«40 հոգանոց զորքից 10 հոգին վիրավորվել են, 30-ը՝ զոհվել»

149

Հոկտեմբերի 14- ին Մատաղիսում զոհված Հրանտ Չիլինգարյանը մարտի 30-ին կդառնար քսան տարեկան: Հարազատները երեկ նրա մանկության բակում բացեցին Հրանտին նվիրված ցայտաղբյուր:

Ծնողները պատմում են, որ խոհարար Հրանտը հնարավորություն է ունեցել ծառայության ընթացքում չլինել դիրքերում, սակայն նա ասել է, որ կմնա ընկերների կողքին: Նոր զորակոչված Հրանտը ծառայել է Գյումրիի զորամասում, որտեղ խոհարարի կարիք է եղել։ Նրան առաջարկել են մնալ եւ ծառայել, սակայն նա չի համաձայնել, ասել է` «Ինչ խոհանոց, ինչ բան, դիրքերից լավ տեղ չկա»:

«Ընկերները Ղարաբաղում են եղել, սիրտը չի տարել նրանց մենակ թողնել: Իր ծառայության վայրը Թալիշն է եղել, բայց զոհվել է Մատաղիսում: Երբ տեսանք, որ ոչ մի տեղից լուր չենք ստանում՝ նախարարություն ենք դիմում՝ չկա, զինկոմիսարիատ ենք դիմում՝ չկա, ոչ մի տեղից լուր չունեինք, ստիպված գնացինք Կարմիր խաչ: Նոյեմբերի 4-ին եկան մեզ ասացին, որ ԴՆԹ հանձնենք: 8 օրից հետո բացասական պատասխան ստացանք, ուրախացանք, ասեցինք՝ մեր որդին չի: Դու մի ասա՝ ոսկորը վառված է եղել, չեն կարողացել նորմալ նմուշ վերցնել: Նորից էին վերցրել անալիզ, 5 օրից հետո արդեն եկավ դրական…»,- պատմում է մայրը:

Պատերազմի առաջին օրը Հրանտը զանգահարել է մորը, ասել է, որ լավ է: Մի քանի օր կապի դուրս չգալուց հետո, նորից զանգել է, ասել, որ իր համար չանհանգստանան:

«Ամսի տասներեքին էլ զանգեց, ոչ իր հեռախոսով, մի կամավորի հեռախոսով: Մամ, մի քանի օր կարող ա չզանգեմ, կապ չկա: Բայց դա իմ տղայի խոսալը չէր: Նրա խոսալը համեմատում եմ իր խոսալու հետ… Նրա սրտում մի բան կար, նա զգում էր… զգացողություն կար նրա մոտ, որ կարող է էլ երբեք չխոսի մոր հետ: Ինքը խոսում էր շատ անտարբեր, դա նրա խոսալը չէր: Հետո իմացա, որ իրենց դիրքեր են տարել այդ պահին, մի քանի ժամ հետո երեխես զոհվել է: Իր հետ եղած կամավորները պատմում են, որ 40 հոգանոց զորքից 10 հոգին վիրավորվել են, 30 հոգին զոհվել»,- պատմում է մայրը:

Պատերազմի մասին իմանալով, հայրը` Մերուժան Թադեւոսյանը գնում է զինկոմիսարիատ, ասում է, որ իրեն որպես կամավոր տանեն Արցախ: Տարիքս են հարցնում, ասում են` չենք կարող քեզ տանել(Մերուժան Թադեւոսյանը 62 տարեկանէ – հեղ.): Դրանից հետո զինվորի հայրը հասնում է Արցախի սահման, փորձում է անցնել սահմանը, սակայն այնտեղ եւս նրան թույլ չեն տալիս դա անել:

«Թեկուզ իմ էրեխուն էլ չգտնեի, գոնե հնարավորության սահմաններում ուրիշ էրեխեքի կյանք կփրկեի, կհաշվեի, որ իմ էրեխու կյանքն եմ փրկում»,- ասում է զոհված զինվորի հայրը եւ ավելացնում,- «Եթե այս պատերազմը չլիներ, եթե մեր պառակտված ղեկավարությունը չլիներ, մենք այսօր մեր էրեխու մոտ կլինեինք: Կերան մեր անմեղ էրեխեքի գլուխները: Իսկ հիմա դուրս են եկել ցույցերի»:

Անի Գևորգյան