«Հայ ազգային կոնգրեսի» անդամ, ԵՊՀ պրոֆեսոր, ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադևոսյանը, որը դեռ 2019 թվականին համոզված էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի մեկի բացահայտման հարցում կգնա մինչեւ վերջ, այսօր հիասթափված է, ինչպես հազարավոր մարդիկ Հայաստանում:  Նա գտնում է, որ ՍԴ որոշումը, որով հիմք ստեղծվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու, անընդունելի էր: «Հազարավոր փողոցներում, հրապարակներում հավաքված մարդիկ Մարտի 1-ին իրենց աչքով տեսան, որ բանակը խառնվում է քաղաքական գործընթացներին ու որ արվում է այդ ժամանակ գործող նախագահի հրամանով, բայց ՍԴ-ն որոշում է, որ այդպիսի բան չի եղել, այսինքն՝ չի եղել սահմանադրական կարգի տապալում», — ասում է նա:

 Հիշեցնենք՝ Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արեց այն, ինչ անհնարին էր թվում հեղափոխության առաջին իսկ օրվանից՝ արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հիմք ընդունելով ՍԴ որոշումը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով ՀՀ երկրորդ  նախագահը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ,  Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերբերյալ:

Forrights.am-ի զրույցը Զոյա Թադևոսյանի հետ՝ ստորև: 

— Այո, բազմահազար ժողովուրդը տեսավ, որ բանակը ներքաշել են քաղաքականության մեջ, բայց այսօր կարծես, ոչինչ չ ի եղել: Ինչո՞ւ այսպես եղավ:

— Այդպես եղավ, քանի որ 20 տարի շարունակ դատաիրավական համակարգը ծայրից ծայր կոռումպացված էր: Նրանց համար գոյություն չուներ արդարություն, արդարադատություն: Նրանք աշխատում էին իշխանազավթիչների տրամադրության և տրամաբանության շրջանակում: Օրենսգրքերը չէին գործում, մարդիկ սովորել էին կոռուպցիոն ճանապարհով ապրուստի միջոցներ ձեռք բերել: Դրանք հսկայածավալ են և նյութականացված են դղյակների, թանկարժեք մեքենաների, ուղևորությունների, երեխաների արտասահմանում կրթվելու և այլ միջոցներում: Հետևաբար, մարդիկ սովոր էին անաշխատ եկամուտներին, ցոփ ու շվայտ ապրելուն, և հեշտությամբ հրաժարվել դրանցից չէին կարող: Եւ բոլորը  միասին, բանդայի տրամաբանությամբ շարունակում էին իրենց սև գործը:

-Այսօրվա ՍԴ-ն է՞լ է մտնում դրա մեջ:

— Նույնը՝ Սահմանադրական դատարանը: Այն, իբր, փոխվեց, ի դեմս հինգ նոր անդամների, որոնից մեկը՝ Վահե Գրիգորյանը, իրավունք ունի կոչվելու արդար դատավոր: Մնացածը նույն կոռումպացված համակարգի սպասարկուներն են: Վահե Գրիգորյանը Մարտի մեկի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ էր, և նա չէր կարող մասնակցել ՍԴ այդ որոշման ընդունմանը, քանի որ կլիներ շահերի բախում:

— Բայց երեք դատավորներ կան՝  Շաթիրյան, Խունդկարյան, Վաղարշյան, որոնք նշանակվել են Փաշինյանի օրոք, բայց փաստորեն, նրանք էլ են համամիտ եղել այդ որոշմանը, հատուկ կարծիք չեն ունեցել: Ինչո՞ւ:

— Նրանց թեկնածությունը երբ որ դրված է եղել ԱԺ-ում ու մինչ այդ էլ հանրային քննարկումների ժամանակ, ակնհայտ էր, որ հանրությունը նրանց միանշանակ չի ըդունում: Շատ քննադատություններ, առարկություններ կային: Ես չգիտեմ, եթե մարդը նստում  է պաշտոնի, ինքը կարո՞ղ է երդվել, որ այսուհետ կլինի ազնիվ: Ազնիվ լինում ես, կամ ոչ, ազնվությունը երդվելով չի: Եթե մինչ այդ երդումը քո թաթը սովոր է վերցնելու ու գրպանը դնելու, այդ թաթը արդեն մեխանիկորեն է աշխատում: Իսկ Հրեշը՝ ես նրա անունը չեմ ուզում տալ,  նրանց սնուցող հայրն է եղել: 98 թվականից կոռուպցիան արդեն աստիճանաբար, հետո արագ տեմպերով, հետո համակարգային, տեղ գտավ մեր կյանքում:

— Կարծիքներ են հնչում, որ Փաշինյանը, գուցե, Պուտինի թելադրանքով, կամ այլ պատճառով համաձայն է եղել ՍԴ այս որոշմանը: Կարո՞ղ էր այդպես լինել:

— Հնարավոր է, որ եղած լինեն ճնշման հնարքներ, և ինչ-որ խնդիրներ քննարկելիս, դա օգտագործվեր որպես ճնշման գործիք: Ես հստակ տեղեկություն չունեմ, կասկածներով տեսակետ հայտնել չեմ կարող: Բայց ակնհայտ է, որ Փաշինյանը բավականաչափ գրագետ ու պատասխանատու գործիչ չէ: Նա իրավիճակը ճիշտ հասկացավ, բայց ճիշտ չգնահատեց իր ուժերը: Նա չգիտե՞ր, որ արցախյան հիմնահարցի լուծման արդեն երկար տարիներ քննարկված, որոշակի իրավիճակ էր ձևավորվել և փաստաթղթավորվել, իրեն մնում էր միայն սստորագրել: Եթե տարիներով քննարկված միակ ճիշտ լուծումը այն փաստաթուղթը ստորագրելն է, որը «Լավրովի պլանի» տեսքով դրված էր սեղանին, նա պարտավոր էր դա անել: Վախենալ դավաճանի պիտակից պետք չէր: Այդ պիտակը նրան կպցնում էին վճարովի անձինք ու լրատվամիջոցները, որոնք ծառայում էին երկու նախկին իշխանագողերին, իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով: Բայց ստորագրելու փոխարեն մի ամբողջ սերունդ մատաղ արվեց:

— Վերադառնալով մարտի մեկի գործին: Դատախազությունը փորձում է հասնել նրան, որ վերավորակի Քոչարյանի և մյուսների մեղադրանքը, և դիմում է այն նույն ՍԴ-ին, որը, փաստացի, արդարացման հիմք ստեղծեց նրանց համար: Չե՞ք կարծում, որ սա ինչ-որ բան անելու իմիտացիա է, իսկ իրականում արդարության պահանջը մնաց օդում:

Կարել՞ի էր հույս ունենալ, թե այս դատաիրավական համակարգւ իրականում ցանկանում է այդ գործը բացի: Իմ կարծիքով՝ ոչ: Չէ որ այդ նույն քննիչները փաստեր են թաքցրել, ցուցմունքներ են կեղծել, վկաներին են ծեծել-ջարդել, իրեղեն ապացույցներ են կեղծել: Էդ նույն մարդիկ են, չէ՞: Հիմա նրանք որոշել են արդարության ճանապարհո՞վ գնալ: Իհարկե, ոչ: Նրանք բանդա են, իսկ բանդան ունի իր օրենքները՝ իրար ծախել չի կարելի, իրար քցել չի կարելի և այլն: Ու բոլորը օգտվել են Փաշինյանի միամտությունից, անգետությունից, անհետևողականությունից, անվճռականությունից: Դատաիրավական բարեփոխումները մնացին երազանք: Գոնե մի քայլ արվեր, մի գործ սկսեր, որ մարդիկ իմանային, որ բարեփոխումը գալու է, իրենց էլ է հասնելու ու դադարեցնեին իրենց հակապետական պահվածքը: Չարվեց:

— Հիմա ի՞նչ է պետք անել, Ձեր կարծիքով, ինչ՞ի եք սպասում: 

— Սպասում եմ, որ մեր ազգը ի վերջո, ընտրություն կատարի խելացիների միջև ու ընտրի խելացի, ժամանակակից աշխարհի իրողությունները, աշխարհի համակեցության կանոնները ճիշտ ընկալող, հարգող քաղաքակիրթ մարդու:

— Հաջորդ իշխանությունը կդն՞ի Մարտի 1-ի հարցը:

— Պարտավոր է դնել: Թույլ տալ մեկ անձի, երկու արյունալի, ճակատագրական ժամանակահատված ՀՀ-ում կառավարել, չենք կարող:  Հոկտեմբերի 27-ին երկրի իշխանությունը գլխատվեց, ու դա մարսվեց: Այդ գլխատումը մեզ համար զուտ մահեր չէին, նրանց հետ ժողովուրդը կապում էր մեծ ակնկալիքներ, մեր երկիրը, զարգացումները հետ մղվեցին: 2008 թվին հասարակությունը նորից համախմբվեց: ՀԱԿ դաշինքը  բոլոր առողջ ուժերին հավաքեց իր դրոշի տակ, բայց նորից արյունահեղության ճանապարհով իշխանությունը զավթվեց: Ու կրկին տասնյակ տարիներով հետ ընկավ մեր զարգացումը: Մարտի  մեկով ու Հոկտեմբերի 27-ով մեր զարգացումը դարձավ ոչինչ, ու այսօր  մենք ծանրագույն իրավիճակում հայտնվեցինք: Այս պարագայում ժողովուրդը, կարծես, սթափվում է: Ես հուսով եմ, որ այս անգամ ժողովուրդը կընտրի խելոքների ու գրագետների միջեւ, ոչ թե գողերի ու անգրագետների: Մենք ունենք երիտասարդություն, որը կրթված է, հայրենանվեր է, որը եթե նույնիսկ իր նյութական շահի մասին մտածի, չի հասցնի կոռուպցիայի այն աստիճանի, որ մեր լինել-չլինելու հարցը դրվի:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest