Ինչպես հայտնի է, իրավական երկու ակտերով՝ ՍԴ որոշմամբ և Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ապրիլի 6-ի որոշմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «դե յուրե» ազատվեց Հայաստանի չբացված գարնան, Մարտի 1-ին թափված արյան պատասխանատվությունից:

2008-ի մարտիմեկյան արյունալի դեպքերի ժամանակ «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի համար այս լուրը ծանր հարված է եղել: Նա ասում է, որ լսելով այդ մասին, նա միանգամից չի հավատացել, որ այս իշխանության օրոք, որը մշտապես խոստացել է մինչև վերջ բացահայտել Մարտի մեկը, հնարավոր է նման բան:

«Ինձ համար անսպասելի ու մեծ հարված էր: Մենք սպասում էինք, որ հոդվածը պիտի փոխեն, այդպես էին ասել: Հիասթափված եմ իշխանություններից շատ: Կան զոհեր, հազարավոր վկաներ, հատորներով հանցագործության մասին վկայություններ Քոչարյանի դեմ, բայց չկա  հոդված: Սա է այսօրվա արդարադատությունը», — ասաց Ալլա Հովհաննիսյանը Forrights.am-ին:

Նա արդեն 8 տարի է, ինչ բնակվում է Բելգիայում, Նամյուր քաղաքում: Քաղաքացիություն է ստացել, աշխատում է բանջարեղեն արտադրող և վաճառող մեծ ընկերությունում: Ամեն օր գնացքով 60 կիլոմետր գնում է մինչև աշխատավայր ու հետ է գալիս: Բայց գոհ է:

«Աշխատում եմ պահեստում, — ասում է, — պատվերներ եմ անում ռեստորանի համար: Ես ձևակերպված, օինական աշխատող եմ: Ղեկավարս հայ չի: Ինձ այստեղ շատ լավ են վերաբերվում,շնորհակալություն են հայտնում լավ աշխատանքի համար»:

Ալլա Հովհաննիսյանին հարցրեցինք, հնարավոր է գտնում, որ Սահմանադրական դատարանի որոշումը, որը Քոչարյանի արդարացման հիմք դարձավ, համաձայնեցված լինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսպիսի կարծիք են այսօր հայտնում շատերը:

«Ես չեմ հավատում, որ Փաշինյանը մասնակցել է այս որոշման ընդունմանը,  բայց ես այս հարցում նրա մեղավորությունը տեսնում եմ: Իր ընտրած դատավորներն են ՍԴ-ում ընդունել այդ որոշումը: Ես նրան նաև մեղադրում եմ այն բանի համար, որ մեր երկրում ապօրինություն է տիրում, օրենք չի գործում, և մի մարդ՝ Քոչարյանը, կարող է փողով ամեն ինչ գնել»:

Ալլա Հովհաննիսյանը համացանցում կարդացել է Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գրառումը, որում նա հայտնում էր, որ շնորհավորանքներ է ընդունում հարազատներից, «ծանոթ և անծանոթ մարդկանցից» ու իր երախտագիտությունն է հայտնում այն «հաշված» դատավորներին, որոնք  «ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով»:

Սպանված երիտասարդի մայրը հակադարձում է երկրորդ նախագահի որդուն. «Նա ասում է՝ մեզ շնորհավորում են, որ շնորհակալ է դատավորներին: Բայց նրա հայրը չի արդարացվել: Նա ուղղակի գնել է մարդկանց, փողով օրենք է փոխել տվել: 85 հատոր գործ կա՝ ապացույցներ, վկայություններ, փաստեր, ինչ է լինելու այդ նյութերի հետ, դրանք մնալու են օդում կախվա՞ծ»:

Ալլա Հովհաննիսյանը չի կարծում, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ փակվեց Մարտի մեկի գործը: «Մենք շարունակելու ենք պահանջել, որ մեղավորները պատժվեն: Փաստաբանի հետ պետք է հանդիպենք, մտածենք, ինչ ենք անելու», — ասում է նա:

Սպանվածի մորը տվեցինք այն  հարցը, որը հաճախ են տալիս երկորրդ նախագահին անմեղ համարողները՝ արդյո՞ք նա գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը անձամբ է մեղավոր Մարտի մեկի 10 զոհերի ու նաև իր որդու սպանության համար, չ՞է որ ինքը չի  կրակել, և, հնարավոր է, չէր էլ կարող կանխատեսել այդ ծանր հետևանքները:

«Սպանողները մեզ հետ ոչ անձնական թշնամանք են ունեցել, ոչ էլ իրենց կամքով են կրակել: Իմ որդուն սպանել են ապօրինի հրաման տվողները, իսկ դա տվողը Քոչարյան Ռոբերտն է եղել», — պատասխանեց որդեկորույս կինը: 

Հայաստանի իշխանություններին նա մեղադրում է այն բանի համար, որ այսօր ամբաստանյալը քաղաքական հայտ է ներկայացրել: Սակայն նա համոզված է, որ արդարությունը հաղթելու է: «Շատ մարդիկ, տեսնելով այս անօրինոությունները, ընտրությունների ժամանակ ճիշտ կկողմնորոշվեն, թե ում են ընտրելու», — նշեց նա մեզ  հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ասաց նաև, որ որդու գործով հեղափոխությունից հետո ոչ մի նոր փաստ չունի:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest