2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ըստ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի, պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական հանձնաժողովները:  Անդրիաս Ղուկասյանը Forrights.am-ի հետ զրույցում հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված ու չիրականացված խոստումը, թե պետք է բարեփոխել ընտրակեղծարար հանձնաժողովները:

«Ընտրական հանձնաժողովներում պետք է բարեփոխումներ կատարվեն: Մենք ունենք ընտրական հանձնաժողովների կեղծարար համակարգ: Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրեց ընտրակեղծարար մեքենան մաքրելու պարտականությունը, բայց 2017-ի ընտրություններից հետո հայտարարեց՝ այդ ընտրակեղծարար հանձնաժողովներն իրականում այդպիսին չեն․ քաղաքացիներն են թերի, որ կաշառքներ են վերցնում։ Ասում էր՝ դուք եք ժեխ, որ փող եք վերցնում ու քվեարկում եք փողով»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Նա կասկածամտորեն է  վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե  «ինքն է այն քաղաքական գործիչը, ով հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքերին եւ կամք ունի անցկացնել ազատ ու անկախ ընտրություններ»: Forrights.am-ի դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, մատնանշում են 2018-ի ընտրությունները եւ շեշտում, որ իրենց իշխանության օրոք արդեն իսկ արդար ընտրություններ են անցկացվել, Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է կասկածամտորեն մոտենում Փաշինյանի խոսքերին:

«Նման հարցերին կարճ ենք պատասխանում․ լավ ենք անում, որ կասկածում ենք: Այն ժամանակ մեր ժողովրդի մեծամասնությունն էյֆորիայի մեջ է եղել, Նիկոլ Փաշինյանն ընկալվում էր որպես հերոս, որը հաղթել է չար Սերժ Սարգսյանի ռեժիմին: Այսօր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նման վստահություն չկա՝ ինչպես հեղափոխությունից հետո: Մենք ունենալու ենք մրցակցային ընտրություններ՝ լրիվ այլ իրավիճակում: Նիկոլ Փաշինյանը բոլորին հիմարի տեղ է դնում, եթե որպես փաստարկ ներկայացնում է այն, որ 2018-ին իր հաղթանակի համար լծակներ չօգտագործեց »,- ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանն, անդրադառնալով այն կարծիքներին, որ այս ընտրությունների հիմնական մրցակիցները լինելու են Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը, ասաց.

 «Ռուսաստանի Դաշնության համար ամենացանկալի տարբերակը կլիներ, եթե Հայաստանում մրցակցեին պրոռուսական ուղվածություն ունեցող կառավարությունն ու պրոռուսական ուղվածություն ունցող Ռոբերտ Քոչարյանը: Ես ամեն ինչ անելու եմ, որ լինի այլընտրանք, քանի որ մեր խնդիրների լուծումը դուրս է Ռուսաստանի հետ համագործակցությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest