպրակ, վրան գրած՝ Արցախի Հանրապետություն: Ինքը քաղաքացիական հագնված: Որ նա զանգեց, աղջիկս ասեց՝ ներկայացեք, բայց նա չներկայացավ: Հարց է առաջանում՝ երեկոյան ժամի սպան, առանց վկայական, գիշերային ժամի եկել, մեդա՞լ է բաժանում: Ինչո՞ւ: Էս ձևո՞վ են բաժանում: Դա գնահատական է: Դրանից ցավալի ոչինչ չի կարող լինել: Ես ամուսնուս ասեցի՝ ինչո՞ւ ես վերցրել, պետք է գլխին տայիր: Նա պատասխանեց՝ բայց այդ տաքսիստը ինչ մեղավոր էր: Նա ասել է՝ ինձ տվել են, ասել են՝ տար: Էդ մեդալով ես չեմ սփոփվում, ես իմ կյանքի ամենաթանկ բանն եմ կորցրել, բայց գոնե էսքանից հետո կարել՞ի է, չ՞է, էրեխեքի հանդեպ գոնե հարգանք ունենալ: Չ՞է որ իրենք կյանքով են հատուցել: Ես ահավոր ծանր տարա դա: Ամուսինս էլ, նա ջղայնությունից պոկել էր մեդալի արկղիկը»:

Forrights.am-ի հարցին, թե իր կարծիքով, ինչո՞ւ է ՊՆ-ն կեղծ լուրեր տարածում, սգավոր կինը պատասխանեց. «Ինչո՞ւ եք զարմանում: 44 օր, որ ստեցին, սա նոր բա՞ն է ձեզ համար»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest