2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ․-ի դրությամբ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, 2008թ․-ի դրությամբ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր ենթադրվում էր, որ դատարանը քննության կառնի մեղադրյալների հանդեպ 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, քանի որ ՍԴ-ն օրերս հակասահմանադրական է ճանաչել այդ հոդվածը։

Հարցը նախորդ նիստում չքննարկվեց, քանի որ մեղադրող-դատախազները չէին ներկայացել՝ միջնորդություն նախապատրաստելու պատճառաբանությամբ։

Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը սկսեց նախորդ նիստերից մեկում Ռոբերտ Քոչարյանի երեք պաշտպանների՝ Հայկ Ալումյանի, Արամ Վարդեւանյանի, Հովհաննես Խուդոյանի եւ մեղադրող-դատախազներ Գեւորգ Բաղդասարյանի եւ Պետրոս Պետրոսյանի՝ դատական նիստը բոյկոտելու եւ դատական նիստին չներկայանալու գործողություններով պայմանավորված՝ նրանց վարքագիծը քննարկելու հարցով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը նիստը բոյկոտելու իր որոշումն այսպես բացատրեց․

«Դատարանը պարզապես անհասկանալի ձեւով կամ կանխամտածված կերպով փորձել է ամեն ինչ անել՝ դատաքննության փուլ մտնելու համար, ես էլ անհամաձայնություն եմ փորձել հայտնել, սակայն դատարանը չի թույլատրել։ Եթե փաստաբանը փորձում է պաշտպանություն իրականացնել, իսկ դատարանն անտեսում է, փաստաբանը պետք է դիմի օրենքով չարգելված գործողությունների։ Նպատակ չունենալով խաթարել նիստի ընթացքը՝ ես այլ միջոց չունեի։ Եթե դատարանը թույլ տար ներկայացնել իմ առարկությունները, ես նման միջոցի չէր դիմի։ Այլ ելք չէր մնում։ Ես նաեւ մտածեցի, որ ձեր հանդեպ ճնշում կա»։

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նախ շեշտեց, որ նախորդ նիստին չեն ներկայացել՝ միջնորդություն կազմելու պատճառով․

«Սա չի կարող մեկնաբանվել, թե անձը պարտադիր պետք է ներկայանա եւ պատճառաբանի։ Չներկայացած մասնակիցը նախապես դատարանին պատշաճ տեղեկացրել է չներկայանալու պատճառի մասին»։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ զարմացավ, որ իրենց չներկայանալը վարքագծի քննության առարկա է դառնում․ «Մենք գտնում ենք, որ ՍԴ որոշման կիրառման առիթով դատարանին պետք է միջնորդություն ներկայացնեինք, որը հնարավոր չէր կազմել կարճ ժամանակում։ Այդ պատճառով էլ խնդրեցինք նիստը հետաձգել մինչեւ հաջորդ երեքշաբթի, բայց դատարանը որոշել է այսօր, մենք էլ պատրաստ ենք»։

Դատարանն արձանագրեց, որ մասնակիցները պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին․

«Պաշտպանների անհամաձայնությունը դատարանի գործողությունների հետ կապված չի կարող արդարացնել իրենց պարտականությունները չկատարելը։ Իսկ մեղադրողների դեպքում դատարանն արձանագրում է, որ մասնակիցը պարտավոր է ներկայանալ եւ միջնորդություն ներկայացնելու կարիքը չի ազատում այդ պարտականության կատարումից»,- նշեց դատարանն ու հայտարարեց, որ ոչ իրավաչափ է գնահատում նշյալ անձանց վարքագիծը, եւ որոշում է երեք պաշտպանների ու երկու դատախազների հանդեպ դատական սանկցիա կիրառել՝ նկատողության տեսքով։

Pin It on Pinterest