Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել, սակայն շարունակելու է «աշխատել հանուն հայրենիքի»

146

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հրաժարկան է տվել, երկարաշունչ գրառմամբ հայտարարելով այս մասին Facebook-ի իր էջում: Արշակյանը նաև հայտնել է, որ անընդունելի է  համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը:

«Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը», — մասնավորապես գրել է նախարարը։

Իսկ «կատարվածը» լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնակցությամբ միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մարտի 18-ին նախարար Արշակյանը սրճարաններից մեկում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, հարվածներ է հասցրել նրան և կոտրել է նրա համակարգիչը:  Նախարարին կատաղության էր հասցրել լրագրողի հարցը:

Ըստ Ֆահրադյանի, տեսնելով Արշակյանին սրճարանում, ինքը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում գտնվում:

Համապատասխան տեսանյութը լրագրողի տեսաուղերձով արագորեն տարածվեց  համացանցում, դրա շուրջ աղմուկ բարձրացավ:

Գլխավոր դատախազությունը անմիջապես համացանցում տարածված տեսանյութն ուղարկեց ՀՔԾ, իսկ Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց լրագրողներից իր վարքի համար:

«Նախ ուզում եմ ասել, որ լրագրողներին շատ սիրում եմ:  Գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրողական գործունեության նկատմամբ: Կատարված դեպքի հետ ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից և ներկայումս ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր տեսել են այդ դեպքը, ինչպես նաև լրագրական հանրույթից, և հենց կոնկրետ Փայլակից»,- ասաց Արշակյանը մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Արդյո՞ք Ֆահրադյանը ընդունել է ներողությունը և կդադարի բողոքել: Մեր հարցին լրագրողը պատասխանեց. «Իհարկե, բողոքում եմ։ Ողջունելի է, որ ներողություն է խնդրել, բայց հարցն իրավական հարթությունում է»:

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ սկանդալային միջադեպի վերաբերյալ: Քրեական գործ առայժմ չի հարուցվել: Այս մասին «Forights.am»-ին հայտնեցին ՀՔԾ-ից:

Մինչ օրս Արշակյանի արարքը դատապարտող, խիստ հայտարարություն վարչապետի, կամ իշխանական պատգամավորների կողմից չի հնչել: Հակառակը՝ Արշակյանի թիմակիցները նրան պաշտպանելու փորձեր ձեռնարկեցին:

Դեպքի հաջորդ օրը ԱԺ փոխխոսնակ, «իմքայլական» Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ, միջադեպին անդրադառնալով, փորձեց պաշտպանել ընկերոջը, հայտարարելով. «Պարոն Արշակյանն իմ լավ ընկերն է, շատ պարկեշտ անձնավորություն։ Ես ինքս դատապարտում եմ եւ վստահ եմ՝ ինքը նույնպես ցավագին է տանում այն փաստը, որ չի կարողացել իր նյարդերին տիրապետել»:

Մի քանի օր անց էլ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով  ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմանը, թե նախարարն իր թիմից որևէ մի դատապարտող դիրքորոշման չարժանանացավ, հորդորեց զուգահեռներ չանցկացնել նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ:

«ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը: 

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը «հայրական ապտակ» է որակել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հարձակումը լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:

«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք թավիշը վերջացել է, պրծա’վ ենքան չտեսի պես տարաք վերջացավ։ ժամանակին, որ ասում էինք թավիշը մի խառնեք թուլության հետ չեիք հասկանում։ Հիմա չգիտես ինչու ում մի հատ հայրական ապտակ ես տալիս նեղվում են», — գրել է պաշտոնյան ֆեյսբուքի իր էջում:

Սա առաջին դեպքը չէ, երբ պետական պաշտոնյային ոչ հարիր վարքի դրսևորումները համարժեք արձագանք չեն գտնում ու չեն դատապարտվում իշխանության կողմից: Հակառակը՝ դեռ խրախուսվում են: Սկանդալի կենտրոնում հայտնված պետական պաշտոնյաներն էլ, անգամ եթե առ ժամանակ հեռանում են պաշտոնից, կարճ ժամանակ անց նոր պաշտոններ են ստանում Փաշինյանից: Կստանա արդյոք Արշակյանը նոր պաշտոն, դեռ պարզ չէ, սակայն դատելով նրա ֆեյսբուքյան գրառման վերջին տողից, եզրակացնում ենք, որ հեռանալ պետական ծառայությունից Արշակյանը չի պատրաստվում:

«Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման», — գրել է նա։

 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նույն սխեմայով հրաժարական տվեց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Պատճառը օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպն էր, որի ընթացքում  մարզպետի թիմակիցների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Նրա ընկերները, գործով ականատես վկաները մինչ օրս պնդում են, որ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, իսկ վերջինս հերքում է այս տեղեկությունը: Ինչևէ, Փաշինյանը, խրախուսելով վարկաբեկված նախկին մարզպետին, 2020 թվականի հուլիսին կրկին պաշտոն տվեց նրան, այս անգամ նշանակելով իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար:

2020 թվականի հունիսի 8-ին Փաշինյանը հրաժեշտ տվեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, նրան իր դիմումի համաձայն ազատելով այս պաշտոնից: Դավթյանի հրաժարականի պատճառը պարետատան կանոնների խախտումն է եղել։ «Հրապարակը» տեսանյութ էր հրապարակել, հայտնելով, որ Արտակ Դավթյանի Բագրևանդում գտնվող առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:

Սակայն օրերս վարչապետը ներեց իր երբեմնի թիմակցին և մարտի 22-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին կրկին վերադարձրեց նույն պաշտոնի, երկրորդ անգամ նշանակելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: «Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում, ներգրավենք նրան», — այսպես բացատրեց Փաշինյանը իր քայլը նոր ԳՇ պետին բարձրագույն սպայակազմին ներկայացնելիս:

Չդատապարտվեց նաև ԱԺ «իմքայլական» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը հետպատերազմյան շիկացած մթնոլորտում, նոյեմբերի 28-ին բռունցքներով ու հայհոյանքներով հարձակվեց ԱԺ շենքի  մոտ ձվերով զինված բողոքի ակցիա իրականցնող քաղաքացիների վրա ու ծեծի ենթարկեց նրանցից մեկին և աջ ու ձախ հարվածներ հասցրեց մյուսներին, փողոցային վարք դրսևորելով:

Անցյալ տարի ապրիլին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Մալիբու» այգու մոտակայքում  ներքաշվեց փողոցային քաշքշուկի մեջ, գլխով հարված հասցնելով ընդդիմադիր «Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, որից հետո Սիմոնյանը ճանաչվեց տուժող, իսկ Արթուր Դանիելյանին, որը  հայհոյել էր Սիմոնյանին, մեղադրանք առաջադրվեց «Խուլիգանություն» հոդվածով: Նախաքննության մարմինը պարզեց, որ Ալեն Սիմոնյանը գտնվել է «հոգեկան հուզմունքի վիճակում»: Բնականաբար, նա ոչ մի պատիժ չկրեց:

Պատասխանատվությունից խուսափեց նաև իշխող կուսակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, երբ խորհրդարանում ապտակեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությա  պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Ինչպե՞ս եք գնահատում այն իրողությունը, որ պետական բարձր պաշտոնյաները չեն դատապարտվում իրենց դիրքին ու պաշտոնին ոչ հարիր արարքների համար և ինչ հետևանքներ սա կարող է ունենալ: Forrights.am-ի հարցին պատասխանելով, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը իր հերթին հարց ձևակերպեց, իշխանությանն ուղղված.

«Եթե դուք պետություն, իշխանություն եք ներկայացնում ու  «տղավարի» ռազբորկա անելու, էլ ինչո՞ւ ենք պահում պետական համակարգերը: Եկեք էլ իրավապահ մարմիններին չդիմենք: Ով որ ուժեղ է, թող հարցը լուծի ծեծով, ով որ թույլ է, թող ծեծ ուտի: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան գրառումներում գրում է՝ Աստվածն է մեր դատավորը: Եթե Աստվածն է դատավորը, էլ իրենց ինչու ենք պետության միջոցներով իրենց պահում՝ դատախազություն, դատարան»: Ամենաթողությունը, ըստ իրավապաշտպանի, բերելու է նրան, որ նոր իշխանությունը նմանվելու է նախկին հանցավոր ռեժիմի, որն ամեն պարագայում, անկախ արարքի ծանրությունից, արդարացնում էր յուրայիններին: Նինա Կարապետյանցը հիշեցրեց 2019 թվականի մարտի 4-ին Երևանի Ամիրյան փողոցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամների անցկացրած ակցիան ընդդեմ հայհոյանքի: Նրանց ամիսներ շարունակ հայհոյանքի էր ենթարկում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը: Տղաները փորձեցին «Վետո» խմբի ներկայացուցիչ Նարեկ Մալյանին նետել աղմաբանը, դեպքի մասին տեսագրություն հրապարակելով

««Ռեստարտի» տղաներին դատեցին, թեև նրանք բռնություն չէին իրականացրել, — ասում է իրավապաշտպանը, — այն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության, բայց այսօր նրա թիմակիցներին՝ Ալեն Սիմոնյանին, Սասուն Միքայելյանին, նախարար Արշակյանին կարելի է բռնություն կիրառել, և դա արդարացվում է: Լրագրողը ընդամենը  հարց է տվել նախարարին, թե ինչ է անում  նա սրճարանում աշխատանքային ժամի, և ենթարկվել է բռնության: Սա նորմալ չի: Այսպես լինում  է դեպի դիկտատուրա գնացող երկրներում»:

Սյուզան Սիմոնյան