Այսօր ՀՀ սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո սահմանադրական կարգի տապալման գործով առաջին դատական նիստն էր։
Հիշեցնենք՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։ Պաշտպանական կողմը հայտարարել է, որ ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մեղադրող դատախազներից դիմում է ստացվել նիստը հետաձգելու մասին, քանի որ մեծածավալ միջնորդություն են նախապատրաստում․ դատախազների աթոռը դատարկ էր։
Մեղադրող կողմը խնդրում է հետաձգել սահմանադրական կարգի տապալման գործով նիստը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վրդովվեցին այն հանգամանքից, որ դատավորը, փոխարեն կատարի ՍԴ որոշումը եւ դադարեցնի Քոչարյանի եւ մյուսների հանդեպ քրեական հետապնդումը՝ քննարկում է նիստը դատախազների միջնորդության հիմքով հետաձգելու հարցը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հիշեցնելով, որ ՍԴ որոշումը կայացվել է օրեր առաջ․
«Սակայն այս պահին փաստացի մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որ ՔՕ-ում այլեւս գոյություն չունի։ Դուք փոխարեն քննարկեք մեր միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որն իրականում քննարկելու կարիք էլ չկա, արդեն պետք է դադարեցրած լինեինք, նիստը հետաձգելու հարց եք քննարկում․․․Պատկերացնո՞ւմ եք՝ դուք ինչ ծավալի օրինախախտում եք անում։ Դուք մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որն ուրբաթ օրից էլ չկա»։
Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց վիրավորական արտահայտություններից խուսափել։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ հայտարարեց՝ դատարանի աշխատակազմից ճշտել են, որ դատավորը երեկ մինչեւ ուշ երեկո եղել է աշխատավայրում, ուստի կար բավարար ժամանակ՝ ՍԴ որոշման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնելու համար։
Մեղադրյալներից Արմեն Գեւորգյանը եւս դիմեց դատավորին․
«Ես դեռեւս ՀՀ քաղաքացի եմ, դուք էլ։ Սահմանադրությամբ եւ ունեմ իրավունքներ եւ պարտականություններ, դուք նույնպես։ Իմ ու ձեր տարբերությունը նրանում է, որ դուք կոնկրետ պարտականություններ ունեք նաեւ իմ իրավունքները պաշտպանելու, ուստի խնդրում եմ այդ մասին երբեք չմոռանալ»։
Դատավարաակն կողմերին լսելուց հետո, դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ ստացել է պաշտպանական կողմի դիմումները՝ մեղադրյալների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն քանի որ դատախազները բացակա են՝ դրանք կքննվեն հաջորդ դատական նիստում՝ ապրիլի 2-ին։
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը հայտարարել էր դատաքննության փուլի մեկնարկ, սակայն դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանները լքել են դատական նիստերի դահլիճը՝ բոյկոտելով նիստը, ուստի՝ դատախազները չեն հրապարակել մեղադրական եզրակացությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: