Երևանի Չարբախ թաղամասում, Քիմիական տեխնիկումի նախկին հանրակացարանի շենքի պատին զինծվորական շորերով տղայի գունավոր դիմանկար է պատկերված, հայկական դրոշ, ավտոմատավորի սև ուրվագիծ, կողքը գրված. «Մահ իմացյալ՝ անմահություն…»:

Նարեկ Դավթյանի դասընկերները հատուկ նկարիչ են գտել: Նարեկի մորը՝ Կարինեին հարցրել են՝ թույլ կտ՞ա որդու նկարը շենքի վրա տեղադրել: Կարինեն էլ ասել է՝ եթե թաղապետարանը թույլ տա, արեք: Թաղապետարանը թույլ է տվել, ու նկարիչը հանրակացարանի դժգույն պատը «կենդանացրել» է զոհված տղայի հայացքով:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածված  «սթրիթ արտ» է: Բազմաբնակարան շենքերի պատերից մահացած տղաներն են նայում մեզ՝ ապրողներիս:

Նարեկ Դավթյանը զոհվել է նոյեմբերի 7-ին, պատերազմի նախավերջին օրը, Շուշիում, թշնամու ԱԹՍ-ի հարվածից: Վաղը՝ ապրիլի 2-ին, Նարեկի ծննդյան օրն է: Եթե ողջ լիներ, կդառնար 19 տարեկան:

Նարեկի տատիկը՝ Էլմիրա Շահնազարյանը սիրելի թոռան համար տորթ է պատրաստելու, փուչիկներով ու ծաղիկներով Կարինեի հետ գնալու է Եռաբլուր: «Չէի ուզի այնտեղ նշել Նարեկի ծնունդը, բայց ինչ արած՝ դա է նրա տունը հիմա, այդպես ստացվեց», — ասում է Էլմիրան:

Նարեկն ապրում էր տատիկի ու մոր հետ: Բանակ գնալուց առաջ տնեցիներին խոստացել էր՝ կգա,մոր տունը կսարքի, հետո իրենը կստեղծի, հետո կամուսնանա: Կրծքի տակ դաջել է «մամա» բառը ու գնացել է Արցախ:

«Ասում էր՝ մերս, սաղ լավ ա, — հիշում է Կարինեն, — իմ պարտքն ա, պետք ա տամ, գամ: Ես չգնամ, նա չգնա, էն մեկը չգնա, բա ո՞նց կլինի»:

Երկուսուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Հադրութ, Մարտունի, Շուշի՝ որտեղ ասես, որ չեղավ այդ դժոխային օրերին: «5 օր ընտանիքի  հետ կապի դուրս չի եկել, շրջափակման մեջ է եղել, 12 օր սոված-ծարավ թափառել է: 42 օր սարսափներ է տեսել, մեզ շատ բան չէր էլ պատմում», — ասում  է Կարինե Դավթյանը: Նա Նարեկի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 6-ին, մահից մեկ օր առաջ: «Ձեզ լավ նայեք, դուք լավ եղեք, ես լավ եմ», — ասել է:

Կարինե Դավթյանը որդուց 82 օր լուր չի ունեցել: «Գիտեինք՝ փախել ա, անտառներում ա, կամ գերի ա: Էդքան կորած երեխեք կային, ինքն էլ նրանց պես: Ոչ  մի րոպե չէինք մտածում, որ ողջ չի, վստահ էինք 100 տոկոսով, որ հետ է գալու: Որ հրադադարը տվեցին, ասեցինք՝ փառքդ շատ,  Աստված, դուրս կգա, էլի մի տեղից Նարեկը: Նրա անունը չկար ցուցակներում: Ամեն անգամ նոր ցուցակը  կարդալուց ասում էինք՝ փառք քեզ Աստված»:

Կարինեն պատմում է, որ Նարեկի ընկերներից լսել է՝ որդին էլ չկա, բայց չի հավատացել: «Ադրբեջանական կայքում, զոհվածների նկարների մեջ տեսա Նարեկիս նկարը: Բայց պաշտոնապես մեզ չէին ասել: Մենք պաշտոնապես իմացել ենք էդ մասին հունվարի 26-ին: Ես զանգեցի  Ղարաբաղի դիահերձարան: Ասեցի, որ ամեն ինչ գիտեմ, ուղղակի ասեք՝ ի՞նքն է թե ոչ: Կարո՞ղ ա, ասեք ուր ա, Դավթյան Նարեկ Գեղամի, 2002 թիվ: Պատասխանեցին՝ ձեր տունը տղամարդ չկ՞ա, իրեն ասենք, ու մենք արդեն հասկացանք, որ Նարեկը չկա: Հարցրեցի՝ ամբողջութա՞մբ է երեխես: Ասեցին՝ ամբողջությամբ է, մենակ գլխին բեկորային վնասվածք կա», — ասում է Նարեկի մայրը:

Նարեկ Դավթյանին ճանաչել են զինգրքույկով: Գրպանում նաև փող կար՝ 6 հազար 250 դրամ: «Էդ փողի  մասին որ ասեցին, հասկացանք, որ էլ հույս չկա: Մենք փող էինք ուղարկել, որ զինվորական համազգեստ առներ, հագներ: Մի  համազգեստը քիչ էր: Գնում էր «պալիգոններ», բայց փոխնորդ հագուստ չկար: Ինքը մաքրասեր  երեխա էր: Մահից հետո իրա գրպանում գտան զինգրքույկը, խաչը ու էդ փողը», — հիշում է Էլմիրա Շահնազարյանը:

Մոր ուղարկած 12 հազարից 5 հազարը Նարեկը ծախսել էր ընկերների հետ, մնացածը պատերազմի ողջ ընթացքում սրբորեն պահել էր գրպանում, որ նոր համազգեստ գնի: Հիմա  մնացած 6 հազարն ու մանրը դրել են Նարեկի նկարների հետ, զինգրքույկի ու խաչի կողքին:

Հ.Գ. Նարեկի մահից հետո պետությունը պետք է միանվագ օգնություն տա ընտանիքին և 200 հազար դրամ ամսական նպաստ վճարի: Կարինեն դեռ չի ստացել գումարները: Զանգել է հիմնադրամ, ասել են՝ հետո կտանք:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest