Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ ապրիլի 2-ին Եռաբլուր պանթեոն են այցելել նաև բարձրագույն սպայակազմը: 

«Այսօր ողբում ենք ու հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր, կատարելով իրենց առջև դրված խնդիրը, նահատակվեցին հանուն Հայրենիքի թե 2016 թվականի քառօրյա, թե վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում: Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, ապա վերջին 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար: Մենք կարող էինք Արցախն ամբողջությամբ կորցնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արտակ Դավթյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ապրիլի ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 զինծառայող:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest