«Սահմանադրական դատարանի կողմից կայացրած ակտը պաշտպանական կողմի համար երկար սպասված ակտ էր և մենք գիտենք, որ դեռ 2019 թվականից ՍԴ-ն ձեռնամուխ էր եղել այս ակտի հրապարակման համար բոլոր հիմքերը ստեղծելուն»։ Այս մասին ասաց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
«Ես այն կարծիքին չեմ, որ Դավիթ Գրիգորյանը 7-8 օրվա մեջ գործի հատորներին ծանոթացել է և գտել է, որ այտեղի փաստերն ու հանգամանքները կարող էին հուշել, որ սահմանադրական նորմերն այնքնան անորոշություն ունեն, որ ՀՀ Երկրորդ նախագաը չէր կարող իր վարքը հարմարացնել այդ սահմանադրական նորմերին»,-ասաց ներկայացուցիչը նկատելով, որ Սահմանադրական դատարանի սույն որոշումը կարծես թե նույն փորձաքննության որոշումը լինի, ովքեր փորձել են Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրությունն ընկալելու խնդրի շուրջ եզրահանգումներ անել,-«Որպես փորձագետ էլ օբյեկտիվ չեն եղել և այնպիսի որոշում են կայացրել, որով ըստ էության արձանագրել և մոտավոր հայարարել են, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող, որպես ՀՀ նախագահ՝ Սահմանադրության նորմերն ընկալել և իր հանրորեն վտանգավոր գործողություններով չվտանգել հանրության անվտանգությունը»։
Ըստ Սեդա Սաֆարյանի՝ այն նորմերը որոնցով 301․1 հոդվածը նախատեսվում է այդքան անորոշ չէր, որ Ռոբերտ Քոչարյանը չհասկանար իր գործողությունները։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն այն կարծիքին է քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին վերագրված արարքները լրիվ այլ հատկանիշներ են պարունակում՝ Հայաստանում պետական մարմինների և պաշտոնատար անձանց բնականոն աշխատանքը խաթարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև խմբավորումներ են կազմվել ևս իր անմիջական ղեկավարությամբ․
«Այս տեսանկյունից քրեական գործի մեղադրական եզրակացություններում տեղ գտած ձևակերպումները, որոնք խոսում են նրա և նրա մյուս ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի շրջապատի խմբավորումներ կազմելու և այդ խմբավորումները գործի դնելու՝ Կառավարության շենքի մոտ ամբողջացնելու այդ պատկերները բացարձակապես խոսում են հանցավոր համաձայնությամբ խումբ կազմելու մասին և Քրեկան օրենսգրքի 223 հոդվածը բավարար չափով ապահովված և այս գործողության հանցակազմի տարերի ամբողջականությունն ապահովող նորմ է»,-ասաց նա։։
Այդ տեսանկյունից տուժող կողմն ու մեղադրանքի կողմն ունեն որոշակի տարաձայնություններ և ըստ տուժողների ներկայացուցիչների՝ 301 հոդվածից բացի պետք էր առաջադրվեր նաև Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածը։
Ըստ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի՝ սա սովորական հանցագործություն չէ և Սահմանադրական դատարանի այդ որոշումն այն ձևով են ներկայացնում և մատուցում, որ կարծես, թե վերջ՝ ո՛չ բան ենք տեսել, ո՛չ բան ենք լսել և ո՛չ էլ ականատես ենք եղել․
«Հազարավոր մարդիկ մասնակից են եղել այդ իրադարձությանը՝ բռնության ու խոշտանգումների են ենթարկվել, հանիրավի դատապարտվել են և նույնիսկ հիմա որոշներն արդարացվել են։ Ի՞նչն են ժխտում դրանով։ ՍԴ որոշումից հետո, զրուցում ես տուժողների հետ և տեսնում ես, որ այդ մարդիկ նորից մնացին միայնակ»,-ասաց իրավապաշտպանը։
««Մարտի 1»-ի գործի բացահայտումն առաջին հերթին քաղաքական որոշման արդյունք է և քաղաքական կամքի դրսևորում։ Մենք հիմա տեսնում ենք, որ ՍԴ որոշումից հետո, քաղաքական կողմերի ծպտունները դուրս չի գալիս, ես տպավորություն ունեմ, որ քաղաքական որոշում է կայացվել՝ «Մարտի 1»-ի գործն ավարտել այս վիճակում և չեմ կարծում, որ այս գործը հեռանկար է ունենալու»,-նկատեց Ժաննա Ալեքսանյանը, մանրամասնելով, որ օրինակ ՀԱԿ-ը, որ պատասխանատվություն էր կրում այդ մարդկանց համար և այս մարդիկ ապավինել էին իրենց՝ մի կես բառ գոնե չեն ասել այդ մարդկանց,-«Այս մարդիկ մնացել են միայնակ իրենց ողբերգության հետ»։
«Պատրաստվում ենք բոլոր տուժողներով դիմել Եվրոպական դատարան, պետությունը կհայտնվի սարսափելի վիճակում, ես վստահ եմ դրա մեջ, քանի որ կարձանագրվեն մարդու իրավունքների խախտումների բազում դեպքեր»,-ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, հավելելով, որ Սահմանադրական դատարանը հենց ինքը տապալել է Սահմանդրական կարգը հայաստանում, այս եղանակով։
«Մարտի 1-ի բացահայտումը բացառապես այն չէ ինչ որ այս քրեական գործով բերել ենք։ Դա նաև պետք է պատասխանատվություն տան այն մարդիկ, ովքեր օրենսդրությունը հարմարացրել են Ռոբերտ Քոչարյանի շահերին և չեն մտածել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին»,-ասաց նա։
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով այս հակապետական որոշման համար ուղղակի պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները, քանի որ իրենք են ձևավորել այսօրվա Սահմանադրական դատարանի մեծամասնությունը։
«Դատավորների մեծամասնությունը ոչ թե իրականացնում են արդարադատություն, այլ հիմնականում զբաղված են իրենց շահերի առաջ մղմամբ, և քանի որ նրանք հանցակից են նախկին իշխանությունների հետ, իրենք երկար սպասում էին մի առիթի, այս հարձակումը գործելու ժողովրդի դեմ»։
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝ սահմանադրական կարգը տապալելու մասին:
Բարձր դատարանը եզրահանգել էր, որ 10-15 տարվա ազատազրկում սահմանող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին։ Այս հոդվածները օրենքների համաչափության և որոշակիության սկզբունքների մասին են։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նկատում է՝ չի կարելի ասել, որ ՔՕ 300․1 հոդվածն ամփոփում է ամբողջ Մարտի 1-ի գործը, քանի որ այդ օրերին զոհվել և մարմնական վնասվածքներ են ստացել քաղաքացիներ։ Ղազարյանի խոսքով՝ որոշումը մասամբ կարող է կապ ունենալ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, իսկ հիմնականում կարող է կապ ունենալ Քրեական օրենսգրքի առավել կոնկրետ հոդվածով սահմանված հանցագործության կատարման հետ․
«Չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է, կարելի է ասել դրա մի մասը անհաջողության է մատնված։ Եվրոպական դատարանը ժամանակին ասել է՝ եթե կա հանցադեպը, ապա քրեական գործը երբեք չի կարող կարճվել։ Եթե մենք ունենք զոհված և մարմնական վնասվածքներ ունեցած քաղաքացիներ ապա այդ գործը երբեք չի կարող կարճվել»:
Նշենք, որ Դատախազությունը հայտարարել է, որ դիրքորոշում կհայտնի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: