Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքների չափերը բարձրացնող օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան։ Նախագահի դիտարկմամբ՝ օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:
Սարգսյանի աշխատակազմի հրապարակած հայտարարության համաձայն, թեև վիրավորանքը և զրպարտությունն անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի, սակայն միևնույն ժամանակ, փոխհատուցման չափը պետք է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ լինի.
«Իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար»:
Նախագահն օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու:
Հանդիպմանը մասնակցած «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, իրենք դեռ նախորդ ամիս էին դիմել նախագահին՝ հորդորելով չստորագրել խնդրահարույց նախագիծը։ Մելիքյանը վստահ է՝ օրինագիծը կարող է ազդել ազատ խոսքին, կաշկանդել առողջ ու սուր քննադատությունը ոչ միայն լրագրողների, այլև քաղաքացիների շրջանում.
«Ի սկզբանե նախագիծը չպետք է ընդունվեր Խորհրդարանի կողմից, քանի որ ՍԴ-ի դեռևս 2011թ.-ի որոշմամբ՝ դատարանները չպետք է այնպիսի փոխհատուցման չափեր սահմանեն, որոնք կարող են խիստ բացասաբար անդրադառնալ լրատվամիջոցների ֆինանսական վիճակի վրա, և որպես հետևանք լինի նաև սնանկացումը»,- նշում է Մելիքյանը։
Նրա դիտարկմամբ՝ փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան.
«Եթե հաշվի առնենք նաև դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայությունը, ապա նման պայմաններում հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար»։
Օրենքի հեղինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անհիմն է համարում իրենց ուղղված քննադատությունն ու զարմացած է, որ նախագահը լսել է լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները, բայց չի լսել իր դիրքորոշումը։
Սիմոնյանը, սակայն, մնում է նույն կարծիքին՝ այս փոփոխությամբ խոսքի ազատությունը չի սահմանափակվի, այն չի խոչընդոտի բարեխիղճ լրատվամիջոցներ աշխատանքը․
«Լրատվամիջոցները, որոնք չեն ենթադրում, որ զբաղվելու են զրպարտությամբ և վիրավորանքներ տարածելով, որևիցե անհանգստանալու բան չունեն։ Եթե մտածում են, որ վիրավորանք են գրում, և դա իրենց անհանգստացնում է, ապա ես համարում եմ, որ դա արդեն նրանց խնդիրն է։ Եվ այո, իրենք պետք է փոխհատուցեն, և կողմը պետք է հնարավորություն ունենա փոխհատուցում պահանջելու»,- նշում է Սիմոնյանը։
Խնդրահարույց օրինագծին անդրադարձել է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանի իշխանություններին կոչ անելով չեղարկել փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը:
Կազմակերպությունը շեշտում է՝ ցավալի է, որ ՀՀ կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կարող են սահմանափակել խոսքի ազատությունը:
«Կոչ ենք անում հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգություններն ու չեղարկել օրենքը», — ասված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Զոհրաբյանը փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով։ Ըստ պատգամավորի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության և ազատ խոսքը լռեցնելու դեմ:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագծով փոփոխություններ են նախատեսում «Քաղաքացիական օրենսգրքում», վիրավորանքի համար սահմանելով գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: