Սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող լինել մարդիկ, որոնք իրենց հարազատներին են կորցրել: Այս մասին Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Համակարգը պետք է ի վերջո պարզի՝ ովքեր են մեղավորներն այդ սպանությունների համար, որովհետև այս մի քանի տարվա ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող լինել անձինք, որոնք իրենց հարազատներին են կորցրել, քանի որ սպանությունների հոդվածն այլ է, սահմանադրական կարգի տապալումը այլ է, առավել ևս, որ այդ հոդվածը ՍԴ-ն հերքեց»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց՝ տվյալ գործի շրջանակում պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, որոնք հրահրել են և որոնք կրակել են:
«Եթե նշում եք՝ չերեմուխայից զոհեր կան, ոստիկանական զորքերը հենց այնպես չէ, որ վերցրին ու խաղաղ բնակչության վրա չերեմուխա կրակեցին, իսկ այդպես չի լինում, բայց տվյալ դեպքում պատասխանատվություն պետք է կրեն նրանք, ովքեր հրահրել են և ովքեր կրակել են»,- նշեց նա:
Օհանյանը նաև ընդգծեց՝ որևէ հրաման չի տվել կրակելու կամ զորք հանելու հետ կապված, և Զինված ուժերը տվյալ ժամանակահատվածում կատարել է իր պարտքը:
«Ես հրաման չեմ տվել՝ ո՛չ կրակելու, ո՛չ զորք հանելու, զինված ուժերը արտակարգ դրության պայմաններում իր առջև դրված խնդիրն է կատարել, ՀՀ-ի կարևոր օբյեկտների պահպանման շրջանակում կայազորային և պահակային ծառայության կանոնագրքի օրենքի համաձայն ենք աշխատել»,- մեկնաբանեց պաշտպանության նախկին նախարարը:
Սեյրան Օհանյանը նաև նշեց՝ այդ անձանց սպանությունները նաև եղել են զանգվածային անկարգությունների հետևանք:
«ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դատապարտվել է, և իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը չի հերքվել, իսկ նա հենց զանգվածային անկարգությունների կազմակերպման համար է դատապարտվել, և այդ հոդվածը մինչև հիմա մնում է իր վրա, իսկ այդ ամենն արդյունք է զանգվածային անկարգությունների»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ այսօր ՍԴ-ի՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո հրավիրվել է «Մարտի 1»-ի գործով նիստ, այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: