«Գնացողը գիտակցում է, թե ինչի համար է գնացել պատերազմի»

75

33-ամյա պայմանագրային զինծառայող Իշխան Ասլանյանը պատերազմի ժամանակ արկի պայթյունի հետեւանքով աջ ոտքի ոսկորի 12 կոտրվածք է ստացել: Նա մինչ օրս բուժում է ստանում եւ հույս ունի շատ շուտով կարողանալ նախկինի պես ամուր կանգնել սեփական ոտքերի վրա:

Արագածոտնի մարզի Նազրվան գյուղի բնակիչ Իշխանը պատերազմի մեկնարկի օրը տանն է եղել, առավոտյան տագնապով անմիջապես մեկնել է առաջնագիծ` Քարվաճառ:  Կատարել է բազմաթիվ մարտական խնդիրներ, սակայն հոկտեմբերի 9-ին վիրավորվել է:

«Ես շատ բան չասեմ…ես հետախույզ եմ…իմ գործը արել եմ, վերադարձել եմ: Նստել էինք, որ հանգստանանք, սնարյադը ընկավ կողքներս»,- պատմում է զինծառայողը եւ ավելացնում, որ պայթյունի ժամանակ իր կողքին գտնվող երկու զինվորները զոհվել են, որոնցից մեկը եղել է իր կնքահայրը: Թե տեղում ծառայակիցները, թե հետագայում  բոլորը Իշխանից թաքցրել են կնքահոր մահվան փաստը, ասել են, թե նա վիրավոր է, դեռ կարող է ապաքինվել: Իշխանը իմացել է իրականությունը տեղի ունեցածից քառասուն օր անց:

«Վիրավորվելուց հետո, նախ եղել եմ Հերացի` Առաջին հիվանդանոցում: Այդտեղ եմ վիրահատվել: Իհարկե լավ բժիշկների ձեռքով: Շատ լավ բժիշկներ էին»,- պատմում է Իշխանը: Այժմ նա բուժումը շարունակում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Ասում է, որ շատ լավ պայմանների ու մասնագետների շնորհիվ իրեն անհամեմատ ավելի լավ է զգում, թեեւ դեռ տեղաշարժվում է անվասայլակով, սակայն արդեն կարողանում է օրական երկու ժամ զգուշորեն քայլել առանց դրա:

Զինծառայողը պատերազմի ժամանակ շատ ընկերներ է կորցրել. «Պատերազմը էդպիսին բան է: Գնացողը գիտակցում է, թե ինչի համար է գնացել պատերազմի… Մտածում էինք, որ պետք է կռվենք, չպետք է մտածենք զոհվելու մասին: Վերեւում Աստված կա, ինքը ոնց մտածի, էդպես էլ կլինի»:

Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը երկար ժամանակ չի կարողացել քնել, ամեն անգամ աչքերը փակելուց տեսել է պատերազմի պատկերները. «Հետո զանգում էի, անընդհատ տղերքի հետ կապի մեջ էի լինում, որ իմանամ, թե էնտեղ ինչ է կատարվում: Բայց քանի որ այն ժամանակ իմ վիճակը ծանր էր, ինձնից շատ բաներ թաքցնում էին, չէին ասոմ, թե ինչ է կատարվում ու ինչ դժվար վիճակ է»:

Իշխանը նաեւ նշում է, որ թեեւ շատ զորամասերի հրամանատարներ պատերազմի ժամանակ լքել են զինվորներին, իր հրամանատարն ու տեղակալը` Արման Մովսիսյանը մինչեւ վերջ մնացել է զինվորների կողքին. «Ինքը երեք թեւ կռվում էր ու կառավարում էր: Անգամ ես ասում էի, որ եթե ծառայության մեջ մնայի, կուզեի, որ հենց իր հրամանատարության տակ մնամ… Մոնթեի նման էր ասում, ասում էր` ոչ թե Առաջ, այլ հետեւիցս: Զորքին իր հետեւից էր տանում: Այ այդպես էր կռվում»:

Անի Գևորգյան

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը