«Մեզ ասել են՝ դեռ չտեղադրած ականը պայթել ա, իբր մինը դեֆեկտ ա ունեցել»

339
Գարիկ Սահակյան

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ 72-ամյա Լևիկ Սահակյանի հայրենասիրական դաստիարակությունը նրա երեք որդիներին Զինված ուժերում ծառայության է տարել։ Սկզբում Ջոնիկը, հետո՝ Ալիկը, իսկ վերջում Գարիկը տարիների ընթացքում պայմանագրային ծառայության անցան բանակում։

Տան կրտսերը՝ 37-ամյա Գարիկ Սարգսյանը 18 տարվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Սակրավոր, տանկային ականներ տեղադրելու վրա մասնագիտացված տղան լուրը լսելու հենց սկզբում զանգահարում է մորը և տեղեկացնում, որ գնում է՝ իր կարիքը բանակը հիմա շատ ունի․

«Ամսի 27-ի առավոտ մենք դեռ չգիտեինք, որ պատերազմ ա, միջնեկ որդիս զանգեց, թե՝ մա՛մ, գնում եմ, ասում եմ՝ ո՞ւր, այ բալա, ձենն չի հանում։ Մի ժամ հետո Գարիկս ա զանգում՝ մամ, շորերս դիր, ես էլ եմ գնում։ Հուսահատվեցի, ասում եմ՝ ո՞նց թե երկուսդ էլ գնում եք, ասեցին՝ պետք ա գնանք անպայման, ոնց կլինի էս պահին տունը հանգիստ նստենք։ Էդ ժամանակ էլ շատ վատ էի, սակայն բան չասեցի երեխեքիս, բայց․․․երանի ասեի, կարող ա հրաժարվեին էդ մտքից ու չգնային»,- Forrights-ին է պատմում 64-ամյա Արևհատ Մարուքյանը։

Չնայած մեծ որդին՝ Ջոնիկը, ով 2016 թվականին Ապրիլյանին պատերազմին է մասնակցել, արդեն զինվորական թոշակի էր անցել, նա նույնպես եղբայրներին է միանում ու մեկնում տարբեր ուղղություններով։ Սակրավոր Գարիկը Կուբաթլուի շրջանում մեկ ամսվա ընթացքում հասցնում է մոտ 7500 տանկային ականներ տեղադրել, պատերազմի ողջ ընթացքում չդժգոհելով ոչնչից․

«Գարիկս իրա գործի շատ ուժեղ մասնագետ էր, գնդապետ հրամանատարի հետ հավասար ականապատում էին տարածքը։ Ինչքան հարցնում էինք՝ ո՞նց ես, ո՞ւր ես, հստակ բան չէր ասում, մենակ՝ մենք շատ լավ ենք, մա՛մ ջան, մեր մասին չմտածեք, մենակ դուք լավ եղեք։ Երեխես նենց վստահ էր խոսում, որ մենք չէինք պատկերացնում՝ իրականում ինչերի միջով են անցնում»։

Պատերազմից ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, ընտանիքը լուր է ստանում, որ ականի պայթյունից Գարիկը զոհվել է։ Հանգամանքների մասին պաշտոնապես որևէ մեկը չի տեղեկացնում Սահակյաններին, դեպքի մանրամասները հայտնի են դառնում միայն Գարիկի ընկերներից․

«Մեզ ասել են՝ դեռ չտեղադրած ականը պայթել ա, իբր մինը դեֆեկտ ա ունեցել, բայց թե ինչ հանգամանքներում, չգիտենք։ Դեպքի ժամանակ երեքով են եղել, մյուս երկու տղաներն էլ ծանր վիրավորվել են, բայց չենք ճանաչում իրենց, տեղեկություններ չունենք»,- իրեն հասած կցկտուր տեղեկությունները մեզ է հայտնում Արցախյան առաջին պատերազմին մասնակցած որդեկորույս հայրը։

Ընտանիքն անգամ տեղյակ չէ՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ Մոր խոսքով՝ հիմա իրենց ոչինչ չի հետաքրքրում, ոչ մի բան աչքին չի երևում,- «Իրեն կորցնելուց հետո, արդեն ամեն ինչ մեկ ա դարձել»։

Սահակյանները երկրորդ անգամ են հարված ստանում, երբ Վարդենիսում ծանր վիրավորվում է միջնեկ որդին՝ Ալիկը, որի կյանքը մեծ դժվարությամբ է փրկել հնարավոր լինում։

«Բոլոր տղաներս էլ հայրենասեր են, երեքն էլ ապացուցել են դա, բայց ես էս գնով համաձայն չէի, Գարիկս պատերազմի համար շատ թանկ վճարեց։ Համալսարանը մի քանի ամսից պետք ա ավարտեր, իրավաբան էր դառնալու, իրա ապագան շատ մեծ պետք ա լիներ, բայց․․․ապագան կիսատ մնաց»։

Ռոզա Վարդանյան