Գույքը կվերադարձնեն, կյանքը՝ ոչ. ծանր պատիժ «Անելիք» բանկի աշխատակցի սպանության գործով

98

«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության գործով ձգձգված դատաքննությունը կարծես թե մոտենում է ավարտին: Այն տևեց 5 տարի: Ամբաստանյալի աթոռին է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը: Մեղադրող դատախազը նրա համար պահանջել է 17 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ աղմկահարույց սպանությունը, որի մասին գրում էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները, տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին, երեկոյան, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ:

Հովհաննես Աթանյանը դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին էր:

Տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը իր ընտանիքին պատկանող շարժական գույքը 2012 թվականին անհատույց օգտագործման է հանձնել «Գիտի Տոստո» ՍՊԸ-ին: Նոր տերը այդ բանկում վարկ է ունեցել 1.3 մլն դոլարի, վարկ, սակայն չի կատարել իր պարտավորությունները: «Գույք պարտքի դիմաց» սխեմայով նա հանձնել է սրահը, իսկ բանկը տիրացել է նաև Պողոսյաններին պատկանող շարժական գույքին: Ապա բանկը վաճառել է սրահն ու շարժական գույքը «Նարինյան» ՍՊԸ-ին:

2013 թվականին Պողոսյանները դիմեցին դատարան շարժական գույքը վերադարձնելու պահանջով, սակայն չսպասելով դատական որոշումներին, Մկրտիչ Պողոսյանը մի քանի անգամ այցելել էր Աթանյանին, քննարկելու խնդիրը, պնդել է, որ իր գույքը իրեն վերադարձնեն, քանի որ եղել է դրա վերաբերյալ դատական վճիռ: Հերթական մերժումը ստանալով, սպանել էր  բանկի աշխատակցին հրացանով:

Մկրտիչ Պողոսյանն իր մեղքը ընդունել է, սակայն այսօր, 5 տարվա կալանքից հետո նա գտնում է, որ իր նկատմամբ չափազանց խիստ պատիժ են պահանջել: Բանն այն է, որ Պողոսյանին նախ մեղադրում էին դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սակայն քննության ընթացքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանությունը կապված է տուժողի ծառայողական գործունեության կատարման հետ, Մկրտիչ Պողոսյանին նոր մեղադրանք առաջադրվեց՝ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ»: Այն նախատեսում է ազատազրկում տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ: 

«5 տարի 6 ամիս կալանքի տակ եմ: Ես ոչ գրավատու եմ, ոչ վարկառու եմ, ոչ երաշխավոր եմ: Ես գործարքի որևէ կողմ չեմ հանդիսացել: Ես սպանել եմ, սակայն իմ արարքը կապ չունի նրա ծառայողական գործունեության հետ: Նա անցել է իր լիազորությունները, օգտվելով իր ծառայողական դիրքից: Նա մեր կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է իր  բարեկամի ՍՊԸ-ին», — հարազատների միջոցով մեզ փոխանցեց Մկրտիչ Պողոսյանը:

Քրեական գործով նրա փաստաբան Սուսաննա Սարգսյանը համոզված է՝ Պողոսյանի արարքը սխալ է որակված: «Միայն այն հանգամանքը, որ տուժողը որոշակի պաշտոն զբաղեցնող անձ է, բավարար չի արարքը որակելու որպես ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված սպանություն: Իմ ձեռքի տակ եղած նյութերով ես գտնում եմ, որ բավարար ապացույցներ չկան 104-րդ հոդվածի երկրորդ մասով մեղադրանք առաջադրելու համար: Ինձ համար մեղադրանքի պատճառաբանական մասն է հետաքրքիր, որպես դրդապատճառ է ներկայացվում այն, որ տուժողը, լինելով իրավաբանական վարչության պետ, ցուցում է տվել իր աշխատակիցներին, որ առարկություններ ներկայացնեն դատարանում: Իրենց հարաբերությունը չի տեղավորվել պաշտոնեական, ծառայողական տրամաբանության մեջ»: Սուսաննա Սարգսյանը օրերս է ներգրավվել, և դեռ ծանոթանում է գործի նյութերին:

Կհաջողվի նրան «կոտրել» դատախազության վերաբերմունքը, ավելի մեղմ պատժաչափի հասնել իր պաշտպանյալի համար, կերևա առաջիկայում: Իսկ մեզ ուշագրավ թվաց այն հանգամանքը, որ Մկրտիչ Պողոսյանի փաստաբան Սարգիս Ասլանյանը 7-8 տարվա պայքարից հետո այնուամենայնիվ հասավ նրան, որ անցյալ տարվա մայիսին վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց Պողոսյանի 2013 թվականի հայցը, պարտադրելով «Անելիք» բանկին վերադարձնել նրան մոտ 80 անուն գույքը: Այժմ, ինչպես հայտնեց փաստաբան Սարգիս Ասլանյանը, բանկի հետ բանակցություններն ընթացքում են:  Բայց մարդկային կյանքը ու խորտակված ճակատագիրը հետ չես վերադարձնի:

Սյուզան Սիմոնյան