Մատաղիսում ծառայող ժամկետային զինծառայող 20-ամյա Դավիթ Զաքարյանը հերոսաբար զոհվել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Դավիթն ու իր զինակից ընկերները տեղափոխվել են Թալիշ՝ այնտեղի դիրքրը պաշտպանելու։

Դավիթի մայրը՝ Լանա Աբրահամյանն, ասում է՝  հերոս որդու հետ վերջին անգամ զրուցել է սեպտեմբերի 26-ին։ Դավիթի ընկերները պատմել են, որ որդին հերոսաբար է կռվել, ոչ մի վայրկյան չվախենալով,  նվիրումով ու անսահման քաջությամբ՝ մեր էպոսի քաջարի հերոս Դավթի  պես։

«Դավիթի մասին միշտ ներկայով պիտի խոսեմ։ Շատ լավ է ծառայել, ամեն ինչից գոհ, կարգապահ։ Միշտ ասել է՝  ինքը լավ է, զինծառայությունը լավ է անցնում։ Դավիթին բոլորն են սիրում։ Երբ իմացա, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել, այդ լուրը շատ ծանր տարա։ Այնքան տարօրինակ զգացողություններ ունեցա։ Չէի էլ սպասում, որ Դավիթը կզանգի, չէի համարձակվում ասել՝ զանգե՛ք՝ իմանանք ինչպես է ինքը։ Մենք սպասում էինք իր զանգին, բայց Դավիթս այդպես էլ չզանգեց․․․ Վերջին անգամ՝ սեպտեմբերի 26-ին, երբ զրուցում էինք, ասաց․ «Մա՛մ, այնքան բան կա պատմելու, ես պատվոգիր եմ ստացել։ Կգամ, կպատմեմ՝ ինչերի միջով ենք անցել զինծառայության ընթացքում»», — Forrights.am-ին պատմում է տիկին Լանան։

Դավիթի ընկերները տիկին Լանային պատմել են՝ սարսափելի օրեր են ունեցել․ անպատմելի ծանր մարտեր են ընթացել հենց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։

«Թալիշում ընթացող ծանր մարտերի ընթացքում իրավիճակը եղել է այնպիսին, որ մեր տղաները պիտի նահանջեին։  Իրենց մոտ հրամանատար էլ չի եղել։ Տղաները պատմում են՝ նահանջի ժամանակ Դավիթն իրենց առաջնորդել է։ Դավիթը այդպիսի բնավորություն ունի՝ առաջնորդ է, լիդերություն կա իր մեջ։ Դավիթն առաջ է անցել, որ ճանապարհ գտնի, որպեսզի մյուսներին էլ տանի, և այդ  ժամանակ թշնամու դիպուկահարները կրակել են նրա վրա։ Նա գլխի հատվածում վիրավորում է ստացել ու զոհվել», — խոր կսկիծով պատմում է հերոսի մայրը։

Տիկին Լանան ասում է՝ չկա օր, որ իր հերոս որդու հոգևոր ներկայությունը չզգա։ Նա ֆիզիկապես չկա, բայց հոգեպես միշտ իր ընտանիքի կողքին է։ Դավիթի մայրն ասում է՝ չի էլ զարմացել, երբ  ընկերները պատմել են՝ Դավիթն առաջ է անցել ու ասել է՝ ինքը վտանգավոր հատվածով կգնա, ճանապարհ կգտնի բոլորի համար, քանի որ Դավիթը  միշտ այդպիսին է եղել՝ խիզախ, նախաձեռնող, ընկերներին նվիրված, անձնուրաց։

«Նա ու նրա պես տղաներն ամեն ինչ արեցին հանուն հայրենիքի, բայց, ցավոք, հայրենի հողում այս սիրուն ու քաջ տղերքին այսպես դավաճանեցին ու կոտորեցին։ Հայրենի հողը հիմա ինձ համար չակերտների մեջ է։ Հիմա միայն իմ կորուստն եմ սգում։ Ես այս պահին միայն դա եմ զգում։ Եթե անգամ մտածում եմ հողերը ետ բերելու մասին․․․ իսկ իմ տղային ո՞նց  ետ բերենք։ Ես արդեն կորցրել եմ նրան։ Իմ թանկը, իմ կյանքի իմաստը չկա, ես այլևս չեմ կարողանում առաջ շարժվել»,  — մորմոքով ասում է տիկին  Լանան։

Նա միշտ վախեցել է այն մտքից, որ, գուցե, Դավիթին  մի օր կորցնի։

«Չգիտեմ՝ ինչու երբեմն նման բաներ էի մտածում դեռ պատերազմից առաջ։ Բայց միշտ այդ մտքերը վանում էի ինձնից․․․․  Հիմա եմ հասկանում, որ, գուցե, ես՝ որպես մայր, կանխազգում էի, որ Դավիթս հատուկ առաքելությամբ է աշխարհ  եղել, որ պիտի հանուն հայրենիքի անձնուրաց պայքարի ու զոհվի հանուն հայրենիքի։ Մի բան էլ կա, որը հաճախ եմ հիշում․ Դավիթը երբեմն ասում էր՝ կյանքը կարճ է, մարդ պիտի վայելի կյանքի ամեն վայրկյանը։ Չգիտեմ՝ այդ մտքերն ինչու էին իր մեջ առաջանում․․․», — ասում է տիկին Լանան։


Դավիթը 10 տարեկանից ստեղծագործել է։  Հերոս որդու ստեղծագործությունները մայրը թանկ մասունքի պես պահում է։ Դավիթի բանաստեղծությունների տետրում գերակշռում են հայրենիքին ու հայրենասիրությանը նվիրված ստեղծագործությունները։ Տիկին Լանան ասում է՝ Դավիթը դեռ փոքրուց  հայրենիքն ու հայրենասիրությունը սրտում պահած  է դաստիարակվել։

«Մեկ էլ տեսնում էինք՝ Դավիթն առանձնանում է սենյակում, երգեր ու բանաստեղծություններ գրում։ 2013 թվականին ստեղծագործություններ է գրել․ տետրերը պահպանվել են։ Հաղթանակի մասին ևս շատ է գրել։ Վերջերս, որ խոսում էի իր հետ, ասացի՝ Դավի՛թ, գտել ենք տետրերդ, կարդացել ենք։ Ինքն էլ շատ ուրախացավ, երբ ասացի այդ մասին։ Հիմա, երևի Դավիթս տեսնում է մեզ, տեսնում է, որ իր մասին իր մայրիկը խոսում է։ Բոլորս միշտ պիտի խոսենք Դավիթիս ու իր պես քաջերի մասին․ իրենք արժանի են», — եզրափակում է հերոսածին մայրը։

Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest