Կառավարությունը հետ կանգնեց օմբուդսմենի մասին օրենքում փոփոխություններից

99

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) մասին օրենքում աղմկահարույց փոփոխությունները դեռևս տեղի չեն ունենա։ Կառավարությունը խորհրդարանից հետ է կանչել օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որն ընդունել էր հենց գործադիրը Ֆինանսների նախարարության առաջարկով։

Այն ենթադրում էր ֆինանսավորման կարգին վերաբերող փոփոխություններ մի շարք ոլորտներում ու կառույցներում, այդ թվում՝ օմբուդսմենի գրասենյակում։

«Վեց ամսից ավելի ես ներկայացրել եմ ամեն առիթով, որ այդ օրենքի նախագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային պահանջները, որոնք գործում են Մարդու իրավունքների պաշտպանի և առհասարակ օմբուդսմենի անկախության ոլորտում: Հատուկ ասել եմ, որ դա վերացնելու է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և կառավարող խմբակցությունից», — ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հոդվածներից մեկը սահմանում է, որ օմբուդսմենի գրասենյակի ֆինանսավորումը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Առաջարկվող նախագիծը վերացնում էր այս դրույթը, այսինքն օմբուդսմենի գրասենյակի տրամադրվող ֆինանսավորումը կրճատելու հնարավորություն էր ստեղծվում։

Կառավարությունից ու Ֆինանսների նախարարությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ ծրագրեր ունեն տապալված նախագծի առնչությամբ. արդյոք այն խմբագրվելո՞ւ է, հետ է ուղարկվելո՞ւ, թե՞ կառավարությունը վերջնական է հրաժարվում դրա անցկացումից։

Փոխարենը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահ է, որ նախագիծը հետ չէր կանչվի, եթե միջազգային տարբեր կառույցներից Հայաստանի կառավարության և խորհրդարանի վրա ճնշումներ չլինեին։

«Չգիտեմ, կառավարության մեր գործընկերները միգուցե ես այդքան ասում էի, բայց ինձ չէին հավատում, բայց մեր միջազգային գործընկերները հատուկ ընդգծեցին, որ այս կառույցն օրինակելի կառույց է, որ այս կառույցի փորձը ներդրվում է այլ երկրներում: Այստեղ երկիրը կանգնելու էր մի լուրջ բարդության առաջ՝ եթե այդ օրենսդրական նախագիծն ընդունվեր և Աստված ոչ անի, դա հանգեցներ հատուկ վերանայման մեր հավատարմագրման Ա կարգավիճակին, դա լուրջ խնդիր էր, դա նշանակելու էր, որ երկրի ժողովրդավարության ցուցիչը միանգամից ընկնում է», — նշեց Թաթոյանը:

Կառավարության կողմից ընդունված և Ազգային Ժողով ուղարկված օրենսդրական փոփոխությունների նախագծի մասին, Թաթոյանի խոսքով, Հայաստանի իշխանություններին նամակներ են գրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից, Մարդու իրավունքների եվրոպական կառույցների ցանցից, հարցով հետաքրքրվել է Վենետիկի հանձնաժողովը և այն վերցրել քննության, հայտարարություն են արել Freedom house-ը և մի շարք այլ միջազգային հեղինակավոր կառույցներ։

Թաթոյանն ասում է՝ ինքը կառավարության իր գործընկերներին զգուշացրել էր, որ մեծ միջազգային աղմուկ կարող է բարձրանալ և հորդորել էր հետ կանգնել նախագծից, սակայն օմբուդսմենի կարծիքը հաշվի չեն առել։

«Անհարմար վիճակում էի հայտնվել, որովհետև ես սովորաբար մասնակցում էի այլ կառույցներին պաշտպանելու հայտարարություններ կազմելիս, հիմա ստիպված էի Հայաստանի հետ կապված, մեզ համար ակնկալել և պետք է ասեմ, որ առաջին անգամ էր, որ ես այս թեմայով միջազգային կառույցներին դիմել էի կամ իրենք տեղեկացել էին», — ասաց պաշտպանը:

Կառավարությունը ցանկանում էր նույն կերպ փոփոխել նաև մի շարք այլ պետական կառույցների, օրինակ, Հանրային հեռուստաընկերության, գիտության ոլորտի ֆինանսավորման կարգը, ինչո՞ւ աղմուկ բարձրացրեց միայն օմբուդսմենը, հետաքրքրվեցինք Թաթոյանից։

«Եթե դու արգելքը վերացնում ես, ես այդքան ասել եմ, դա նշանակում է, որ եթե Մարդու իրավունքների պաշտպանն այնպես է աշխատում, որ դուր չի գալիս քաղաքական իշխանությանը, ես այս նկատի չունեմ, ինստիտուցիոնալ նկատի ունեմ, անկախ նրանից ով է, ում մասին է խոսքը, դա նշանակում է նրանք կարող են ցանկացած պահի իջեցում անել», — պատասխանեց օմբուդսմենը: