Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

113

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր ժամը 6-ից փակել են Շիրակի մարզի ճանապարհները։ Այդ մասին նրանք առավոտյան հայտնեցին «Ազատությանը»։

Մարզ մուտք ու ելքը փակ է բոլոր ուղղություններով, ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չփորձեն քաղաքականացնել գերիների հարցը՝ իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։

Հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», — փոխանցեցին Ավինյանի գրասենյակից։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ը։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։

Ադրբեջանը պնդում է, թե Խծաբերդում գերեվարվածները ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: