Ինչու է Դավիթ Տոնոյանը ստվերում, նա պետք է հարցերի պատասխանի

150

Արցախյան երկրորդ պատերազմից կես տարի անց չկան աղմկահարույց քրեական գործեր: Պատերազմից մի քանի օր անց պաշտպանական ոլորտում տեղի ունեցան առանցքային կադրային փոփոխություններ։  Առանց որեւէ հիմնավորման՝ պաշտոնանկ եղան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ նրա տեղակալները: Դավիթ Տոնոյանն այժմ ստվերում է, հրապարակավ որեւէ գործունեություն չի ծավալում: Տոնոյանը վերջին անգամ հրապարակավ խոսք ասել է նախորդ տարվա նոյեմբերի 20-ին՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, որտեղ ասել է, որ հեռանում է:

Հասարակությունը, կարծես, լուռ համաձայնել է Դավիթ Տոնոյանի հետ։ Պատերազմի ժամանակ պաշտպանական ոլորտը ղեկավարած Տոնոյանի մասին հարցեր չեն հնչում: Այդուհանդերձ, նախկին նախարարի այս պասիվությանը զուգահեռ՝ նրա անվան հետ կապված համառ լուրեր են շրջանառվում, թե նա ներգրավված է կոռուպցիոն գործարքներում: Քննչական մարմինները մինչ այս որեւէ տեղեկություն չեն հայտնել այն մասին, թե Դավիթ Տոնոյանն անցնում է ինչ-որ գործով կամ որեւիցե քրգործի շրջանակում  հրավիրվել է նախաքննական մարմին:

Միայն 2021 թվականի մարտի 10-ին լրատվամիջոցները գրեցին, որ Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ռազմական կարիքների համար հաստատված պլանից պետգնումներով շեղումների հետ կապված: Այս մասին որեւէ պաշտանական տեղեկություն չի փոխանցվում:

 Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Forrights.am-ի հետ զրույցում անհասկանալի է համարում Դավիթ Տոնոյանի հետ կապված լռությունը:

«Զինվորի սննդակարգը կամայական փոխվել է, մեր զինվորին երեք տարի է տալիս են ելակ: Ինչու՞: Ըստ օդում կախված լուրերի՝ ելակի պլանտացիաները Դավիթ Տոնոյանին են պատկանում»,- ասում է փաստաբանը եւ նշում, որ նախկին նախարարը պետք է բազմաթիվ հարցերի պատասխանի:

«Դավիթ Տոնոյանը պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի․ երբվանի՞ց դարձար վարկային կազմակերպություն, որ 3,5 մլն դոլար վարկ ես տալիս Հայաստանում չգրանցված ընկերությանը, ինչպե՞ս է լինում է զինվորի սնունդ ծրագրում ընդգրկված ընկերություններն ընդգրկվել են առանց մրցույթի, ընդ որում, ինչպե՞ս է լինում որ այդ ընկերությունը պատկանում է իր ընկերներին: Ինչպե՞ս է լինում, որ այդ ընկերություններից մեկը սննդի հետ ընդհանրապես կապ չունի, բուժտեխնիկա ներկրող ընկերություն է: Սա ինչպե՞ս է պատահում»,-նշում է նա:

Մամուլում շրջանառվել էր տեղեկություն, թե  ՊՆ-ն 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել զենքի բիզնեսով զբաղվող  Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությանը։ Գալստյանն ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Նախարարությունից  մեկնաբանել էին, որ փոխառությունը «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությանը հատկացրել է՝ երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։  Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  Forrights.am-ին փոխանցեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է այս փոխառությամբ:

«3,5 մլն դոլար վարկը, որ Պաշտպանության նախարարությունը տվել էր «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությանը, իմ մոտ պաշտոնական տեղեկությունն այն է, որ ԱԱԾ-ում այս դեպքով քրեական գործ կա, ԱԱԾ-ից ինձ գրավոր պատասխանել են: ՊՆ-ն Դավիթ Գալստյանին պարտքով փող է տվել»,- ասաց նա:

Հիշեցնենք`Դավիթ Գալստյանն ԱԱԾ-ում անցնում է մեկ այլ գործով: ԱԱԾ-ն  նրան ձերբակալել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորել։ Իրավապահ կառույցից  հայտնել էին, որ արտերկրում գրանցված «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարել էր, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն համապատասխան և պայմանագրում նշված տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում:

Ազգային ժողովի՝Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը եւ մյուսները չպետք է հեշտ գնան, որովհետեւ բազմաթիվ հարցեր են թողել  իրենց պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո:

«Նրանք համար մեկ կառավարիչներն են եւ այդ կուտակված հարցերին պետք է պատասխանեն: Օրինակ՝ կառավարման կենտրոնում, ըստ կադրերի, կանգնած է եղել Դավիթ Գալստյանը․ ի՞նչ իրավասությամբ: Իմ մոտ տպավորություն էր, որ Պատրոն Դավոն նախարարի խորհրդական էր, բայց այդպես չի եղել, ուզում եմ հասկանալ այդպիսի մեղադրանք ունեցող մարդը կառավարման կենտրոնում ի՞նչ էր անում: Սա մի փոքր հարց եմ ասում»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե ու՞ր են համապատասխան քրգործերը, որոնք պետք է տան բազմաթիվ հարցերի պատասխաններ, Անդրանիկ Քոչարյանն ակնարկում է, որ դրանք կհարուցվեն արտահերթ ընտրություններից հետո:

«Մենք ունեցել ենք անշրջելի կորուստներ, բնականաբար, դրա պատասխանատուները պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի»,- ասաց նա:

Դավիթ Տոնոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նա մեր զանգերն անպատասխան թողեցԴավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը Forrights.am-ին փոխանցեց, որ ինքը տեղեկություններ չունի, թե ՊՆ-ից Դավիթ Գալստյանին տրված փոխառության հետ կապված ԱԱԾ-ում ինչ գործ կա:

«Ես այդ քրեական գործից տեղեկություն չունեմ, այդ գործը որով Դավիթ Գալստյանը կալանքի տակ է, կապ չունի այդ փոխառության հետ: Հնարավոր է, որ ժամանակին նյութեր են նախապատրաստվել, իսկ հիմա քրգործ է հարուցվել»,- ասաց նա:

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Դավիթ Գալստյանի քրգործով անցնում է Դավիթ Տոնոյանը: Վերջինս ասաց, որ տեղեկություններ չունի:

Նարեկ Կիրակոսյան