Ժամկետային զինվորների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

88

Արցախում ծառայող զինվորների հարազատները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց որդիներին զորացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծնողները 7 հոգանոց խումբ են կազմել և հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողները մի քանի անգամ արդեն նման ակցիաներ իրականացրել են, հանդիպում ունեցել ՀՀ վարչապետի հետ և բարձրացրել են իրենց հուզող հարցերը: Ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին:

Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին:

Ապրիլի 9-ի վաղ առավոտից շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները՝ Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի հատվածը, ինչպես նաև Ջաջուռի և Աշոցքի ճանապարհները:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: