Նիկոլ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի դեմ պայքարում աջակցում է Գրիգոր Մինասյանը

142

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գալաքսի» ընկերությունների խմբի սեփականատեր, ֆինանիսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների դեմ դատական պայքարում աջակցում է Երևանի ավագանու ՀՀԿ-ական նախկին անդամ Գրիգոր Մինասյանը:

Գրիգոր Մինասյանին պատկանող «AM» իրավաբանական ընկերությունը պարտավորվել է ՀՀ վերաքննիչ դատարանում պաշտպանել Նիկոլ Փաշինյանի և նրա աշխատակազմի շահերը՝  բողոքարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որի համաձայն՝ Փաշինյանը և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պետք է  հերքում տարածեն և ներողություն խնդրեն Խաչատրյաններից:

Հիշեցնենք՝  2020 թվականի ապրիլի 28-ին, երբ օրակարգում էր Խաչատրյանների «Յուքոմ» կապի օպերատորի կողմից, մեկ այլ կապի օպերատորի՝ «Բիլայնի» գնման հավանական գործարքը,  վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշված էր.

 «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով ՝ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Գագիկ Խաչատրյանի ընտանիքը , ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում ՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը»:

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց մշտապես վերագրվել են կոռուպցիոն տարբեր սկանդալներ, դատական հայց էին ներկայացրել Փաշինյանի և նրա խոսնակի դեմ։ Դատարանը 2021 թվականի 26-ին հրապարակել էր այս գործով վճիռը, որում նշված էր. «ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի` Facebook սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող էջում»:

Այժմ Մանե Գևորգյանը բողոքարկել է Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում կայացրած վճիռը: Ստացվում է, որ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Խաչատրյանները կոռուպցիոներներ են:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Փաշինյանի և նրա աշխատակազմի շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ու «AM»-ի միջև 2021 թվականի փետրվարի 25-ին կնվել է պայմանագիր, որի համաձայն՝ Մինասյանի ընկերությանը պետական բյուջեից վճարվել է  480 հազար դրամ: Այս մասին Forrights.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգից: Ընդ որում ՝ գնումը կատարվել է «Մեկ անձից կատարվող» գնման ընթացակարգով, մրցույթ չի հայտարարվել:

Այստեղ ուշագրավ է այն հնգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված վիճելի հայտարարության փաստաբանական ծառայությունների համար շուրջ կես միլիոն դրամ վճարում են հարկատուները: Տարակուսելի է, թե ինչու է այդ գումարը պետբյուջեից տրվում, երբ հայտարարությունը վարչապետի դիրքորոշումն է: 

Տեղեկացնենք, որ այս գործով առաջիկա դատական նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին:

Նշենք, որ 65-ամյա Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար, իսկ որդիները՝ յուրացման, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Ըստ դատախազության ՝  Խաչատրյանների գործով պետությանը պատճառված վնասը   8 միլիարդ 807 միլիոն դրամ է, իսկ գործով հնարավոր բռնագանձման ենթակա գումարը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով 22 միլիոն 400 հազար դոլար է։

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչներից մինչև օրս ամենախոշոր վնասի վերականգնում կատարվել է ՊԵԿ նախկին ղեկավար, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների քրեական գործի շրջանակում։ Ըստ գլխավոր դատախազության՝ վճարվել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ. 800 միլիոնը փոխանցվել է ՀՔԾ-ին, 225 միլիոնը՝ դատախազության դեպոզիտ հաշիվներին։

Նարեկ Կիրակոսյան

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը