Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում նրա ընտանիքը Շիրակի մարզի գյուղական համայնքներից էժան գնով հողատարածքներ է վարձակալել և ավելի թանկ գնով վերաբարձակալության հանձնել այլ իրավաբանական անձանց: Այժմ Առաքելյանի կնոջ՝ Հ. Ալեքսանյանի առնչությամբ քննվում է երկու քրեական գործ: Այս տեղեկությունը Forrights.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Գլխավոր Դատախազությունից մանրամասնել են, որ 2020 թվականի մայիսի 7-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի ղեկավարի կողմից 2006թ. օգոստոսի 9-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հեկտար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր է կնքվել Հ. Ալեքսանյանի հետ՝ տարեկան 2 հազար 40 ՀՀ դրամ գումար արժեքով, որից հետո այդ հողամասի 0.2 հեկտարը 2006թ. օգոստոսի 22-ին նշված վարձակալը ենթավարձակալության պայմանագրով, տարեկան 480.000 ՀՀ դրամով, հանձնել է հեռահաղորդակցության օպերատոր ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու և շահագործելու համար:
Դատախազությունից տեղեկացնում են, որ վարձակալության պայմանագիրը լուծվել է, և ընկերության հետ արդեն Սարապատ խոշորացված համայնքի կողմից կնքել է վարձակալության նոր պայմանագիր:
Դատախազությունը մյուս գործի վերաբերյալ Forrights.am-ին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ ՀՀ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի նախկին ղեկավարը 2006թ. նոյեմբերի 6-ին Հ. Ալեքսանյանին 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել է 2.75 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ տարեկան 9 հազար 350 ՀՀ դրամ վարձավճարով: Գյուղապետարանի հետ վարձակալության պայմանագիր կնքելուց 10 օր անց Հ. Ալեքսանյանը նշված տարածքից 200մ2 մակերեսով հողատարածքը ենթավարձակալությամբ 120.000 ՀՀ դրամով հատկացրել է մեկ այլ բջջային օպերատորի: Ուշագրավ է, որ այս ենթավարձակալության պայմանագիրը լուծված չէ:
Դատախազությունից փոխանցում են, որ նշված քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունն ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Ոշագրավ է, որ նա, լինելով Աշոցքի կադաստրի պետ, խախտել է Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքը, որով արգելվում են հարազատների անունով գրանցումները, և հողատարածքները գրանցել է կնոջ անունով:
Այս քրեական գործերի վերաբերյալ Forrights.am-ը մեկնաբանություն խնդրեց Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանիc: Մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ երկու հազար դրամով վարձակալված հողaմասը շուրջ կես միլիոն դրամով վերավարձակալության են տվել: Առաքելյանը սա համարեց անձնական հարց, և մեղադրեց դատախազությանը մեզ գործից մանրասներ հայնելու համար:
«Ես դատախազության հետ կապված ոչ մի խնդիր չեմ ունեցել, իմ ընտանիքն ինչ ունի`օրենքի սահմաններում է: Ինչ կապ ունի, որ հողերը վերցրել և վարձով ենք տվել: Ի՞նչ անենք, որ քրեական գործ կա: Կարող է՝ ավտո եմ առել, թանկով ծախում եմ․ ում ինչ գործն է: Դրանք նեղ անձնական հարցեր են, դատախազությունն իմ անձի վերաբերյալ տեղեկություններ տալու իրավունք չունի»,- ասաց Արայիկ Առաքելյանը:
Արայիկ Առաքելյանը 20 տարի աշխատել է Կադաստրում: 2020 թվականի սեպտեմբերին հերթական անգամ մասնակցել է Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնի համար նախատեսված մրցույթին և, բավարար միավորներ չհավաքելով, պաշտոնանկ է եղել: Այժմ տեղեկություններ կան, որ Առաքելյանը փորձում է վերադառնալ իր նախկին պաշտոնին, սակայն, վերջինս հերքում է այդ տեղեկությունները:
«Ես պատերազմի մասնակից եմ, ոչ տրամադրություն ունեմ, ոչ հավես՝ մրցույթի մասնակցելու և այդ պաշտոնին վերադառնալու համար: Ինձ իմ ամբողջ կյանքի ընթացքում ոչ մեկ չի փորձել օգնել, ոչ էլ կարող են օգնել, որովհետև ես իմ գիտելիքներով շատ փոքր տարիքից կայացել եմ: Եթե որևէ մեկը փորձի իմ անունի հետ խաղալ, դատարանում պատասխան կտա։ Պետք է ապացուցեն»,- ասաց նա:
Արայիկ Առաքելյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: Պատգամավորն այս տեղեկությունները չի հերքում, սակայն, նշում է․ որևէ հարցում Առաքելյանին չի աջակցում, որ նա վերադառնա նախկին պաշտոնին: Սարուխանյանն ասաց, որ Ատաքելյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամ է: «Առաքելյանը մեր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: Ես մտերիմ եմ նրա հետ՝ ինչպես մեր մյուս կուսակիցների»,- ասաց պատգամավորը:
Իսկ ահա Արայիկ Աառաքելյանը նշում է, որ ՔՊ անդամ չէ:
«Եթե Կարեն Սարուխանյանով լիներ, ապա ես այդ մրցույթը շուտ անցած կլինեի: Այս իշխանություններն ինձ ոչ օգնել, ոչ աջակցել են, այլ վնաս տվել: Ով ասում է, որ ես ՔՊ-ական եմ, կարո՞ղ է պատասխան տալ», -ասաց նա:
Նշենք, սակայն, որ Կարեն Սարուխանյանի մտերիմներից մեկը Կադաստրի Շիրակի մարզային կառույցում որպես օպերատոր է աշխատանքի ընդունվել, երբ պետը դեռ Առաքելյանն էր:
Կան տեղեկություններ, որ Կադաստրի մարզային կառույցի ղեկավար է ցանկանում դառնալ նաև Արայիկ Առաքելյանի բարեկամուհիներից մեկը, որն այժմ աշխատում է կառույցում և աշխատանքի է ընդունվել Առաքելյանի օրոք:
«Ես իմ բարեկամիներին աշխատանքի չեմ ընդունել: Գոհար Պողոսյանը հեռու, հորս չգիտեմ ինչի թոռն է: Ես չգիտեմ՝ ով է ուզում իրեն պետ նշանակել, ես Կադաստրի ղեկավարության հետ չեմ շփվում, իրենք զինվորի հաց են կտրել: Ես Կարեն Սարուխանյանի ասելով ոչ մեկի չեմ ընդունել աշխատանքի, այդ աղջիկը (խմբ.՝ օպերատորը) իմ օրոք է ընդունվել, բայց ես չեմ ընդունել, նման լիազորություն չունեի: Կադաստրի կոմիտեից թող ասեն, թե այդ մարդն ինչպես է ընդունվել աշխատանքի»,- ասաց նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: