Հադրութի Մեծ Թաղեր գյուղից Հրաչիկ Միրզախանյանի երեք որդիները՝ Գագիկը, Գառնիկը և Արթուրը մասնակցել են արցախյան վերջին պատերազմին, իսկ ավագ որդին՝ Արարատը, չի կարողացել  գնալ պատերազմ, քանի որ առաջին կարգի զինհաշմանդամություն ունի․ նա  2007 թվականին Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման ընթացքում է վիրավորում ստացել։

Հրաչիկ Միրզախանյանն ասում է՝ այս պատերազմն իրենցից ամեն ինչ խլեց, Գառնիկին էլ խլեց․․․

Գագիկն ու Գառնիկը ժամկետային զինծառայողներ էին։ Վեց ամիս հետո պիտի տուն վերադառնային։ Նրանք ծառայել են  Հադրութում։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից անմիջապես հետո եղբայրերն իրենց ծառայակիցների հետ տեղափոխվել են Կարախանբեյլիի հատված ու կռվել։ 

1990-ականներին արցախյան գոյամարտին մասնակցած պարոն Հրաչիկն ասում է՝ ինքն էլ կմասնակցեր պատերազմին, պարզապես առողջական խնդիրները թույլ չտվեցին։ Այնուամենայնիվ, նա փորձել է մեր զինվորներին աջակցել իր հնարավորությունների ներածի չափով՝ նրանց սնունդ ու անհրաժեշտ պարագաներ է հասցրել․․․ Մեծ թաղերում ապրող այս ընտանիքը հանուն հայրենիքի փրկության՝ զոհասեղանին է դրել ամենաթանկը,  բայց, ինչպես պարոն Հրաչիկն է ասում, ժողովրդին ու տղաներին դավաճաներցին․ տղաները զոհվեցին, իսկ հայրենիքի մի մասը բաժին հասավ թշնամուն։

Նա ասում է՝ պատերազմի ընթացքում սարսափելի օրեր են ապրել։

«Հոկտեմբերրի 1-ին տեղեկացանք, որ Գագիկը ծանր վիրավորում ունի, Գառնիկից էլ ոչ մի տեղեկություն չկար։ Գագիկը Ստեփանակերտի հոսպիտալում մի կերպ ուշքի եկավ, ասաց․ «Պապա՛, պեխոտը եկավ, դիմադրեցինք, բայց հարվածեց ու  Գառնիկին սպանեց»։ Գագիկիս վիճակն էլ շատ վատ էր․ վնասվել էին աղիները, մեջքը, թևը, ոտքերը․․․ Երեխային նույն օրը Երևան տեղափեխեցին, այնքան վատ էր․․․․ «Հիմա էլ լավ վիճակում չէ ու դեռ էլի պիտի վիրահատեն», — պատմում է պարոն Հրաչիկը։

Գագիկը ցավով, բայց և հպարտությամբ հիշում է իր հերոս եղբոր մղած պայքարի վայրկյանները։

«Սնարյադը հարվածեց, Գառնիկը վիրավորվեց, բայց վիրավոր վիճակում կռվում էր, հետո զոհվեց։ Ես էլ վիրավորում ստացա ու գիտակցությունս կորցրի։ Հետո աչքերս բացեցի, տեսա՝ հիվանդանոցում եմ։ Բոլորս պատրաստ էինք մինչև վերջին շունչը կռվել ու այդպես էլ անում էինք», — ասում է Գառնիկը և հավելում՝ ցավալի ու վիրավորական է, որ հիմա տեսնում է՝  այն հողերը, որտեղ անձնուրաց պայքարով ամեն սանտիմետրը աչքի լույսի պես պահում էին մեր տղաները, բաժին հասավ թշնամուն։ Զենքով պահածը գրչով տվեցին․․․ 

Գառնիկ Միրզախանյանը


Հայրը  որդու՝ Գառնիկի մարմինը գտել է մի քանի օր անց, այնուհետև հերոս որդուն հոկտեմբերի երեքին հուղարկավորել հայրենի Մեծ Թաղեր գյուղում: Գյուղը դեռ թշնամու վերահսկողության տակ չէր։

«Հուղարկավորումից հետո եկա Երևան, քանի որ Գագիկին պիտի վիրահատեին, անընդհատ իր մոտ էի գնում, վիճակը վատ էր։ Հետո ամսի 22-ին լսեցի՝ թուրքերը գյուղը  վերցրել են, մտել էին մեր հողը, և աներևակայելի բաներ էին անում։ Պղծել էին մեր գյուղի գերեզմանոցները։ Գերեզմանաքարերը, ամեն ինչ հողին էին հավասարեցրել։ Հետո  ռուսների միջոցով ու օգնությամբ  գնացինք Մեծ Թաղեր, բայց անգամ Գառնիկի գերեզմանը չէինք կարողանում գտնել, այնպես էին ավերել։  Մի կերպ գտանք շիրիմը, Գառիկիս բերեցինք այստեղ․ հիմա նա Եռաբլուրում է։ Սիրտս պայթում էր էն մտքից, որ երեխիս գերեզմանը թուրքերի ձեռքում է։ Հիմա գոնե հոգիս հանգիստ է, որ Գառնիկս Եռաբլուրում է ննջում։ Բայց մյուսների  գերեզմաններն էնտեղ մնացին ու նրանք հողին  հավասարեցրին ու պղծեցին», — արցունքների միջից պատմում է որդեկորույս հայրը։

Հիմա Միրզախանյանների ընտանիքն անտուն, առանց աշխատանքի է մնացել։ Չորս տղա ու երկու դուստր ունեցող Հրաչիկ Միրզախանյանի մի դուստրն ու որդին այժմ Ստեփանակերտում են ապրում, իսկ պարոն Հրաչիկը մյուս դստեր, թոռնիկի ու երկու որդիների՝ Գագիկի ու Արթուրի հետ Երևանում՝ հյուրանոցում է ապրում։ Միրզախանյաններն ասում են՝ գոնե Ստեփանակերտում են ուզում ապրել՝ գոնե հարազատ Հադրութին հնարավորինս մոտ, պարզապես հիմա Գագիկը բուժումներ է ստանում․ նրան պետք է հիվանդանոց ուղեկցել, հոգալ նրա մասին․․․ Միրզախանյանների ընտանիքը ծանրագույն սոցիալական վիճակում է հայտնվել։ Հրաչիկ Միրզախանյանն ասում է՝  ողջ կյանքում աշխատել է, երեք տուն կառուցել, իսկ հիմա ոչինչ չունի ու բարերարների շնորհիվ են կարողանում ապրել․ այդ իրավիճակը ճնշող է։

«Որդիս՝ Արթուրը, որ պատերազմ է տեսել, այս պատերազմում Շուշիում շրջափակման մեջ հայտնվել ու մի կերպ դուրս եկել,  փրկվել, առաջիկայում պայմանագրային զինծառայող է դառնալու։ Ասում եմ՝ ա՛յ բալա, Գառնիկին կորցրել եմ, էլ չեմ դիմանա, գոնե դու մի՛ գնա, ասում է՝  ես Գառնիկից ու էն մյուս տղաներից լավը չեմ, ուրիշ գործի չեմ գնա, պիտի զինծառայող դառնամ», — պատմում է պարոն Հրաչիկը։

«Տուն ու տեղ ունեինք, ապրուստ ունեինք, ամեն ինչ էլ ունեինք, իսկ հիմա ոչինչ չունենք, մնացել ենք բարի մարդկանց հույսին․․․․Բայց, հույս ունեմ՝ գնալու ենք Հադրութ, ուղղակի պիտի այս ղեկավարությունը փոխվի։ Եթե չփոխվի, ոչ մի լավ բան էլ չի լինի, իրավիճակն էլ ավելի կբարդանա։ Ամեն օր մի վատ բան ենք լսում, լավ բան չկա․․․», — եզրափակում է պարոն Հրաչիկը։

Հասմիկ Բալեյան

Pin It on Pinterest