2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում ռազմական կարևոր պաշտոններ զբաղեցրած և, ըստ տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունների, մարտական գործողությունների ընթացքում թերացած անձինք նույնիսկ 2020 թվականի Արցախյան պատերազմի պարտությունից հետո շարունակում են  առանցքային պաշտոնների նշանակվել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Արտակ Դավթյանը, իսկ մի քանի օր առաջ էլ՝ նրա առաջին տեղակալ նշանակվեց Արշակ Կարապետյանը:  Արտակ Դավթյանը քառօրյա պատերազմի օրերին զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, իսկ Արշակ Կարապետյանը՝ հետախուզության վարչության պետի պաշտոնը:

Իշխանափոխությունից հետո ստեղծված՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն, ըստ այս հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանի, արձանագրել է քառօրյա պատերազմի ժամանակ այս երկու պաշտոնյաների թերացումները: Գորգիսյանը պնդում է․ Արտակ Դավթյանը քառօրյա պատերազմի և 2020 թվականի պատերազմի  հիմնական մեղավորներից է:

«Բազմաթիվ են հիմքերը, որ Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, այնպիսի զենքեր գնելու համար, որոնք, ակնհայտ էր, որ մենք չէինք կարողանալու օգտագործել, և շարքից հանել ենք զենքեր, որոնք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու։ Հայաստանին պատրաստել ենք պարտության։ Դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ՝ որպես ԳՇ պետ։ Ինչո՞ւ։ Այդ հարցին պիտի տրվեն պատասխաններ։ Ես կարծում եմ՝ քրեական գործի շրջանակում»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

Գորգիսյանի խոսքով՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրելու արդյունքում ակնհայտ է դարձել, որ բազմաթիվ թերացումներ են եղել նաև հետախուզության ոլորտում, որոնց թիվ մեկ պատասխանատուն Արշակ Կարապետյանն է։ Պատգամավորը հրաժարվում է մանրամասներ հայտնել․

 «Ես պնդում եմ, որ այդ ժամանակ թերացումներ են եղել հետախուզական աշխատանքներում, և դրանց մանրամասների մասին իշխանափոխությունից հետո, երբ կհարուցվեն քրեական գործեր, կխոսենք։ Արշակ Կարապետյանը և Արտակ Դավթյանը, բոլորը պիտի պատասխան տան»:

Կարապետյանին և Դավթյանին վերագրվող այս  սկանդալային տեղեկությունների ֆոնին տարակուսանք է առաջացնում նրանց՝ բանակի հրամանատարական կազմում նշանակումները: Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև ապրիլյան քննիչ հանձնաժողովն է նախագահել այս նշանակումներն արդարացնում է այն հիմնավորմամբ, թե փետրվարի 25-ից հետո բանակը մտել էր քաղաքական գործընթացների մեջ և այն պետք էր կանխել:

«Արշակ Կարապետյանի, Արտակ Դավթյանի  նշանակումները հետևեցին այն քաղաքական գործընթացներին, որի մեջ հայտնվեց մեր Զինված ուժերը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Առաջնահերթ էր բանակից հեռացնել այդ տրամադրությունները»,- ասաց նա, ընդգծելով, որ հրամկազմում այլ անձանց չնշանակելը պայմանավորված է նաև կադրային խնդրով:

Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու օրերին զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու: Իսկ այժմ էլ, երբ Արշակ Կարապետյանն է նշանակվում ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում, օբյեկտիվ հարցեր են առաջ գալիս՝ արդյոք Հայաստանի քաղաքական իշխանություններին բանակում իրենց իսկ վերջին նշանակումներն են կաշկանդում հրապարակել այդ զեկույցը, որտեղ որպես թերացողներ կարող են լինել այդ պաշտոնյաները: Անդրանիկ Քոչարյանն այս մտահոգությունների վերաբերյալ այլ մեղավորների անուններ նշեց:

«Քառօրյա պատերազմի թիվ մեկ պատասխանատուն Արտակ Դավթյանը չէ։ Մինչև Արտակ Դավթյանը գուցե Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրո՞վը պետք է պատասխան տան իրենց քաղաքական ղեկավար Սերժ Սարգսյանի հետ միասին: Արտակ Դավթյանն օպերատիվ վարչության պետն է եղել, որը ենթարկվել է Յուրի Խաչատուրովին»,- ասաց նա:

Ապրիլյան պատերազմից հետո բանակում առկա խնդիրների հետ կապված՝ շրջանառվեցին մի շարք վարկածներ, որոնք նպաստել են հայկական կողմի կորուստներին: Նիկոլ Փաշինյանի թիմն ընդդիմության տարիներին սուր քննադատում էր Սերժ Սարգսյանի իշխանությանը, իսկ ահա իշխանափոխությունից հետո խոստացան սկանդալային բացահայտումներ: Այժմ, երբ հայտարարվում է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, ենթադրելի է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա, թե քառօրյա պատերազմի ժամանակ ինչ խնդիրներ են եղել, որքանով են դրանք լուծվել իշխանափոխությունից հետո և որքանով են նպաստել 2020-ին պատերազմի վերսկսմանն ու հանգեցրել պարտության: Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ իր ելույթը կպատասխանի բոլոր հարցերին․

«Մենք պետք է հասկանանք, թե քառօրյա պատերազմն ինչի առաջ կանգնացրեց զինված ուժերին և հնարավոր եղավ դա ուղղելու, որպեսզի 44-օրյա պատերազմում, այնուամենայնիվ, մենք արձանագրեինք այլ իրավիճակ»:

«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատաող Հրանտ Միքայելյանը Forrights.am-ի հետ զրույցում զեկույցի չհրապարակման հիմնական պատճառ նշում է այն, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են, իսկ իշխանությունների գործելաոճը միտված է նախընտրական գործընթացներին, և այս շրջանում կարիք չկա հրապարակել զեկույցը, որը հնարավոր չի լինի օգտագործել նախընտրական փուլում:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կազմած զեկույցը, եթե չի հրապարակվում, ապա հանրությունը չի ստանում այն հարցերի պատասխանները, թե 2016 թվականին զինված ուժերն ինչ խնդիրներ է ունեցել, պատերազմից հետո դրանք որքանով են լուծվել և թերությունների չշտկումը որքանով է նպաստել նախորդ տարվա պատերազմում հայկական կողմի պարտությանը: Forrights.am-ի այս դիտարկման վերաբերյալ Հրանտ Միքայելյանն ասաց.

«Անցյալ տարվա պատերազմը իմաստազուրկ արեց քննիչ հանձնաժողովը, որովհետև եթե առաջ կարիք կար ցույց տալու, որ մենք ինչ-որ բան ուսումնասիրեցինք, դասեր քաղեցինք, ապա, այս պահի դրությամբ, դրա կարիքը չկա, որովհետև պատերազմն արդեն անցել է: Այդ հանձնաժողովի զեկույցում ոչ մի հետաքրքիր բան չկա, նախընտրական փուլով պայմանավորված՝ հրապարակելը նպատակահարմար չէ: Այն եզրակացությունը, որը պետք է արվեր հետագայի համար, այդ էլ չկա»:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest