«Բանակը պետք է բերել եվրոպական ստանդարտների»,- Forrights.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Զինված ուժերում ինչ բարեփոխումներ պետք է իրականացնել:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան պատերազմից հետո՝ նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետում նշել էր Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման  և բարեփոխումների մասին, իսկ ահա 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ ստեղծվել է բարեփոխումներն իրականացնող աշխատանքային խումբ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանն այդ բարեփոխումներն իրականացնելու է Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը նաեւ հատուկ շեշտել էր Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ի հանդիպումից ժամեր առաջ՝ ռուսական պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում:

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այն ռազմական գործընկերն է, ում հետ Հայաստանը կարող է լրջորեն պլանավորել ռազամավարություն՝ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: Ավելի իրատեսական է համագործակցությունը Ֆրանսիայի հետ: Ֆրանիսան է այն երկիրը, որը հստակ ձեւակերպեց իր դիրքորոշումն Արցախյան պատերազմի եւ դրանից հետո ստեղծված իրավիճակի նկատմամաբ: Սենատի մակարդակով ընդունվեց բանաձեւ՝ ճանաչել Արցախի անկախությունը, ճանաչել Արցախի տարածքային ամբողջականությունը եւ դուրս բերել ադրբեջանական զորքերը»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Քաղաքագետն ընդգծում է․ Հայաստանին ժամանակակից բանակ է անհրաժեշտ, իսկ դա ունենալու համար պետք են փոփոխությունների բարձր չափանիշներ: Ռուսաստանին, Անդրիաս Ղուկասյանն, այս առումով լավագույն գործընկեր չի համարում՝ շեշտելով, որ  այս ոլորտում ՌԴ-ն զիջում է ԱՄՆ-ին եւ Եվրոպային:  Անդրիաս Ղուկասյանը Հայաստանի Զինուժի բարեփոխումների լավագույն սցենարներից մեկն էլ ՀԱՊԿ-ից դուրս գալն է համարում:

«Մեզ համար Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելը պետք է լինի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ: Այդ դաշինքն ունի իր գինը․ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից»,- ասում է նա եւ նշում, որ  ՀՀ զինված ուժերը պետք է հավասար լինեն Ադրբեջանի զինված ուժերին եւ Թուրքիայի զինված ուժերի 1/3-ին:

«Մեզ այսպիսի բանակ է պետք ունենալ: Արցախի ՊԲ-ն պետք է ունենա այն հզորությունը, որ կարողանա պաշտպանել Արցախը բավարար ժամանակ, որպեսզի Հայաստանը հասցնի մտնել կոնֆլիկտի մեջ»:

Բանակում արդյունավետ փոփոխությունների հասնելու համար, ըստ Անդրիաս Ղուկասյանի, շատ կարեւոր է բարձրացնել պարտադիր զինվորական ծառայության մեկնողների տարիքայի շեմը:

 «21 տարեկանն, իմ կարծիքով, հասունության աստիճանն է անձի, որ անձը կարող է պատասխանատվությամբ վերաբերվել բանակում իր պարտականություններին: 18 տարեկան երիտասարդներն այդ հատկություններով օժտված չեն լինում: Սա ստեղծում է բազմաթիվ խնդիրներ բանակի ներսում: Հրամայական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը շատ կարեւոր գործոն է, եւ ամեն ինչ դրանից է կախված լինում․ զինվորների կյանքը, մարտական գործողությունների հաջողությունները»:

Անդրիաս Ղուկայսյանն ամփոփելով նշում է, որ Արտակ Դավթյանին կրկին ԳՇ պետ նշանակելու որոշումը չի բխում ԶՈւ շահերից:

«Արտակ Դավթյանը 2020 թվականին հրաժարվեց իր վրա պատասխանատվություն վերցնել գալիք պատերազմի համար, Օնիկ Գասպարյանն իր վրա վերցրեց պատասխանատվությունը, դրա համար նշանակվեց: Հիմա, երբ մենք ապրեցինք այս ձախողումը, Արտակ Դավթյանի վերադարձը ձեւական քայլ է, ինչը վկայում է, որ բանակին մոտեցումը անլուրջ է՝ ինչպես եղել է մինչ օրս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest