Ամուսինները 1500 դոլլարով լրտեսել են հօգուտ Ադրբեջանի. տրվել են խոստովանական ցուցմունքներ

120

ՀՀ քաղաքացի ամուսինները պետական դավաճանություն են կատարել և խոստովանական ցուցմունքներ տվել։

ՀՀ քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվելով Թուրքիայում, հայտնվել է այդ երկրում գործող ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել, տեղեկացնում են ԱԱԾ-ից։

Վերադառնալով մշտական բնակության վայր, ՀՀ քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը: Տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում, նա ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս ՀՀ և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ առաջարկը։ Նա ստորագրել և համացանցային կապի միջոցով նշված անձին է ուղարկել համապատասխան բովանդակությամբ համաձայնագիրն ու ընտրել իր ծածկանունը:

ՀՀ քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել մոտ 1500 դոլար գումար:

Նկարագրված արարքները կատարելու համար ՀՀ քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) 1-ին մասով (պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:

2 անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։