Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է արել դատաիրավական համակարգը բարեփոխելու, նախկին իշխանություններից կախում ունեցող դատավորներից ազատվելու և հանրային վստահությամբ դատարաններ ունենալու համար: Այս հարցերին ի պատասխան՝ հեղափոխության ակտիվ մասնակից, Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Մարիա Կարապետյանն ասում է, որ իշխող թիմում առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագիրն են կազմում։ Այնտեղ նշվելու է, թե նախկինում տրված խոստումներից որոնք են իրականացվել:
Իրավապաշտպանների կողմից հնչող մեղադրանքերին, թե Նիկոլ Փաշինյանի խոստացած վեթինգը տեղի չի ունեցել, Մարիա Կարապետյանն ուշագրավ հայտարարություն է անում՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքը ո՛չ 2018 թվականի նախընտրական ծրագրում, ո՛չ էլ դրանից հետո ձևավորված կառավարության ծրագրում վեթինգ անելու խոստում չի տվել:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին առաջին անգամ հայտարարեց 2019 թվականի մայիսի 20-ին, երբ Քոչարյանի խափանման միջոցը փոխվելուց հետո քաղաքացիներին կոչ էր արել շրջափակել դատարանների մուտքերը: Ըստ Փաշինյանի խոստման՝ պետք է դատական համակարգից հեռանային կամ հեռացվեին այն դատավորները, որոնց կայացրած որոշումներով ՄԻԵԴ-ն արձանագրել էր մարդու իրավունքերի խախտումներ: Այդպիսի դատավորներից Երվանդ Խունդկարյանը ոչ միայն դատական համակարգից չհեռացվեց, այլ ընտրվեց ՍԴ դատավոր:
«Մենք ընտրել ենք գնալ մի ճանապարհով, որը կոչում են փափուկ վեթինգ: Կար երկու ճանապարհ. մեկը, որ բոլոր դատավորները համակարգից դուրս էին գալիս, իսկ հետո հերթով ընդունվում աշխատանքի, մյուսը, երբ հետայսու ցանկացած թերացում թույլ տալու կամ դրա ողջամիտ կասկածի պարագայում գործում են այն մեխանիզմները, որոնք նրանց զտում են համակարգից: Մեր գնահատմամբ՝ կոշտ վեթինգը ռիսկային էր՝ կադրերի, վիճարկումների առումով, այսինքն՝ դատավորները, որոնք կլքեին համակարգը, համամիտ չէին լինի դրա հետ և դատական պրոցեսներ կսկսեին: Մենք գնացինք փափուկ վեթինգի ճանապարհով, որը պակաս ռիսկային է, բայց մեր համոզմամբ՝ տանելու է առողջացման ճանապարհով»,- ասաց իշխանական պատգամավորը:
Մարիա Կարապետյանը նշում է, որ իշխող թիմն ինչ-որ հարցերում թերացել է, ինչի պատճառով էլ հեղափոխությունից երեք տարի անց՝ դատական համակարգն անկախ չէ: Պատգամավորն արձանագրում է, որ չեն իրականացվել անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները:
Նկատենք, որ անգամ իշխանությունների նախաձեռնած «փափուկ վեթինգը» իրականություն չի դառնում, քանի որ մինչ այս ականատես ենք եղել՝ ինչպես աղմկահարույց որոշ գործերով դատարանները ընդդիմադիր քաղաքական ուժերին շահեկան որոշումներ են կայացրել: Խոսքը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու՝ ԱԱԾ բացահայտումների մասին է, երբ ԱԱԾ-ն դատարան կալանքի միջնորդություններ էր ներկայացնում, իսկ դատարանները մերժում էին:
Մարիա Կարապետյանը հույս ունի, որ դատավորները, օգտագործելով իրենց առաջարկած մեխանիզմները, ինքնուրույն կբարեփոխվեն:
Հայաստանում դատական համակարգը չի բարեփոխվել, քաղաքացիները դատավորներին չեն վստահում, իսկ դատավորների մեծ մասը նախկին իշխանությունների կամակատարներն են: Նման արձանագրում արել է ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ օրերս հրապարակված մարդու իրավունքների՝ 2020 թվականի զեկույցում: Իշխանական պատգամավորը համամիտ է, որ դատարանների նկատմամբ վստահություն չկա, բայց կրկին շեշտում է՝ կոշտ վեթինգ իրականացնելը ռիկսային է:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: