Զոհված հետախույզի ընտանիքը հրաժարվել է ընդունել Մարտական ծառայության մեդալը

127

«Շարքային Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան, ծնված 2000 թվականին, մասնագիտությամբ դեղագետ էր: ԶՈՒ շարքերում է 2019 թվականի հունվարից, օգոստոսի մեկից հատուկ նշանակության ջոկատի հետախույզ էր: Մասնակցել է սեպտեմբերի 27-ից Քարվաճառի, Ջրականի, Հադրութի, Սանասարի մարտական գործողություններին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Սանասարի մարտական գործողությունների ժամանակ»,- եղբորորդու հերոսական մարտական ուղին բնութագրելով, Արման Հովհաննիսյանը կարող է խոսել ժամերով, պատմել, թե ինչպես էր կռվում Դոկը՝ այդպես էին Հովհաննեսին անվանում ընկերները, ինչպես էր նա վիրավորներին հանում կրակի տակից, առաջին օգնություն ցույց տալիս, ինչպես էր պարծենում, որ այնքան արագ է վազում, որ փամփուշտներն իրեն չեն հասցնում դիպչել:

Հովհաննես Հովհաննիսյանին ներկայացրել են Մարտական ծառայության մեդալի, բայց Արմանը և Հովհաննեսի ընտանիքի մյուս անդամները հրաժարվում են ստանալ պետության պարգևը:

Նրանք գտնում են, որ ըստ արժանվույն չեն գնահատվել եղբայրն ու նրա ընկերները՝ Սովետաշենի «սպեցնազը», հատուկ նշանակության «բրիգադը»: 22 հոգի պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել են մարտական բոլոր գործողություններին, բայց նրանցից ոչ մեկին մեդալ չտվեցին: Ինչո՞ւ: Դժվար է հասկանալ:

«Հադրութում շրջափակումից ահագին տղաների են հանել, Ջրականում են եղել, ինչքան որ թեժ կետերկան, մարտնչել են, մարդկանց շրջափակումից հանել, դիրքեր են ազատագրել, Սարատակում, Քարվաճառում են կռվել: Մենք ասել ենք, որ չենք վերցնելու էդ մեդալը մի պարզ պատճառով, — ասում է Արման Հովհաննիսյանը, — ո՞նց կարամ ես նայեմ Հովիկի ընկերների՝ Հեքիմյան Ազատի, կամ Անտոնյան Արմանի եղբոր, քրոջ աչքերի մեջ: Բա լավ, էդ տղաներն էլ են նույն օրը, նույն գործողության մեջ եղել, մինչև վերջ մարտ տարել, բա էդ տղաները չգնահատվե՞ն: Իմ եղբորը Մարտական ծառայության մեդալ են տվել՝ մի երկաթի կտոր, ու ես վերցնեմ ու գնա՞մ», — հարցնում է Արման Հովհաննիսյանը:

Նա գտնում է, որ բոլոր զոհվածների մայրերն էլ արժանի են, որ իրենց երեխաների վաստակը գնահատվի, ու նպատակ է դրել իր առաջ եղբայրական հուշարձան կանգնեցնել բոլոր զոհվածների համար:

«Ես պետք է պայքարեմ, որ նրանք էլ գնահատվեն: Էդ տղաները բոլորը թասիբով են եղել: Վերջերս նրա  մոտ ընկերոջը հուղարկավորեցին՝ Անտոնյան Արմանին: Երբ եղբայրս վիրավորվեց, Արմանը մնացել էր Հովիկի մոտ: Որ նահանջ հրամանը եղավ, նա իր զենքը մի կողմ գցած, քաշում էր Հովիկին, բայց չի կարողացել հանել նրան, հետո մի պայթյուն է եղել, ու էլ Արմանի ձայնը չեն լսել, բայց մինչև վերջ մարտ են տվել: Դա հոկտեմբերի 20-նն էր», — ասում է, մտովի անընդհատ վերադառնում է երեք «քսաններին»՝ 20 հոկտեմբերի, 2020 թվական: 

Արման Հովհաննիսյանն ինքն էլ պատերազմի մասնակից է, վարչական աշխատող: Իր նպատակին հասնելու համար որոշել է պետությունից ոչ մի լումա չուզել, հուշարձանը կանգնեցնել բացառապես իր ընտանիքի, ծանոթների, ընկերների միջոցներով: Հուշարձան սարքղոն էլ 60 տոկոս զեղչ է արել հերոսների խաթրին:

«Եթե 5-10 մլն փող են ուզում, ինքը երկու մլն դրամով ա սարքում: Մարդիկ գնահատում են հերոսությունը, դրության մեջ են մտնում», — կիսվում է Արմանը: 44-օրյա պատերազմում բոլոր զոհված կապանցիների անունները գրելու է եղբայրական հուշարձանի քարին, որ Կապանի մատաղ սերունդը տեսնի ու հասկանա, որ հերոսությունը գնահատվում է: «Մի քիչ դժվար է, բայց այս հասարակությանը պետք է մեծարել սովորեցնենք», — ասում է Արմանը: 

Forrights.am-ին  նա պատմեց, թե ինչ դժվարությամբ են հավատացել, որ Հովհաննեսն էլ չկա: Հոկտեմբերի 30-ին տեսել են Հովիկի անկենդան մարմինը ադրբեջանական կայքերում տարածված տեսանյութում: «Հասակը, ոտքերի մկանները, ակնոցը նույն էին, բայց մարմինը ուռել էր: Ասեցինք՝ նման ա, բայց ինքը չի, ինքը նիհար էր», — ասում է: Հովիկի մարմինն եղել է անաղարտ, ճանաչելի, անգամ ակնոցներին ադրբեջանցիները ձեռք չեն տվել  ու նույնիսկ թաղել են նրան՝ թեթև ծածկել են հողով, որ կենդանիները չհոշոտեն:

Այն տարածք, որտեղ տղաները զոհվել են Սովետաշենի «սպեցնազի» տղաները, սկզբում Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունն է մտել, հանել են մարմինները, ուղարկել են Ստեփանակերտ, այստեղից էլ տարբեր քաղաքներ՝ Մարտունի, Գորիս, Գյումրի:

Ճանապարհին անհետացել է Հովիկի ձեռքի ժամացույցը, որը ադրբեջանական տեսանյութում լավ երևում է, նրա թանկարժեք դանակը:

 Հովհաննեսի մարմինը տարել են Գյումրի: Դեկտեմբերի 1-ին հարազատները ճանաչել են Հովիկին, և միայն  մեկ ամիս հետո են մարմինը հանձնել ընտանիքին: Բայց Արմանը դժգոհ չի:

«Մարմին կա, որ չեն էլ գտել, մարդիկ աչքալուսանք են տալիս հիմա, եթե մարմինը իրենց է հասնում: Դա լավ օրից չի, իսկ ես իմ  եղբորը գոնե ամբողջական, ճանաչելի վիճակում, թշնամու կողմից չպղծված գտա: Դա մեծ երջանկություն է»:

Կապանում այսօր մարդիկ ծանր հոգեվիճակում են: Բարկանում են, տեսնելով, թե ինչպես են ադբեջանցիները հսկում ավտոճանապարհները, ի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրի: Ոմանք արտագաղթում են Սյունիքից, բայց Հովհաննիսյանների ընտանիքը մտադիր չի հեռանալու:

«Ամբողջ ընտանիքով ստեղ եմ, ու ստեղից չեմ գնալու: Ես եղբորս գերեզմաին երդում եմ տվել, որ ցորեն եմ աճեցնելու այն դաշտում, որտեղ իրենց արյունն են թափել», — ասում է Արման Հովհաննիսյանը: Իսկ հորեղբայրը՝ Հովիկի հայրը անընդհատ որդու հետ լինելու ձևը գտել է: Նա մի հեռադիտակ է պահում ձեռքը ու անընդհատ բլրին է նայում՝ եղբայրական գերեզմանին, որտեղ որդին ու ընկերներն են հանգչում:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը